Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Վերլուծական

Ճանաչված եւ չճանաչված պետություններ. աշխարհակարգի խոցերը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Երբ ԶԼՄ-ները եւ սոցցանցերը տեղեկատվություն տարածեցին ողջ աշխարհով մեկ, թե տնային հագուստով ու կոշիկներով, թեթեւակի զինված ինչ-որ մարդիկ գրավել են իսրայելական ռազմահենակետերը, տեխնիկան եւ բնակավայրերը՝ շատերն անհանգստացան։ Այս տեղեկությունները չափից դուրս չէին համապատասխանում պետությունների հզորության եւ տարբեր կարգի ապստամբների գործողությունների մասին ավանդական պատկերացումներին: Լավ է, որ իսրայելցի որոշ նախկին զինվորականներ հանդես եկան՝ բացատրելով աշխարհին, որ առանց Իսրայելի ներսից որեւէ մեկի օգնության, ոչ ոք չէր կարող մուտք գործել նրա տարածք:

«Սառը պատերազմի» ժամանակաշրջանի (1945-1985) աշխարհակարգի միջազգային հարաբերությունների մասին պատկերացումներով մեծացած՝ մարդկանց սերունդները, շարունակում են այդ կարգն ընկալել որպես բացարձակ անփոփոխություն, որի դեմ ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել։ Տարածքային անձեռնմխելիության սկզբունքը նրանց համար դոգմա է, եւ այդ սկզբունքի բոլոր խախտումները, որոնք տեղի են ունենում ներկա ժամանակաշրջանում, գնահատվում են իբրեւ խստագույն պատժիչ գործողությունների արժանի ոտնձգություններ:

Բայց վերջին տասնամյակների իրողությունները եւ փորձագետների կողմից դրանց գնահատականները վկայում են, որ աշխարհակարգի գոյություն ունեցող սկզբունքները հետզհետե կորցնում են իրենց ուժը։ Ազգային պետությունների անհոգ կենսագործունեությունը, որը հիմնված է սահմանների անձեռնմխելիության սկզբունքի եւ միջազգային հարաբերություններում որոշումներ կայացնելու՝ ճանաչված իրավունքի վրա, ընդհատումներ է տալիս։ Չճանաչված սուբյեկտների՝ ճանաչվածների հետ հավասար հիմունքներով որոշումներ կայացնելու իրենց իրավունքների ճանաչման պահանջները գնալով ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել միջազգային հարաբերություններում:

Նկատելի է, որ սա շատերին դուր չի գալիս։ Հին կարգի պահպանման կողմնակից պետություններն ու միջազգային կազմակերպությունները ամեն կերպ փորձում են մարել միջազգային հարաբերություններում իրավունքների վերանայման նշված միտումները։ Չճանաչվածներին ավելի ու ավելի հաճախ են բնութագրում որպես ահաբեկիչներ եւ նրանց նկատմամբ դաժան դատաստան են տեսնում: Կա համոզմունք, որ կիրառվող մոտեցումը գործունակ է եւ ի վիճակի է պահպանել գոյություն ունեցող աշխարհակարգը։

Սակայն ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ աշխարհակարգի վրա հարձակումների պատճառը ոչ այնքան չճանաչված սուբյեկտներն են, որքան ճանաչված սուբյեկտների միջեւ խորացող հակասությունները: Պարզապես՝ ճանաչված ազգային պետություններն իրենց միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը պահպանելու նպատակով դիմում են չճանաչված պետությունների «օգնությանը»: Միջազգային հարաբերություններում դեռ կընդլայնվի «հիբրիդային» երեւույթներ հասկացությունը (չճանաչվածների հետ ճանաչված սուբյեկտների խառնուրդը)։ Ուրեմն աշխարհում ի հայտ են եկել գործոններ, որոնք սասանում են ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված ազգային պետությունների կայուն գործունեության հիմքերը։ Այլեւս հնարավոր չէ պահպանել այդ հիմքերը բացառապես օրինականացված միջոցների զինանոցով։

Այլ կերպ չէր կարող լինել։ Տեխնոլոգիական ճնշումը եւ, առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջ են բերել աշխարհում մարդկանց իրավունքների բաշխման սկզբունքների հանդեպ վերաբերմունքի վերանայման անհրաժեշտություն։ Նախեւառաջ՝ կասկածահարույց է միջազգային հարաբերություններում որոշումներ կայացնելու իրավունքի որոշման գոյություն ունեցող սկզբունքը: Այդ իրավունքը յուրացրած ազգային պետությունները կանգնեցին նման իրավունքից զրկված այլ սուբյեկտների գրոհների դեմհանդիման: Եվ էական չէ՝ այդ սուբյեկտները ժողովուրդների ինքնավար միավորումներ են, թե միջազգային կորպորացիաներ։ Այլեւս ոչ ոք չի ուզում ապրել ուրիշների թելադրանքով։

Սակայն իրավունքների բաշխման սկզբունքը փոխելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ։ Ինչպես երեւում է վերջին տասնամյակների իրադարձություններից, համաշխարհային առաջատար տերությունները հույս ունեն խեղդել կամ, պարզապես, վերացնել այն սուբյեկտներին, որոնք համաձայն չեն աշխարհակարգի հնացած սկզբունքներին: Բայց ավելի միամիտ մոտեցում չի կարող լինել։ Հաշվի չի առնվում հանգամանքը, որ որոշումներ կայացնելու ճանաչված իրավունքով օժտված մյուս ազգային պետություններն ու միջազգային կազմակերպությունները ճնշման այդպիսի պրակտիկայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեն:

Ուրեմն՝ ճնշելու ռազմավարությունը կփոխարկվի բումերանգի. միայն ճանաչվածները կխրախուսեն չճանաչվածների մղումներն ընդդեմ միջազգայնորեն ճանաչված իրենց հակառակորդների։

Այսինքն՝ երեք հարյուր տարի առաջ մշակված եւ ընդունված աշխարհակարգի սկզբունքները կորցրել են միջազգային հարաբերությունների կայունությունը պահպանելու իրենց կարողությունը։ Նոր սկզբունքներ են պետք աշխարհում որոշումներ կայացնելու իրավունքների հաստատման համար։

Միջազգայնորեն ճանաչված ազգային պետություններն ու միջազգային կազմակերպությունները կորցնում են որոշումներ կայացնելու մենաշնորհային իրավունքը: Նրանց կողմից այդ հանգամանքի գիտակցումն առայժմ մեծացնում է այդ սուբյեկտների հարձակողականությունը եւ իրենց իրավունքներն այլոց հաշվին պահպանելու ցանկությունը։ Սակայն սա հենց այդ պետությունների փլուզման ճանապարհն է։ Ամեն ոք, ով ցանկանում է պահպանել գոյության հնացած ձեւերը, կորցնում է իրեն։ Սա է համապարփակ փոփոխությունների ժամանակաշրջանների տրամաբանությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիան բոլորին համոզում էր, որ Չեխոսլովակիան ստեղծվել է ապօրինի, ինչը պատերազմի արդյունքում ավարտվեց Գերմանիայի ջախջախմամբ ու մասնատմամբ եւ Չեխոսլովակիայի վերականգնմամբ: Նմանօրինակ ճակատագիր վիճակվեց Հարավսլավիային։ Հերթում մնացածներն են:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: