Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Ասում է՝ թշնամին ամեն պահի կարող է հասնել Երեւան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Լուրը, որ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, շշմեցուցիչ էր բոլոր նրանց համար, ովքեր այդ օրն ուղիղ եթերում հետեւում էին բանախոսի չորսուկես ժամ տեւած վայրիվերո դատողություններին: Նա բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանը պատրաստվում է Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտում իրականացնել՝ չբացառելով նաեւ ՀՀ-ի դեմ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունը: Փաշինյանը նորից պնդեց, որ Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, իսկ Հայաստանի խոցելիության թեման արագ փակեց՝ ընդամենը նշելով, որ մեր անվտանգությունը կարող է երաշխավորել միայն խաղաղությունը, Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ խաղաղ համակեցությունը:

Մենք, ըստ նրա, պատշաճ անվտանգային համակարգ չունենալու բերումով ի զորու չենք դիմակայել Բաքվից պարբերաբար հնչող պատերազմական սպառնալիքներին, որոնք մեզ զիջումներ են պարտադրում: «Բաքվի պահանջներին համաձայն չենք, բայց պետք է ընդունենք»,- իր անզորությունը եւս մեկ անգամ խոստովանեց Փաշինյանը՝ ներկայացնելով այդ պահանջները: Դրանք են՝ պատմական իրավունք հայկական տարածքների նկատմամբ, բանակի կազմալուծում, հայոց պետականության վերացում եւ այլն: Թերեւս սրանից ավելի պարզ հնարավոր չէ հասկացնել, որ ժողովուրդ ջան, բոլորիս կյանքը վտանգված է, պետությունն անկարող է երաշխավորել իր քաղաքացիների անվտանգությունը, գլխներիդ ճարը տեսեք՝ ով ինչպես կարող է:

Դժվար է աշխարհում գտնել որեւէ՝ թեկուզ աննշան պետություն, որի ղեկավարի խոսույթում հանդիպեն այսպիսի ձեւակերպումներ ու շեշտադրումներ: Իրավիճակի նկարագրությանը որոշակի սրություն կամ երանգ հաղորդելու համար այսպես կարող են խոսել լրագրողները, վերլուծաբանները, հրապարակախոսները, բայց ոչ երբեք՝ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, առավել եւս՝ առաջին դեմքերը: Փաշինյանի դեպքը յուրահատուկ է. նա մի կողմից ասում է՝ մեր անվտանգության երաշխիքը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, վայրկյաններ անց հայտարարում, թե իսկ «Ադրբեջանի ինչի՞ն է պետք խաղաղությունը, ինքը ռազմական գերակայություն ունի, մտածում է՝ ի՞նչ կա բանակցելու, ինչ ասում ենք, պետք է ստորագրեք եւ ընդունեք»:

Դե արի բան հասկացիր այս ցանուցիր, հակասական մտավարժանքից: Փաստորեն՝ լավ հասկանալով, որ առկա իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր չէ, ինչի մասին արդեն երկու տարի խոսում է փորձագիտական հանրությունը, այս մարդը շարունակում է կպած մնալ խաղաղության դարաշրջան բացելու դոնքիշոտության իր թեզին: Համեմատության համար դիտարկենք Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որն ուշադրություն չդարձնելով ՀՀ ինքնիշխան տարածքի անօրինական բռնազավթման եւ Արցախի շրջափակման առնչությամբ տարբեր երկրների ու միջազգային ատյանների հայտարարություններին ու զգուշացումներին, շարունակում է սպառնալ ու վերջնագրեր ներկայացնել Հայաստանին: Այս անգամ՝ բուն Արցախից:

Մարտի 18-ին «Նովրուզ բայրամի» տոնի առթիվ Արցախի՝ բռնազավթված Թալիշ գյուղից դիմելով ադրբեջանցի ժողովրդին, նա ասել է. «Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ… Իսկ Հայաստանը՝ որպեսզի հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքի վրա (800-ը կուլ է տալիս), մի տարբերակ ունի. պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները»։ Ալիեւը չի մոռացել նաեւ արհամարհական արտահայտություններ թույլ տալ հայերի, նրանց «նոր տերերի» ու «հովանավորների» հասցեին, որոնցից, ըստ նրա, ոչ մի օգուտ չի լինելու։

Համեմատելու ոչ մի եզր. մեկը հոշոտելու պատրաստ գայլ, մյուսը՝ վախվորած նապաստակ: Եվ հասկանալի է դառնում, որ «վախը սրտում» այդ անձը որեւէ պատասխանատվություն չի կարող ստանձնել, քանզի ինքը պարտվող տեսակ է, եւ վախը նրա՝ պարտվողականության բնույթից է գալիս: Հիշենք 2020թ. սեպտեմբերի 27-ի պատերազմի օրվա նրա ելույթը ԱԺ-ում. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Է, մի՛ ճանաչիր, հետո՞… դրանից ի՞նչ է փոխվելու: Նման դատողությունը մարդու խաթարված հոգեբանության արգասիք է: Սա երկու բանի մասին է հուշում՝ ա/ գործ ունենք անառողջ դատողության հետ, եւ բ/ դիմացինի մեջ պարտվողական վարքագիծ ներարկելու, պայքարի ոգին կոտրելու դիտավորություն:

Առհասարակ՝ Փաշինյանի արտահայտած գրեթե ցանկացած միտք կրավորականության, լղոզվածության եւ անպատասխանատվության տարրեր է պարունակում: Ասուլիսում նա անդրադարձավ Արցախի անվտանգության խնդրին եւ, ինչպես բազում անգամներ, շեշտեց, որ այդ խնդիրը Ռուսաստանի Դաշնության հանձնառության տիրույթում է: Մարտի 16-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքեց Փաշինյանի այդ դիրքորոշմանը՝ ասելով, որ Ռուսաստանի պարտավորություններն ամրագրված են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, եւ բավական է միայն նայել փաստաթղթին` հասկանալու համար, թե ով ինչ պարտավորություն ունի:

Զախարովայի խոսքով` Փաշինյանի հայտարարությանն իրենք նայում են որպես նույն գծի շարունակություն, որը որդեգրվել էր Պրահայում: «Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն բան՝ թույլ չտալու էսկալացիա եւ տեղում կայունացնելու իրավիճակը: Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանը ՌԴ-ից ավելին է պահանջում, քան թույլ է տալիս ռուս խաղաղապահներին վերապահվող իրավասությունը:

Ասուլիսում հնչած հարցին, թե էսկալացիայի դեպքում ՀՀ-ն արդյո՞ք ապահովելու է ԼՂՀ-ի անվտանգությունը, բանախոսը պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքը հենց այդ պատճառով է ստորագրել՝ ընկալելով, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, «հետեւաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը կերաշխավորի ԼՂ անվտանգությունը»: Եվ այդ համակարգը, նրա խելքով, ռուսական խաղաղապահ զորակազմն է, որի մանդատն Ադրբեջանը ցայսօր չի էլ ստորագրել: Խաղաղապահ առաքելությունները որեւէ երկրում ռազմական բախումների չեն միջամտել, նրանց լիազորություններն այդ առումով սահմանափակ են:

Փաշինյանն, անշուշտ, այդ մասին լավ գիտի, ինչպես նաեւ քաջատեղյակ է, որ Արցախի անվտանգության երաշխավորը, ըստ Սահմանադրության եւ ՀՀ անկախության հռչակագրի, Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս գործող իշխանության: Անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականությունից հրաժարվելը համարվում է Մայր օրենքի խախտում, որի համար տվյալ ժամանակահատվածի բարձրագույն իշխանության պաշտոնատար անձինք ենթակա են պատասխանատվության: Նկատենք, որ երաշխավորի իր գործառույթներից Հայաստանը, ըստ էության, իրականացնում է միայն մեկը՝ Արցախին տնտեսական օժանդակության ցուցաբերումը: Անվտանգության հարցը Հայաստանի կողմից բարձիթողի է մատնված:

Ավելին՝ բարձիթողի է մատնված նաեւ բուն Հայաստանի անվտանգությունը: Իր ասուլիսի ժամանակ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ առաջնագիծը կահավորված չէ, եւ մխիթարեց հանրությանը, թե պատճառը ֆինանսական չէ, այլ «կազմակերպչական է, ինժեներական»։ Կարծես թե նման լուրից մենք պետք է մեզ երջանիկ զգանք: Մինչդեռ լուրջ պարզաբանում պահանջող հարցը հետեւյալն է՝ իսկ անցած հետպատերազմյան մոտ երկուսուկես տարում ի՞նչ է արվել առհասարակ բանակի համար՝ մասնավորապես առաջնագծերի կահավորման առումով։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ անհրաժեշտ թվով զինվորական ինժեներներ ունենալու դեպքում սահմանի կահավորումն անլուծելի խնդիր չէ, ուղղակի լուծող է պետք։

Անտարակույս՝ ցանկացած մեծ ու փոքր խնդիր լուծելու համար պետք է նախեւառաջ այդպիսի նպատակ ունենալ: Ունե՞ն արդյոք գործող իշխանությունները մեր ջլատված բանակն «ուշքի բերելու», Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու նպատակ: Հազիվ թե: Որովհետեւ նման նպատակ ունեցող իշխանությունը վերջին երկու տարում գոնե երկու զորավարժություն կանցկացներ, մանավանդ որ, եղել է այդպիսի հնարավորություն՝ մեկ անգամ հարեւան Իրանն էր համատեղ զորավարժանքի առաջարկ արել, մեկ անգամ էլ՝ ՀԱՊԿ-ը, սակայն մեր կամազուրկ, վախկոտ իշխանությունները հրաժարվել էին, քանի որ իրենք կռիվ չեն ուզում, ուզում են խաղաղության դարաշրջան բացել:

Նույն՝ «խաղաղության դարաշրջանի» բացման պատրվակով բանակի ու բարձրագույն սպայակազմի վարկաբեկման մի լուռ արշավ էր սկսել, որի «շրջանակում» կասեցվել էր զենք-զինամթերքի ձեռքբերումը, թե փողը տվել ենք, բայց սպառազինություն չեն մատակարարում, կադրային «ջարդ» էր ձեռնարկվել՝ տարբեր պատճառաբանություններով ԶՈՒ-ից հեռացնում կամ կալանավորում էին լավագույն հրամանատարներին, միջին եւ ստորին օղակների ամենաբարեխիղճ, պատասխանատու սպաներին, մի խոսքով՝ բանակի մեջքը ջարդում էին: Վերջին ամենացայտուն օրինակը շինծու գործով Բանակային 3-րդ կորպուսի լեգենդար զորահրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էր:

Իմացողները լավ գիտեն, որ բանակաքանդման այս արշավի հետեւում՝ սկսած լուսահոգի Մանվել Գրիգորյանի գլխին սարքած մահացու նվաստացումներից եւ վերջացրած գեներալ Խաչատուրովի անհիմն կալանքով, կանգնած է Իլհամ Ալիեւը: Վերջինիս՝ Երեւանին ներկայացրած պահանջները մեզ արդեն հայտնի են, եւ Հայոց բանակի կազմալուծումը դրանցից մեկն է, որպեսզի Բաքվի սուլթանը կարողանա անխոչընդոտ ստանալ ուզածը: Հակառակ դեպքում զորքով կներխուժի ու հողին կհավասարեցնի թե՛ անպաշտպան Էրիվանը եւ թե՛ շրջափակված Ղարաբաղը, ինչի մասին էլ այս օրերին զգուշացնում է Փաշինյանը՝ ասելով, որ մեր անվտանգության համակարգը լիարժեք չի գործում, եւ թշնամին ամեն պահի կարող է հասնել մինչեւ Երեւան:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: