21-րդ դարում այլևս կարիք չկա ազգերը ֆիզիկապես ոչնչացնելու։ Այժմ գոյություն ունի ավելի մահաբեր զենք, որը փոխում է ժողովուրդների մտածողությունը, այնտեղ ներարկում ինքնաոչնչացման գաղափարներ։ Հաճախ դա արտահայտվում է ներքին ատելությամբ ու ներազգային թշնամանքով, իսկ ավելի արդյունավետ է ինքնության փոխակերպումը, երբ ազգը իրեն այլևս չի նույնացնում իր նախնիների հետ և գերադասում է լինել այլ ազգի ներկայացուցիչ։ Այդկերպ էլ ոչնչանում է էթնիկ ինքնությունը։
Ընդհանրապես, մարդիկ՝ որպես կենսաբանական պոպուլյացիա, հազվադեպ են ամբողջությամբ ոչնչանում։ Փոխարենը նրանք դադարում են իրենց անվանել հին անունով, մոռանում են հին լեզուն, ընդունում են նոր կրոն, խառնվում այլ ազգերի հետ և ձեռք բերում նոր ինքնություն։ Սա ֆիզիկական մահ չէ, երբեմն անհատ մարդկանց վերածնունդ է, բայց ազգն է մահանում։
Ազգերի մահվան առաջին փուլը կոչվում է ազգային ինքնության էրոզիա (քայքայում)։ Սա այն վիճակն է, երբ ազգի ներկայացուցիչները աստիճանաբար հեռանում են իրենց ինքնությունից, ապա ազգային ծեսերն ու ավանդույթները համարում անկարևոր, ծաղրում նախնիների սովորույթները։ Այս փուլում ազգի արժեքներն աստիճանաբար կորցնում են իրենց ազդեցությունը, վերածվում անցյալի մնացուկների, որոնք այլևս ոչ ոքի պետք չեն։ Դա նման է այն երևույթին, երբ հաստաբուն ծառի արմատները սկսում են փտել, չնայած՝ ծառը սլացիկ դիրքով կանգնած է անտառում։ Երբ փտում են արմատները, ինչքան էլ մեծ ու հաստ լինի ծառը, նրա տապալումը դառնում է ընդամենը ժամանակի հարց։
Ազգի մահվան հաջորդ փուլն արդեն ազգային ինքնության մոռացումն է։ Այսինքն՝ ազգային արժեքների նկատմամբ ծաղրական վերաբերմունք ձևավորվելուց հետո տրամաբանական է, որ պետք է մոռացության մատնվեն դրանք։ Ո՞ւմ են պետք այնպիսի սովորույթներ, որոնք ազգի համար անիրական, ամոթալի կամ հետամնաց են։ Խոսքն այս դեպքում ոչ միայն սովորույթների մասին է, այլև պատմական առանցքային դրվագների, որոնք հարյուրամյակներ կամ նույնիսկ հազարավոր տարիներ ազգի համար դարձել են ուղենիշ ու ինքնության լուսատու։
Հայերիս համար այդպիսի արժեքներ են Հայկ Նահապետի պայքարը օտար բռնակալի դեմ, Վանի հայկական թագավորության սեպագիր արձանագրություններն ու պատմական կառույցները, Հարգո օրերի համայնքային միասնականության ծեսը, Տիգրան Մեծի հաղթանակները, Ավարայրի ճակատամարտն ազգային հավատքի համար, Ավագների օրհնության սովորույթը, Սարդարապատի հերոսամարտը, Արցախի ազատագրումը և բազում այդպիսի օրինակներ, որոնք հայ ազգի պատմության ու ինքնության անբաժան մաս են։ Հենց դրանց շնորհիվ են մարդիկ հասկանում հայ լինելու առավելությունները և սիրում իրենց հայրենիքը։
Եթե չկան մարդուն իր հողին ու անցյալին կապող արժեքներ, ապա հողն էլ է դառնում անարժեք, անցյալն էլ, ապագան՝ առավել ևս։
Ազգային ինքնության մոռացումը, սակայն, ազգի ոչնչացման վատագույն փուլը չէ։ Երբ մարդիկ համատարած սկսում են մոռանալ իրենց անցյալն ու ինքնության արժեքները, գալիս է առավել վտանգավոր այն փուլը, որը կոչվում է ազգային ինքնության կոմա, և, ինչպես անհատ մարդկանց դեպքում, ազգն էլ ընկնում է հավաքական կոմայի մեջ։ Սա ազգի ինքնության ոչնչացման վերջին փուլն է, որից անդին արդեն անդառնալի է։
Ինքնության կոմայի մեջ հայտնված ազգը անտարբեր է դառնում ամեն ինչի նկատմամբ, չի արձագանքում ցավերին ու կորուստներին, չի զգում, թե ինչպես է ինքը գնում դեպի մահ։ Այդ վիճակում ազգը կարող է մնալ 5-10 տարի, ինչի ընթացքում կամ վերագտնում է իրեն, վերածնունդ ապրում ու սկսում վերադարձը դեպի ակունքներ, դեպի զարթոնք, կամ ուղղակի այլևս չի արթնանում։
Հենց հիմա հայ ազգը ազգային ինքնության կոմայի փուլում է, ու եթե չարթնանա, ապա գնալու է դեպի անդառնալի քուն, որը կոչվում է ազգային ինքնության փոխակերպում։
Այս փուլում ազգն այլևս չունի իր ինքնության հատկանիշները, մոռացել է ազգային սովորույթները, ծեսերը, արժեհամակարգը դարձել է անկարևոր, ինչից հետևում է, որ էթնոսն սկսում է ձուլվել այլ ազգերի մեջ՝ կորցնելով իր ինքնությունը։
Ահա թե ինչու եթե ֆիզիկական ոչնչացումից հետո հնարավոր է ազգի մնացորդին նոր կյանք տալ, ապա ինքնության ոչնչացման պարագայում դա անհնար է, որովհետև մարդկանց գլուխներում է ոչնչացել ազգը։
Ամփոփելով՝ նշեմ ազգային ինքնության ոչնչացման փուլերը հայերիս օրինակով․
- ազգային ինքնության էրոզիա (քայքայում) (1990-ականներից մինչև 2010)
- ազգային ինքնության մոռացում (2010-ից մինչև 2023)
- ազգային ինքնության կոմա (2023-ից մինչև հիմա)
- ազգային ինքնության փոխակերպում՝ ազգի վերջնական մահ (եթե չունենանք ազգային վերածնունդ, ապա մոտավորապես 2030-ից կսկսվի)։
Թե ինչպես հնարավոր կլինի կանխարգելել ազգային ինքնության փոխակերպումը, արդեն այլ՝ ավելի լայն թեմա է, որին կանդրադառնամ ավելի ուշ։
Նաիրի Հոխիկյան

