Հաղարծին վանական համալիրում ենք, որը հայկական ճարտարապետության (X-XIII դդ.) գլուխգործոց է։ Հայաստանի Տավուշի մարզում է՝ Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա։ Վաղուց էինք մտադրվել այցելել հոգեւոր եւ պատմամշակութային այդ հրաշքին, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր եւ ստիպված էինք անընդհատ հետաձգել: Վերջապես այդ օրը հնարավորությունը ներկայացավ, եւ մենք այն օգտագործեցինք:
Անտառապատ լեռների գրկում մեր ուղին՝ տեղ-տեղ զիգզագներ տալով, ձգվում էր սաղարթախիտ անտառամիջյան ճանապարհով, եւ ամենեւին չէինք զգում կիլոմետրերի հեռավորությունը: Անհագուրդ ցանկությամբ շտապում էինք ժամ առաջ լինել այդ անանց սրբարանում, որի մասին միայն կարդացել էինք գրքերում, երբեք չէինք տեսել սեփական աչքերով։
Երեքով ենք` ես եւ իմ վաղուցվա բարեկամուհիները՝ Ռուզաննա ու Վիոլետա Կիրակոսյանները։ Այդ օրը նախատեսված էր այցելել Հաղարծին, Գոշավանք եւ Պարզ լիճ։ Ջանքեր չէր խնայում տիկին Կիրակոսյանը մեր ամենամյա ամառային հանգիստն արժանվույնս կազմակերպելու համար։ Նա այն մարդկանցից է, որի հետ ճանապարհ գնալը մեծագույն հաճույք է, եւ մենք լիուլի վայելում էինք այդ հաճույքը:
…Հայացքս խիտ անտառներին է սեւեռված, երբեմն՝ ծաղկառատ դաշտավայրերին, որոնք մեքենայի սլացքի հետ արագ փոփոխվում են՝ հիշեցնելով Արցախի հարուստ բնաշխարհը։ Մտքերով Դադիվանքում եմ, երբեմն՝ Գանձասարում, Խաչենի ափին եմ կամ Թարթառի կանաչագեղ հովիտներում: Սարսանգը հիշեցի, երբ այդ օրն անցնում էինք Դիլիջան տանող ճանապարհով՝ Սեւանա գեղեցկուհուն հասվեհաս։ Կապույտ երկնակամարն իր շողքն էր փռել լճի կապույտին՝ զմայլանք փոխանցելով մարդկանց ու շրջապատին։
Տեղեկանում ենք, որ «Հաղարծին» անունը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «արծիվների խաղ» («հաղ»՝ խաղ, «արծին»՝ արծիվ)։ Ըստ ավանդության՝ վանքի գլխավոր եկեղեցու օծման ժամանակ մի արծիվ էր ճախրել գմբեթի վրա, ինչից էլ առաջացել էր Հաղարծին անվանումը։
Բազմաշերտ ու բազմազան էին մեր մրմունջներն առ Աստված, որ թողեցինք եկեղեցու պատերի ներսում՝ հայացքներս հառած երկնի կապույտին:
Նատաշա Պողոսյան

