Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Ազատ ամբիոն

Ժողովրդավարությունը սպառնալի՞ք է…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ օրեր առաջ Սերժ Սարգսյանն ուշագրավ մի հայտարարություն արեց, թե «ժողովրդավարությունը խանգարում է ազգային անվտանգությանը»։ Ըստ այդմ էլ՝ ՀՀ երրորդ նախագահը եզրակացնում է, որ մեր երկրի ցած գլորվելը ներկա ժողովրդավարության հետ է կապված:

Մի կողմ թողնենք Սարգսյանի այն եզրահանգումը, թե Հայաստանն այսօր ժողովրդավարական է, առավել եւս՝ այդ ժողովրդավարության պատճառով է գլորվում։ Առավել մերժելին Սերժ Սարգսյանի այն պնդումն է, թե ժողովրդավարությունը խանգարում է մեր ազգային անվտանգությանը։

Անցյալ 25 տարիները ավելիով են ապացուցել, որ հենց ժողովրդավարական հաստատությունների կազմաքանդումն է վտանգել մեր ազգային անվտանգությունը։

Ժողովրդավարությունը, իհարկե, ինքն էլ պաշտպանության կարիք ունի. այն պողպատե սաղավարտ չէ, որ դնես գլխիդ եւ անվտանգ դառնաս։ Հայաստանի համար ժողովրդավարության կարեւորությունն անքննելի է։

Սերժ Սարգսյանի պնդման հանգույն մի արտահայտություն վերջերս լսեցի իմ ուսանողներից մեկից, որը եւս համոզված էր, որ ժողովրդավարությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Խորհրդային Միության մասին միայն պատմությունից իմացող 20-22 տարեկան երիտասարդները համոզված են, որ բռնապետություններն են միայն կարողանում անվտանգություն ապահովել։

Մի ողջ սերնդի մտածողությունն ու արժեքներն են խաթարել նախկինները՝ ժողովրդավարությունը համարելով անվտանգության սպառնալիք, ոտնատակ տալով ժողովրդավարական արժեքները, երկրի անվտանգությունն էլ հանձնելով օտար պետության, ինչը Հայաստանի անվտանգության իրական սպառնալիքն էր։

Մեր երկիրը գահավիժել է ա՛յս մտածողությամբ կառավարիչների պատճառով։ Այնպես որ, Նիկոլն իրականում միակ մեղավոր չէ մեր երկրի անկման համար։ Եթե Սերժ Սարգսյանը ժողովրդավարությունը անվտանգության սպառնալիք է համարում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ Արցախն էր համարում Հայաստանի անվտանգության սպառնալիք եւ մինչեւ չհանձնեց՝ չհանգստացավ։ Սակայն ժողովրդավարության չկայացմամբ եւ Արցախի հանձմամբ Հայաստանը ոչ միայն ավելի անվտանգ չդարձավ, այլեւ, ընդհակառակն, անվտանգությունը հազարապատիկ ավելի վտանգվեց։

Հայաստանը ղեկավարել եւ ղեկավարում են նեղ աշխարհայացքով եւ աշխարհի մասին խղճալի պատկերացումներով մարդիկ։ Եվ նրանք՝ նախկիններն ու ներկաները, Հայաստանը ոչ թե պարզապես գլորել են ներքեւ, այլ հրել-գցել են անտակ ջրհորը։ Եվ հիմա միմյանց հետ վիճում կամ փիլիսոփայում են, թե ինչպես էր ավելի ճիշտ. Հայաստանը ներքեւ գցել՝ թավալգլոր անելո՞վ, թե՞ միանգամից  ջրհոր նետելով։

 

Նարինե Մկրտչյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: