Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Ազատ ամբիոն

Արցախին պետք չեն անհայրենիք փափկակյացները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հուլիսի առաջին օրվանից մեծ թափով շրջանառվում է Արցախի նախագահի խոսքը. «Ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա»։ Ասել է թե՝ «Ով ուզում է գնա, ջհանդամ թե գնա, թող ձայնը կտրած գնա»:

Թե ովքեր ինչպես են ընկալել այն, թողնում եմ իրենց հայեցողությանը, բայց ամբողջ խոսակցությունը լսեցի, որ նախագահը արտահայտվել է ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, եւ հասկացա, որ շատ տեղին է ասվածը։

Եթե հարեւան միապետը պահանջում է Հայաստանի զինվորական ստորաբաժանումներն Արցախից հանել, տեղին է նախագահի խոսքը, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղում զինվորներ չկան։ Ինքս էլ հիշում եմ, թե անցած տարի մեկ գիշերում ինչպես են թշնամի բռնապետի  պահանջով, Արցախ հանձնողի առաջարկով ՀՀ զինված ուժերը դուրս հանվել Արցախից։ Սա շատ լավ գիտի թշնամին, ուղղակի սադրում է՝ նոր հակասություններ ստեղծելու միտումով։

Եթե թշնամին պահանջում է Արցախի պաշտպանական բանակի լուծարում, ապա դրանով հող է նախապատրաստում, որ մնացած պետական կառույցները լուծարվեն, նմանապես` Ազգային ժողովը եւ կառավարական բոլոր մարմինները։

Այս ամենին համաձայնվելը, վերջ կտա հայկական Արցախի գոյությանը։ Եթե կան մարդիկ, որ համաձայն կլինեն՝ Արցախից ներկայացուցիչներ բանակցությունների գնան Բաքու, ապա պիտի  լուրջ  մտածեն` մեր ներկայացուցիչները գնալու են անձամբ լսելու իրենց մահվան դատավճի՞ռը, թե՞ «դամոկլյան սրի տակ» համաձայնվելու վերոնշյալ պահանջների ի կատար ածմանը։

Ուրեմն՝ նախընտրելին Բաքվի պահանջը չկատարելն է, նախագահի խոսքով`  դժվարություններին դիմակայելը։

Եթե արցախցիներ կան, որ պատրաստ չեն հաղթահարելու շրջափակման դժվարությունները եւ, ստորադասելով հայրենիքը, լավ կյանքի հետեւից ընկած` նախընտրում են հեռանալ այստեղից, ուրեմն՝ Արցախին պետք չեն անհայրենասերները, փափուկ կյանք նախընտրողները: Ավելի լավ է՝ անձայն հեռանան:

Եթե Արցախի հայկական պահելու երաշխիքը մեր այստեղ ապրելն է, պիտի մնանք մեր հայրենիքում՝ պատրաստ թշնամու՝ մեզ մատուցած սադրանքներին, առանց խուճապի մատնվելու, հաղթահարելով հումանիտար, թե էներգետիկ բոլոր տեսակի ճգնաժամերը։

Իսկ ապահով կյանքի հետեւից ընկածներին եթե չի հետաքրքրում Արցախը, ապա «ով ուզում է քինա` ջհանդամը քինա, թող ծենը կտրած քինա…»։

Եթե ոմանք մտածեն, թե հայացքներս փոխել եմ, ես նույնն եմ՝ իմ սրտում Արցախն է, մայր  Հայաստանը, ամբողջ գիտակից հայությունը, սիրում եմ ճշմարտությունը, կողմ եմ յուրաքանչյուր արդար խոսքի, ով էլ այն արտահայտած լինի, առավել շատ գոհ եմ, որ այն  ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: