Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Վերլուծական

Փաշինյանը եւ խաղաղությունը. բառախաղային դեգերումներ

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Նախորդ մի քանի հրապարակումներում «Հայացք»-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ստերին, չիրականացված խոստումներին, բառախաղերին, այլեւայլ ձեռնածություններին՝ հակադարձելով նրա թիմի որդեգրած քաղաքականությանը, ցույց տալով, որ նման արկածախնդրություններով ու ստերով երկիր չեն կառավարի, այլապես օրերից մի օր կամ ստերը կվերջանան, կամ՝ երկիրը: Ցավոք, երկրորդ տարբերակի հավանականությունը մեզանում ավելի մեծ է, քանի որ Փաշինյանի մանիպուլյացիաների շտեմարանը, ինչպես հավաստում է կյանքը, անսպառ է: Նա շարունակում է ասել մեկ բան, բայց անել բոլորովին ուրիշ բան՝ հաճախ ասածի ճիշտ հակառակը:

Շատերը նրա խոսույթի բովանդակությունը հենց այդպես էլ ընկալում են՝ հակառակ իմաստով: Եվ երբեք չեն սխալվում: Ֆեյսբուքյան զվարճախոսներից մեկն այդ առիթով Փաշինյանի խոսքային վարքագիծը չափածո կատակի է վերածել. «Էս մարդու «համեղ»-ը «դառն» է, «տաք»-ը «սառն» է, «խեր»-ը «շառն» է»,- գրել է նա: Բազմիցս նկատված է, որ 2018 թվականի «թավշյա» իշխանազավթումից հետո ՔՊ-ական «ուսապարկերը», իհարկե, ոչ առանց ղեկավարի «իմաստուն» առաջնորդության, մեջտեղ էին հանել հարեւանների հետ խաղաղ համակեցության թեման եւ երկու տարի անհոգնել «խաղաղություն» տարփողելով, ի վերջո, բերեցին 44-օրյա պատերազմ, իսկ «Հաղթելու ենք» համահայկական կարգախոսի ներքո՝ ամոթալի պարտություն:

Սակայն պատերազմի ու պարտության աղետալի դասերը, մարդկային կորուստները Փաշինյանի համար խրատ չեղան՝ բանակը հզորացնելու եւ երկրի անվտանգության համակարգն ամրապնդելու համատեքստում: Պարտված ղեկավարը նախընտրեց, իր կարծիքով, ավելի համընդգրկուն պաշպանական հայեցակարգ՝ Հարավային Կովկասում «Խաղաղության դարաշրջան» բացելու անպտուղ եւ անհեռանկար մի նախագիծ, որը լուրջ շրջանակներում միայն քմծիծաղ կարող էր առաջացնել: Բայց խաղաղության գաղափարը, ըստ երեւույթին, չափից դուրս խորն էր ներթափանցել Փաշինյանի հոգու մեջ, որպեսզի կարողանար հրաժարվել դրանից, քանզի ստեղծված իրադրությունում չհրաժարվելն անբարո էր, եթե չասենք ավելին:

Բանն այն է, որ մինչեւ տարեվերջ ստորագրվելիք «Խաղաղության համաձայնագրի» մյուս կողմը՝ Ադրբեջանը, հետպատերազմյան ողջ շրջանում անդադրում կրակի տակ էր պահում հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, խոչընդոտում դաշտերում եւ այգիներում գյուղատնտեսական գործերով զբաղվող մարդկանց աշխատանքը: Ինչպես երեւում է, ամբարիշտ հարեւանն այնքան էլ խաղաղասիրաբար չէ տրամադրված: Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի տարբերություն հայկական կողմի, կարողացավ պատերազմից հետո անցած ժամանակահատվածն ավելի արդյունավետ օգտագործել՝ արդիականացնելու համար բանակը եւ բարձրացնելու զինանձնակազմի մարտունակությունը:

Այժմ խաղի կանոնները թելադրողը Ադրբեջանն է՝ որպես պատերազմում հաղթած կողմ: Ցավալի է ասել, բայց նա լուծել է իր առջեւ դրված բոլոր մարտական խնդիրները՝ դեռ մի բան էլ ավելի: «Խաղաղության դարաշրջան» բացող Փաշինյանի երեսից Հայաստանը նվաստացվեց, կորցրեց ազգի համար ամենաթանկագինը՝ հազարավոր մեր նահատակված հայորդիներին, նրանց արյամբ սրբացած Արցախը, մեր պատմամշակութային կոթողները, մեր արժանապատվությունը: Հայաստանը զրկվեց եւ դեռ զրկվելու է ռազմավարական իր արժեքներից, Ադրբեջանը ստացավ՝ ինչ ուզում էր եւ դեռ էլի է ստանալու: Օրերս Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանն իր ուզածին հասավ եւ այժմ ոչինչ չի խանգարում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր:

Կարելի է ենթադրել, որ վերջին «ակորդը» հայաթափված Արցախն էր, իսկ 8 անկլավների, ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադարձի հարցերը եւ մյուս պահանջները արտացոլված կլինեն բազմաչարչար «Խաղաղության պայմանագրում», որը Փաշինյանը, թերեւս, կստորագրի՝ հերթական անգամ պետության շահերը ստորադասելով իր աթոռը պահպանելու սեւեռուն նպատակին: Մենք տեսանք, թե ինչպիսի աղետալի հետեւանքների հանգեցրեց այդ անձի խոստացած «դարաշրջանը»: Բայց այդքանով «խաղաղասիրական» նրա դեգերումները չավարտվեցին: Մեկ ամիս առաջ ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ղեկավարը շրջանառության մեջ դրեց մի նոր, «ճռճռան» բառեզր՝ «Խաղաղության խաչմերուկ»:

Եվ չնայած այն համոզմունքին, որ դրանում ո՛չ խաղաղություն է լինելու, ո՛չ էլ խաչմերուկ, Փաշինյանն իր նոր գաղափարը, խնամքով «բրոշյուրավորված», բաժանեց թիմակիցներին՝ իրազեկելով, որ դրանցում արտացոլված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ՔՊ-ի տեսլականը: Հուրախություն յուրայինների՝ նա այնուհետեւ հայտնեց, որ նախատեսված է ձեռնարկը հրապարակել անգլերեն եւ ուղարկել իրենց միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց պատասխանը։ Դա հոկտեմբերի 25-ին էր, իսկ հաջորդ օրը Թբիլիսիում Փաշինյանն արդեն մանրամասն ներկայացնում էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Հետո այդ բառակապակցությունը, որի մեջ ընդամենը «դարաշրջան»-ը փոխարինվել էր «խաչմերուկ»-ով, ՔՊ-ական խմբակը սկսեց տիրաժավորել աշխարհով մեկ. ԱԳ նախարար Միրզոյանը՝ Լոնդոնում, ԱԺ խոսնակ Սիմոնյանը՝ մեկ այլ մայրաքաղաքում, ՀՀ նախագահ Խաչատուրյանը՝ Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ Երեւանում հանդիպման ժամանակ եւ այլն: Թե աշխարհի պետական-քաղաքական գործիչներից, պետությունների ղեկավարներից որ մեկը հավանության արժանացրեց այդ տափակ, ոչինչ չասող նախագիծը, կարելի է դատել զրո արձագանքով: Եթե սխալվում ենք՝ թող մեզ ուղղեն, հաջորդիվ կհայցենք մեր ընթերցողների ներողամտությունը:

Ինչ խոսք՝ մանիպուլացվելու առումով «խաղաղություն» բառեզրը բավական արդյունավետ ու գրավիչ է, տարբեր ժամանակներ այդ եզրույթի հենքին արկածախնդրական ծրագրեր են հյուսել խարդախելու հակումներ ունեցող անհատներ: Անցյալ դարասկզբին բոլշեւիկները հենց խաղաղության դրոշի տակ եկան իշխանության, բայց խաղաղություն չբերեցին: Փոխարենը 1920-30-ականների սերունդները քաղաքացիական պատերազմ վերապրեցին, սով, կուլակաթափություն, ստալինյան բռնաճնշումներ, ապա նորից պատերազմ՝ այս անգամ համաշխարհային: Բոլշեւիկների բերած «խաղաղության» տակ փաստացի աղետ էր թաքնված, որը միայն տառապանքներ պատճառեց մարդկանց: Փաշինյանական «խաղաղությունն» այդ նույն շարքից է:

Ըստ փորձագիտական որոշ կարծիքների՝ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանն աշխարհաքաղաքական կենտրոնների ու տարածաշրջանային տերությունների միջեւ առեւտրի, բախման ու քաշքշուկի առարկա դարձնելու մասին է, ինչը չի կարելի թույլ տալ։ Անկեղծ ասած՝ «խաչմերուկ» բառը տվյալ համատեքստում մի տեսակ խրտնեցնող է՝ ոմանց կարող է դուր չգալ: Դա երկու ճանապարհների խաչաձեւ հատման տեղն է՝ սովորաբար ամենից աղմկոտն ու վթարավտանգը. չորս կողմից մտնող վարորդների միջեւ հաճախակի են վեճ ու կռիվներ ծագում, թե ով առաջինը պիտի անցնի կամ ով խախտեց երթեւեկության կանոնը: Մի խոսքով՝ իսկական «շուխուրանոց»: Իսկ միգուցե հենց այդ խորհո՞ւրդն ունի «Խաղաղության խաչմերուկը»:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: