Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների անխուսափելի սրման հեռանկարը գիտակցելով՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրները բախվում են ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված միջազգային լաբիրինթոսում իրենց տեղը սահմանելու հրամայականին։ Բոլորը զգում են, որ «անվտանգ ապաստարանում» նստելն անհնար է։ Խնդիրն այն է, որ ներկայիս խառնաշփոթը բերած ԱՄՆ-Իսրայել դաշինքը խիստ հակասական է։ Անգամ նրանք, ովքեր հավատում են այն առասպելին, թե պատերազմի էությունը ժողովրդավարության պաշտպանությունն է իրանցի մոլլաների ամբողջատիրությունից (տոտալիտարիզմ), ի վիճակի չեն գնահատել Իսրայելի տեղը նման պատերազմում, քանզի ակներեւ է, որ Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը չի կարող արդարացվել ժողովրդավարության եւ խաղաղության համար պայքարով։
Սա է պատճառը, որ գրեթե բոլոր երկրներում ծայրահեղ հակասական դիրքորոշումներ են առաջացել։ Արաբական ծոցի որոշ երկրներ կորցրել են հավատը ԱՄՆ անվտանգության երաշխիքների նկատմամբ եւ մտածում են՝ ինչպես ընդհանուր լեզու գտնել Իրանի հետ։ Մյուսները՝ ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան, հակված են աջակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Տարածաշրջանում գտնվողները, որոնք դեռեւս չեն տուժել պատերազմից, միամտորեն հույս ունեն, որ նրանք «կանցնեն կողքով»։
Այնուամենայնիվ, աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում, որ ներկայիս պատերազմը, ինչպես Ուկրաինայում շարունակվող պատերազմը, քիչ կապ ունի «ժողովրդավարության համար պայքարի» հետ։ Նմանապես՝ ԱՄՆ քաղաքականության գնահատականները դառնում են ավելի ողջամիտ։ 20-րդ դարում Միացյալ Նահանգները՝ հասնելով համաշխարհային գերիշխանության, ինքնիշխան երկրների եւ միջազգային համակարգի կառուցողն ու պաշտպանն էր։ Հենց նրանք կարողացան ամբողջ աշխարհին պարտադրել հավաքական անվտանգության եւ համաձայնեցված միջազգային կանոնների վրա հիմնված խաղաղ համակեցության գաղափարը։ Այդ ժամանակ բոլորը հետեւում էին այդ կանոններին։ Նույնիսկ Ռուսաստանի եւ Չինաստանի նման ավտորիտար երկրները չէին համարձակվում դուրս գալ իրենց խորշերից։
Համաշխարհային տնտեսական բումը եւ տեխնոլոգիական առաջընթացը ազգերի «կանոնավորված համակեցության» արդյունքն էին, որը հաստատվեց այդ ժամանակ։ Սակայն 1980-ականների կեսերից սկսած Միացյալ Նահանգների կողմից ստեղծված աշխարհը սկսեց առաջ շարժվել՝ անտեսելով գերիշխանի առաջատար դերը։ Գործող կանոնները թույլ տվեցին շատերին, այդ թվում՝ ԱՄՆ-ի գաղափարախոսական հակառակորդներին, գործել այնպես, ինչպես իրենք էին ցանկանում, եւ հասնել մեծ հաջողությունների։ Պատահական չէ, որ 1945-ից հետո հաստատված աշխարհակարգը սկսեց կորցնել իմաստը իր իսկ ստեղծողի համար։ Դրա գաղափարական առասպելը նույնպես կորցրեց իր իմաստը։ Անհրաժեշտ էր վերաձեւակերպել այս աշխարհակարգի կառուցվածքը՝ մինչեւ դրա սկզբունքները։
Այժմ բոլորը լավ հասկանում են սա, բայց չեն հասկանում, թե ինչպես վարվել այս նոր իրավիճակում։ Նախկին հենակետերը՝ կապիտալիզմը, ժողովրդավարությունը, կոմունիզմը, ամբողջատիրությունը, կորցրել են իրենց մոբիլիզացնող ազդեցությունը։ Ավարտվել են նաեւ բարեկամության, եղբայրության եւ հարեւանության մասին դեմագոգիայի ժամանակները։ Մնում է միայն «սեփական ճանապարհը շոշափել»՝ առաջնորդվելով ազգային շահերով եւ կոպիտ ուժով։ Բայց ոչ բոլորն ունեն այս շնորհը։ Անցյալ կյանքի տասնամյակների ընթացքում շատ ժողովուրդներ եւ երկրներ կորցրել են նոր պայմաններում կողմնորոշվելու ունակությունը։
Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների շուրջ, դրա կատարյալ օրինակն է։ Ակնհայտ է, որ ինչպես ցանկացած թուլացող կայսրություն, Միացյալ Նահանգները, կամա թե ակամա, ոչնչացնում է իր ստեղծած աշխարհը։ Քչերն են նույնիսկ հասկանում տեղի ունեցողի էությունը։ Բայց ընտրություն պետք է կատարվի։ Հայաստանի կողմից՝ նույնպես։ Բայց ինչպե՞ս։ Իրանի նկատմամբ վերաբերմունքն ինքնին հասկանալի է՝ Հայաստանն այստեղ այլընտրանք չունի։ Այս ռազմավարական կարեւոր երկիրը դարձել է աշխարհի շարունակական վերաբաժանման գլխավոր գործոնը։ Դրա հետ խաղալ չարժե։
Ավելին՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը՝ բոլորին պատերազմ պարտադրելով, կտրուկ բացասական վերաբերմունք ունեն Հայաստանի հարեւան Վրաստանի նկատմամբ։ Այս երկիրը Եվրոպան Ասիայի հետ կապող ռազմավարական միջանցք է։ Շատերը կպայքարեն դրա նկատմամբ վերահսկողության համար։ Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մեծ հույսեր են կապում Ադրբեջանի հետ «ահաբեկչության դեմ պայքարում» եւ այլ ոլորտներում։ Այլ կերպ ասած՝ որպես դաշնակից Իրանի դեմ պայքարում։ Ադրբեջանը եւ՛ եռանդուն է, եւ՛ դժկամ՝ դեռեւս պոչ է խաղացնում, բայց ներքուստ գոհ է նման գովեստի համար։ Հայաստանի մեկ այլ հարեւան՝ Թուրքիան, ամեն կերպ փորձում է պաշտպանվել «այրվող կաթսայի» մեջ մտնելուց՝ նույնիսկ վիճաբանելով այս հարցի շուրջ իր «եղբոր»՝ Ադրբեջանի հետ։
Եվրոպական երկրները դեռեւս բաժանված են Իրանի հետ պատերազմի հարցում։ Իսկ Չինաստանը դեռեւս այնքան հեռու է... Ուկրաինայի հետ պատերազմի մեջ խրված Ռուսաստանը չի թաքցնում իր ուրախությունը, որ Իրանում պատերազմը սկսում է նոր պայմաններ ստեղծել իր կորցրած համաշխարհային նշանակությունը վերականգնելու համար։ Ամեն դեպքում Ռուսաստանի հակվածությունը՝ քննարկելու ներկայիս իրավիճակի բազմաթիվ ասպեկտներ Միացյալ Նահանգների հետ, ոչ մի կերպ չի թուլանում: Ըստ երեւույթին՝ Նահանգները եւս առանձնապես չի ամաչում Ռուսաստանի հետ նման հարաբերություններից: Ռուսաստանի հետ գործարքների արժեքը սեփական քաղաքականության համար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Բնականաբար՝ Ռուսաստանը հույս ունի, որ մի օր կկարողանա վերականգնել իր ազդեցությունը գոնե հետխորհրդային տարածքում։
Որտե՞ղ պետք է լինի ՀՀ-ն, եթե երկրների միջեւ ձեւավորվող հարաբերությունները, ի վերջո, հանգեցնեն կայուն հակադիր կոալիցիաների: Ո՞ւմ հետ պետք է կապի խաղաղության հույսերը, եւ որտե՞ղ պետք է փնտրի նման խաղաղության ռեսուրսներ համաշխարհային պատերազմների համատեքստում: Սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Նույնիսկ եթե որեւէ բան ձեռք բերելու ցանկություն չունենա:
Մանվել Սարգսյան

