Wednesday, 25 March 2026

W Weekly Update

7-14 մարտի 2026թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ

 

Վարչապետի աթոռն առայժմ զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 7-ին իր թիմակիցների հետ եղավ Աշտարակում, Թալինում, Մարալիկում եւ Արթիկում, օրվա ամփոփումը կատարեց Գյումրու կենտրոնական՝ Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարաններից մեկում։ Նրանք խոսեցին տպավորություններից՝ անդրադարձ կատարելով մի շարք թեմաների, այդ թվում՝ ընտրությունների թեմային: Փաշինյանը թիմակիցներին վստահեցրեց, որ այդ ընտրություններում ՔՊ-ի նշաձողը 65 տոկոսն է: Նա առնվազն երկուսուկես անգամ չափազանցում է իրենց հնարավորությունը. ամերիկյան հանրահայտ ՄՀԻ-ի՝ օրերս հրապարակած հարցման արդյունքներով՝ ՔՊ-ի իրական նշաձողը 24 տոկոսն էր:

Խորհրդարանական ընտրություններից մոտավորապես 3 ամիս առաջ փաշինյանական խմբակը՝ ի խախտումն Ընտրական օրենսգրքի, վաղաժամ քարոզարշավ է իրականացնում՝ ավտոբուսով շրջագայելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ եւ ամեն անգամ ինքնատիպ, արտասովոր մի անակնկալ մատուցելով հանրությանը: Տեսանյութի առաջին պլանում սովորաբար պատկերված են գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարները, որոնք նախանձելի ախորժակով մերթ «պեռաշկի» են ուտում, մերթ՝ խաշած «կուկուռուզ», մերթ՝ սուջուխ: Ժողովուրդը ուտելու պահը հասկանում է, բայց ուտելու տեսարանի նկարահանման ու տիրաժավորման իմաստը՝ ոչ: Հատկապես՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների խորապատկերին:

Մարալիկում Փաշինյանը խիստ զայրացավ՝ լսելով բնակիչների պնդումները, թե այն փողոցը, որին հարող տարածքում հավաքվել էին, եւ վերջինս նրանց կրծքանշաններ էր բաժանում, նախկին իշխանությունների օրոք է կառուցվել ու ասֆալտապատվել: «Էս ենք անում, էն ենք անում, ասում են՝ շինարարություն չկա, էս չկա… 600 մլն դրամ հատկացրել ենք մանկապարտեզին, բակերում ծրագիր ենք անում, ասֆալտ ենք արել։ Ճիշտն էն էր, որ 30 տարի ոչ սարքել են, ոչ բան են արել։ Ճիշտ են արել, մեր էշ խելքը, որ բերել, դրել ենք։ Չգիտե՞ք, որ էսքան բան ենք անում, չէ՞… մի քիչ ամոթ ա պետք ունենալ»,- մարդկանց վրա մուննաթ էր գալիս ինքնասիրությունը խոցված՝ ՔՊ առաջնորդը, ով սիրում է, երբ իրեն մեծարում են, նախկիններին՝ վատաբանում:

Հանուն ընտրություններում իր վերարտադրման՝ ինչեր ասես, որ չի անի Նիկոլը կամ չի խոստանա: Պարզաբանում է, որ հունիսի 7-ին ընդառաջ Հայաստանին խաղաղություն են բերել, իսկ 3-րդ ժամկետում պատրաստակամ են կենսակոչելու գյուղատնտեսական, սոցիալական ոլորտների՝ մասնավորապես առողջապահության խթանմանը, ժողովրդի բարեկեցության բարձրացմանը միտված մի շարք ծրագրեր: Միաժամանակ շարունակելով «ձեզնից մեկն եմ» հնարքի խաղարկումը, Փաշինյանը մոտենում էր լիքը տոպրակներով խանութից դուրս եկող կանանց, առաջարկում իր օգնությունը, մեկի ձեռքից վերցնում բեռը եւ օգնում տուն հասցնել:

Տպավորություն է, թե նման պահերին նա պատրաստ է անգամ մեկի տան մուտքի ձյունը մաքրել, մյուսի աղբը դուրս հանել աղբանոց, երրորդի պատշգամբի ապակիները լվանալ, միայն թե հունիսի 7-ին հաջողվի այդ տնից 1-2 ձայն թռցնել: Ժողովուրդը կասեր՝ ձեռքը փրփուրներին է գցել: Փաշինյանը լավ է հասկանում, որ վերընտրվելու շանս ինքը չունի՝ 8 տարվա գործած չարիքների համար ժողովուրդն իրեն չի ներում եւ չի պատրաստվում երբեւէ ներել: Ավելին՝ զզվում է իրենից, հետեւաբար՝ քվե տալու մասին խոսք լինել չի կարող: Իսկ աթոռը կորցնելն իր համար կենացմահու խնդիր է՝ հասկանալի պատճառով: Նա չի ուզում կանգնել «գնդակահարության պատի տակ», թեպետ հակառակի մասին քանիցս ակնարկել է:

 

Բայց տեղին կլիներ հակիրճ քննության առնել թեմայի մեկ այլ դիտանկյուն եւս, որն ավելի ցցուն էր արտահայտված իշխանականների այս այցի ընթացքում: Խոսքը մեր հասարակության մեջ տարածում գտած այնպիսի եղկելի երեւույթների մասին է, ինչպիսիք են քծնանքը, ստորաքարշությունը, փարիսեցիությունը, անձի երկվությունը: Նիկոլին ու նրա թիմին պետք է ոչ թե քծնել՝ ինչ-ինչ գծուծ հաշվարկներից ելնելով, այլ նրանցից պահանջել հաշվետվություն կատարած գործունեության մասին, տված խոստումների իրականացման (կամ՝ չիրականացման) եւ, ի վերջո, երկրում տիրող ապօրինությունների, դատաիրավական կամայականությունների ու քաոսի մասին:

Միջնադար հիշեցնող երեւույթները՝ տիրոջ դեմ խոնարհվելը, նրա բարեհաճությանն ապավինելը, պաշտոնյայի առջեւ նվաստանալը կամ նրան ճարպկորեն հաճոյանալը հիվանդ հասարակության համախտանիշ են: Իշխանավորը տեր չէ, իշխանավորն իրեն ընտրած քաղաքացու ծառան է, մեր հարկերի հաշվին ապրող մի պորտաբույծ՝ եթե չի կատարում հանրությանն անբասիր ծառայելու իր հանձնառությունը: Ցավոք, նման պաշտոնյաների պակաս Հայաստանում չկա: Անշուշտ, հլու-հպատակներին հակառակ՝ կան նաեւ սեփական մարդկային արժանապատվությունը գնահատող, պահանջատեր քաղաքացիներ, որոնք չեն վարանում անիրավ, լկտի պաշտոնյայի առջեւ,- ով էլ նա լինի,- փակել եկեղեցու կամ խանութի դուռը:

Զարգացած երկրներում՝ Գերմանիայում, Նորվեգիայում կամ Դանիայում վարչապետին հանդիպելիս՝ մարդիկ ոչ թե հաճոյախոսում են, այլ հարցնում են իրենց վճարած հարկերի արդյունավետության մասին։ Այնտեղ պետական պաշտոնյան ծառայող է, ոչ թե կուռք: Եվ իշխանությունը գիտի, որ մեր ժողովուրդը հաց եւ տեսարան սիրող հանրություն է, դրան էլ մի քիչ ժպտա խառնիր ու մի քանի սուտ խոստում՝ կմոռանա ամեն ինչ: Մենք տարվել ենք Հին Հռոմի հաց եւ տեսարաններ համախտանիշով։ Այն ժամանակ էլ հռոմեական կայսրերն էին հասկացել՝ եթե ամբոխին տաս ուտելիք եւ զվարճանք, նրանք երբեք չեն հարցնի, թե ինչու է քայքայվում կայսրությունը։ Մեր ունեցածը կայսրություն չէ, այս մի բուռ հողն է, որն ազգովի ի զորու չենք պահել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայր Աթոռում երեքշաբթի մեկնարկեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ: Օրակարգում եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, կազմակերպչական աշխատանքներին, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող եւ այլ հարցեր են: Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը պահանջում է կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, եւ այդ ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգեւորականներ: Կաթողիկոսը քանիցս ակնարկել է, որ հեռանալու մտադրություն չունի: Տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու «ազատության, ինքնավարության եւ անկախության դեմ ուղղված հարձակումները»։ Պաշտոնական Երեւանը հերքում է նման հարձակման մեղադրանքները:

Հայաստանի վարչապետը մարտի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատեւ խաղաղություն»,- ուղերձում նշել է Փաշինյանը։ Ալի Խամենեիի սպանվելուց ավելի քան մեկ շաբաթ անց Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին:

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մարտի 10-ին քննարկել են տարածաշրջանային զարգացումները: Ըստ կառավարության հաղորդագրության՝ նրանք կարեւորել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան–ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես եւ հայ-ֆրանսիական հարաբերություններին: Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին: Վաղը վարչապետը կմեկնի Ստրասբուրգ եւ Եվրոպական խորհրդարանում հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում կկայանա նաեւ ՀՀ վարչապետի հանդիպում ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:

Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահին, երախտագիտություն հայտնել Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար. Այս մասին հաղորդում է Բաքուն։ Պաշտոնական աղբյուրների հավելմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը նաեւ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, «վերահաստատել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը շարունակելու փոխադարձ մտադրությունը՝ ռազմավարական գործընկերության ու դաշինքի սկզբունքներին համապատասխան»։ Կողմերը դաշնակցային գործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին 2022թ. փետրվարին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմից քիչ առաջ:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Փարիզում մարտի 11-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տարածքային կառավարման կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկեցինք ենթակառուցվածքային եւ էներգետիկ հարցեր, որոնք մեր տարածաշրջանում կնպաստեն խաղաղությանն ու կայունությանը. այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային եւ բնական գազին»,- X-ում գրել է թուրք նախարարը՝ հանդիպումից հրապարակելով լուսանկարներ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.