Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Այս շաբաթը լի էր կարևոր իրադարձություններով։ Քննարկենք և ամփոփենք ներքաղաքական անցուդարձը՝ ըստ կարևորության։
Ամենից շատ քննարկվեց և լայն արձագանք ստացավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը, ինչ խոսք, ամոթալի էր մեզ համար։ Ինչպես ընտանիքն է տվյալ հասարակության հայելին, այնպես էլ Ազգային ժողովը՝ պետության։ Եվ այսպես՝ ի՞նչ տեսանք մենք «հայելու» մեջ․ Ազգային ժողովի նիստերի դահլիճն ու միջանցքները վերածվել էին իսկական «գլադիատորական մարտադաշտի»։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բռնկված խմբակային ծեծկռտուքի ընթացքում անխնա գործադրվում էին բռունցքներ, ջրի շշեր և անգամ դահլիճի աթոռները։ Ուշագրավ է, որ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանն էր ջրի շիշը փոխանցում կռվի նետվող թիմակցին, բախմանն ակտիվորեն մասնակցում էր նաև Ռուստամ Բաքոյանը։ Իրավիճակն ավելի թեժացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը․ նա ոչ միայն չդատապարտեց տեղի ունեցածը, այլև բացահայտ ողջունեց ու արդարացրեց թիմակիցների քայլերը՝ հայտարարելով, որ դրանք «համարժեք են ու ճիշտ», և սպառնաց աթոռով ջարդել յուրաքանչյուրի ձեռքը, ով կփորձի հարվածել իշխանական պատգամավորին։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սա որակեց որպես ուղղակի հանցագործություն՝ ընդգծելով, որ պաշտոնական դիրքի կամ լրատվամիջոցների օգտագործմամբ բռնությունն արդարացնելն ու քարոզելը քրեորեն պատժելի արարք է (ՔՕ 330-րդ հոդված), իսկ Դանիել Իոաննիսյանը սա համարեց ընդամենը էթիկայի տարրական կանոնների խախտում։
Այս տարի լրացավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը։ Դատախազությունը հանդես եկավ անցած տարվա հարցաքննությունների մասին հաշվետվությամբ, սակայն իրական աղմուկ բարձրացրեց զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը։ Նա հայտնեց, որ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի վերաքննիչ բողոքը առհասարակ դատարան չի հասել։ Ըստ Ջհանգիրյանի՝ այնտեղ հավանաբար եղել են աննպաստ հանգամանքներ հոկտեմբերի 27-ի, լույս 28-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի և Ալեքսան Հարությունյանի բանակցությունների ու տրված երաշխիքների վերաբերյալ։ Ջհանգիրյանը նաև պնդեց, որ ԱԱԾ-ն նախապես տեղյակ է եղել սպասվող հարձակման մասին, և կոչ արեց իրավապահներին օգտագործել նախկին քննչական թիմի փորձն ու գտնել անհետացած բողոքը։
Խորհրդարանում ՔՊ-ի միայնակ քվեարկությամբ վավերացվեց Հայաստան-ԱՄՆ TRIP համաձայնագիրը, որը Սյունիքի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ կապ է տրամադրում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում էր, որ ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության ներքո, իսկ Հայաստանն ունենալու է 26% բաժնեմաս (49 տարի անց՝ 49%)։ Մինչ իշխանությունները պնդում են, թե այս նախագծի իրականացմամբ Հայաստանն անվտանգություն է ապահովում, ապաշրջափակվում է, տնտեսական օգուտներ ստանում, ընդդիմությունը հակադարձում է՝ TRIP-ի հիմնական շահառուն Ադրբեջանն է։ Քրիստինե Վարդանյանը ցույց տվեց, որ Ադրբեջանի տարածքով հայերի անցման վերաբերյալ որևէ համապատասխան դետալիզացված փաստաթուղթ առկա չէ, իսկ Նարեկ Կարապետյանը ահազանգեց, որ ճանապարհն ստանալուց հետո Բաքուն կկորցնի շահագրգռվածությունը և նորանոր անիրագործելի նախապայմաններ կդնի՝ խափանելով խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության (Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու) պահանջի ֆոնին վարչապետ Փաշինյանն առաջ քաշեց նոր տակտիկա․ Բաքվից երաշխիքներ ստանալուց հետո առաջարկել ընդդիմությանը կողմ քվեարկել, իսկ մերժման դեպքում հանրային ճնշում գործադրել։ Ընդդիմությունը կտրուկ մերժում է «Ալիևյան սահմանադրությունը», իսկ Փաշինյանը հայտարարում է, թե արտահերթ ընտրությունների կգնա միայն 100% երաշխիքով, որ գործող ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի։ Ուշագրավ էր նաև Արարատ Միրզոյանի՝ ընդդիմությանը արված «վստահության հանրաքվեի» առաջարկը, որը Փաշինյանը որակեց չհամաձայնեցված, բայց հետաքրքիր խոսակցություն։
Բաքուն շարունակում է պնդել, որ խաղաղության միակ խոչընդոտը ՀՀ Մայր օրենքն է։
Թեև Անկարայում Էրդողանը ողջունեց հայ-ադրբեջանական շփումները, Ալիևը չմասնակցեց գագաթնաժողովին։
Հայաստանը Բաքվին փոխանցեց Տավուշում սահմանն անցած 58-ամյա ադրբեջանցուն, իսկ Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականը շարունակում է մնալ կալանավորված։
ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթեց համայնքների մեծ մասում (70-96%), ինչը Փաշինյանի գնահատմամբ «ավտորիտարիզմի տպավորություն է թողնում»։ Ստեփանավանում ՔՊ-ն զիջել էր «Գործարար» կուսակցությանը, սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ նախապես պայմանավորվել են, և ավագանիում գործելու է միասնական ՔՊ խմբակցություն։ Իսկ Սպիտակում իսկական ընդվզում է․ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի դեմ են դուրս եկել նրա տեղակալն ու 10 վարչական ղեկավարներ՝ առաջադրվելով նախկին ՔՊ-ական Համլետ Մազմանյանի «Բարոյական արժեքներ»-ի ցուցակով։

