Հաֆեզ, «Գազելներ, քառյակներ», չափածո, թարգմանությունը՝ Ժորժ Աբրահամյանի, «Զանգակ» հրատարակչություն, 2024թ.:
Պարսից գրականության գլուխգործոց համարվող Հաֆեզի ստեղծագործությունները, անշուշտ, դարեր շարունակ իրենց անփոխարինելի տեղն են գրավել համաշխարհային գրականության գոհարների շարքում։ Հռչակավոր հեղինակի չափածո երկերում տեղ գտած փիլիսոփայական մտորումները, սիրո, կյանքի, հավատի թեմաներն ու դրանք զարդարող լեզուն ու լեզվաոճական առանձնահատկությունները խորը ազդեցություն են ունեցել պարսից պոեզիայի եւ լեզվամտածողության վրա։
Առածներ, ասացվածքներ, թեւավոր խոսքերից մինչեւ գուշակություններ. Հաֆեզի քառյակներն ու գազելները շարունակում են մնալ Արեւելքի սիրահարների հետաքրքրության ծիրում։ Բանաստեղծը շարունակում է գովերգել սերն ու գինին, կյանքն ու կրոնը, ազատությունն ու անվերջությունը։ Իրանում նրա բանաստեղծություններն անգիր են սովորում, բոլոր ընտանիքներում կարելի է հանդիպել մեծ մտածողի գործերին։
Մինչ այժմ իրանցիները շարունակում են Հաֆեզի գազելներն օգտագործել բախտագուշակություններ կատարելու համար։ Նովրուզի օրերին նրանք սիրում են խորհել որեւէ հարցի շուրջ, պատահական բացել գիրքը եւ ընթերցել Հաֆեզի խոսքերը՝ բանաստեղծությունները, որոնք իրականություն դառնալու շնորհ ունեն։ Իրանցիները Հաֆեզին շնորհել են նաեւ Լեսան օլ-Ղեյբ տիտղոսը՝ հավատացած լինելով, որ մարգարեների պես նա տեղյակ է անհայտ աշխարհի գաղտնիքներին:
Սույն ժողովածուն ներառում է բանաստեղծի 292 գազել եւ 16 քառյակ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։