Ուրբաթ, Հունիսի 14, 2024

Վերլուծական

Նոր աշխարհակարգի եւ համընդհանուր փոփոխությունների սպասումներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, կարծես թե, սկսել են այլափոխվել ֆաշիզմի: Մինչ մարդիկ կհասցնեին ուշքի գալ ցնցակաթվածից՝ տեսնելով սեփական հայրենիքից արցախցիների բռնի տեղահանման աննախադեպ լկտի գործողությունը, բոլորի հայացքի դեմ վեր հառնեցին Գազայից պաղեստինցիների վտարման հերթական տեսարանները: Աշխարհը սարսռաց՝ գիտակցելով, որ ժամանակակից կյանքում ցանկացած ժողովուրդ կարող է ակնթարթորեն հայտնվել անզորության վիճակում՝ առանց այլոց կողմից պաշտպանության հույսեր փայփայելու: Միջազգային հաստատություններն ավելի ու ավելի են դրսեւորում իրենց տկարությունը, իսկ ազգային պետություններն՝ իրենց եսասասիրությունը:

Միջազգային հարաբերությունների նմանատիպ միտումների մասին խոսվում էր դեռեւս 1980-ականներից։ Ներկայումս ոչ ոք չի էլ թաքցնում, որ աշխարհում սպառնալիք է առաջացել՝ ուղղված ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային կարգին եւ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, մարդու համապարփակ իրավունքների վերաբերյալ նրա առանցքային սկզբունքներին։

Այդ սկզբունքների վրա կառուցված աշխարհակարգին մարդկությունը գնացել է 1648 թվականի Վեստֆալյան խաղաղության ժամանակներից ի վեր երեք հարյուր տարի: Մինչ այդ, Եվրոպայում երեսնամյա կոտորածներ պահանջվեցվեցին, որպեսզի մարդիկ գան եզրակացության, որ միջազգային հարաբերությունների սկզբունքների վերաբերյալ համապարփակ պայմանագրերին այլընտրանք չկա: Եվ նրանք համաձայնեցին, որ պետք է հարգել միմյանց ինքնիշխանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, նույնիսկ ճանաչեցին ինքնիշխանությունը պաշտպանելու համար ուժ կիրառելու իրավունքը։ Միջազգային հարաբերությունների արդար կառուցվածքի այլ տեսլական չկար, եւ ահա թե ինչի վրա սկսեցին կառուցել միջազգային կարգը։ Դրա վերջին նմուշը կառուցվել էր 1945 թվականից հետո:

Իսկ հիմա համաշխարհային գերիշխանության առաջնորդ Ջո Բայդենը հայտարարում է, որ մարդկությունը «նոր աշխարհակարգի» կարիք ունի՝ փոխարինելու վերջին 50 տարում գոյություն ունեցողին։ Նրա խոսքով՝ «հետպատերազմյան ժամանակաշրջանում մենք ապրել ենք 50 տարի, եւ ամեն ինչ չափազանց լավ էր գործում, բայց ուժասպառ եղավ: Մեզ նոր աշխարհակարգ է հարկավոր»։ Ընդ որում, նա պարզաբանեց, որ «մենք պատմության շրջադարձային պահն ենք ապրում, ինչը նշանակում է, որ առաջիկա 4 կամ 5 տարիներին մեր ընդունած որոշումներն են ուղենշելու հաջորդ չորս կամ հինգ տասնամյակը… նոր աշխարհակարգ կլինի, եւ մենք պետք է առաջնորդենք այն: Եվ մենք պետք է դա անելու համար միավորենք մնացյալ ազատ աշխարհը»:

Բայց ինչպե՞ս: Հետեւելով վերջին երեսուն տարվա իրադարձություններին՝ ակամայից ուզում ես հարցնել՝ իսկ ի՞նչ անեն մարդիկ այս չորս-հինգ տարվա ընթացքում։ Ինչպե՞ս է կառուցվելու այդ ազատ աշխարհը՝ մի՞թե ժողովուրդների վերաբնակեցման ու ոչնչացման, պետությունների վերաձեւման ու ինքնալուծարման միջոցով։ Կարծես թե դա նույնպես չի բացառվում։ Չէ՞ որ ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները ոչ միայն կորցնում են իրենց կայունացնող ուժը, այլեւ վերածվում են մի ողջ ժողովրդի բնաջնջման մեխանիզմի։

Թվում է՝ ժամանակի ընթացքում մարդկությունը հասկացավ, որ չի կարող լինել ինքնիշխանություն անխախտ սահմաններով՝ առանց բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի։ Ի վերջո, շատ ժողովուրդներ ցանկություն են հայտնում ապրել մեկ երկրում՝ բոլորի համար հավասար իրավունքների ներքո։ Թերեւս ինչ-որ մեկն այդպես էր ենթադրել, բայց «ազգային շահեր» կատեգորիային միջազգային հարաբերություններում ամենաբարձր սրբության կարգավիճակ տալը ինքնիշխան իրավունքներ չունեցող ժողովուրդներին թողեց բախտի ողորմածությանը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել. անփոփոխ սահմաններով ինքնիշխան պետությունների կայուն գոյությունը հնարավոր է միայն կայուն միջազգային կարգի առկայության դեպքում։ Այս կարգի ցանկացած խախտում փոխում է մոլորակի քաղաքական քարտեզը։ Իսկ ժամանակակից աշխարհում առաջիկա փոփոխությունները չափազանց արմատական են թվում։ Արդեն ակնհայտ է, որ ոչ ոք ընտրություն չի կատարելու ուրիշների հաշվին իր իրավունքները պաշտպանելու միջոցներում։ Ի վերջո, յուրաքանչյուր ուժ լավ է հասկանում, որ անցումը նոր աշխարհին չի հաջողվի հնի «կոսմետիկ վերանորոգման» միջոցով։ Ներկայիս գործընթացներում բոլորն արդեն տեսնում են «ծանր վիրահատության» անհրաժեշտությունը՝ առանց գերզգայունության։

Ռուսները, ասենք, սա ընկալեցին որպես Արեւմուտքի վերադարձ «սառը պատերազմի սխեմաներին», որը միայն հիմա հիմնված է աշխարհը «ժողովրդավարության եւ ինքնավարության» (կապիտալիզմի եւ կոմունիզմի փոխարեն) բաժանելու գաղափարախոսության վրա: Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը տեսնում է «համակարգային առճակատման» եւ «քաղաքակրթությունների առճակատման» ախտանիշները։

Բայց, ինչպես միշտ, ամենադժվարը փոքր, չկայացած երկրների համար է։ Ոչ ոք չի մոռացել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Չեխոսլովակիայի եւ Լեհաստանի ճակատագիրը։ Այսօր դա վերաբերում է նաեւ Հայաստանին։ Արդեն իսկ կորցնելով իր հայրենիքի մի մասը՝ Արցախը, երկիրը պետք է արմատապես վերանայի անվտանգության իր տեսլականը համընդհանուր փոփոխությունների ժամանակաշրջանում։

Հայ քաղաքական գործիչները, որոնք արդեն մեկ դար հույս ունեն ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ապավինելով հարեւանների ու հովանավորների բարի կամքին, վերջապես պետք է աշխարհին այլ տեսանկյունից նայեն։ Քաղաքական աշխարհում բարի կամքի հույս ունեն միայն ձախողված ժողովուրդները: Աշխարհում կան միայն կանոններ կայուն ժամանակահատվածների եւ կանոններ գլոբալ փոփոխությունների ժամանակահատվածների համար:

Ուզես, թե չուզես՝ այլ ճանապարհ չկա։ Այս կանոնները ցույց են տալիս, որ անվտանգությունն ապահովվում է ուժերի հարաբերակցության հիման վրա։ Ըստ այդմ՝ պետք է լավ հասկանալ՝ ինչ է ուժը քաղաքականության մեջ։ Հայ քաղաքական գործիչները ուժի գործոնի դերը երբեք չեն հասկացել։ Եվ դա է գլխավոր պատճառը, որ ժամանակ առ ժամանակ հայ ժողովուրդն «անկում» է ապրում: Ինչպես՝ հիմա:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: