Մարիա Քորելլի, «Սատանայի վիշտը», վեպ, Երևան, «Բիբլիոն» հրատարակչություն, 2025թ., 448 էջ:
Տեղափոխվենք 19-րդ դարի վերջ, Լոնդոն։ Վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ երիտասարդ գրող Ջեֆրի Թեմփսթը, անասելի հուսահատության մեջ է։ Չնայած վարպետությանը, հետաքրքիր և տարբերվող գաղափարներին և գրելաոճին՝ նա սաստիկ աղքատության, նույնիսկ սովամահ լինելու շեմին է։ Յուրահատուկ, եզակի տաղանդը և ստեղծագործ միտքը ոչ միայն չեն նպաստում Ջեֆրիի աշխատանք գտնելուն, այլ երբեմն նույնիսկ խանգարում են։ Ջեֆրին գրեթե վստահ է, որ սովամահ լինելն է իր անխուսափելի ճակատագիրը։
Բայց որքա՜ն սխալ էր նա։ Տուն վերադառնալով՝ Ջեֆրին մի նամակ է հայտնաբերում վաղեմի, դեռևս Օքսֆորդի համալսարանից ծանոթ ընկերոջից, ով իր խնդրանքով ոչ միայն հիսուն ֆունտ ստեռլինգ է ուղարկել, այլև առաջարկում է հանդիպել իր մեծահարուստ ընկերոջը՝ Լյուչիոյին՝ վստահեցնելով, որ նրա հետ ծանոթությունը կյանքի լավագույն ձեռքբերումներից է։ Ճակատագրի բերումով այդ նույն պահին Ջեֆրին լուր է ստանում, որ հոր հեռավոր բարեկամներից մեկի մահից հետո իրեն է ժառանգվում հանգուցյալի հինգ միլիոն արժողությամբ ունեցվածքը։ Վե՜րջ․ Ջեֆրին այլևս չունի ո՛չ այն հիսուն ֆունտի, ո՛չ էլ իրեն աջակցող նոր ընկերոջ կարիքը։ Սակայն խորհրդավոր անծանոթ Լյուչիոն արդեն թակում է դուռը․․․
Ի՞նչ դեպքերի կհանգեցնի այս նոր բարեկամական հարաբերությունը։ Արդյո՞ք Սատանան միշտ այնպիսին է, ինչպիսին սովոր ենք նրան պատկերացնել՝ սարսափելի, ահռելի սարսռազդու եղջյուրներով, տգեղ և ակնհայտորեն չարամիտ։ Արդյոք նա չի՞ կարող լինել գեղեցկադեմ, բարձրահասակ, տպավորիչ, խելացի և հավերժ երիտասարդ՝ է՛լ ավելի դյուրին դարձնելով մարդկանց գայթակղելու արհեստը։ Հենց այսպիսինն է Լյուչիոն, ով, դառնալով Ջեֆրիի մտերմագույն ընկերն ու խորհրդատուն, տարիներ շարունակ ուղեկցում է նրան, իսկ Ջեֆրին, լինելով անտեղյակ, իր հոգին վաճառում է Սատանային։ Արդյոք հենց այն հարստությունն ու հաջողությո՞ւնն էր, որ իրապես կարող էր երջանկացնել մարդուն։ Թե՞ այս ամենը պարզապես գեղեցիկ փաթեթավորված դատարկաբանություն է։ Եվ ո՞րն է, վերջիվերջո, Սատանայի հավերժական վիշտը։ Գուցե այդքան հեշտ տրվող՝ հրապուրվող մարդկային հոգու գաղտնի՞քը։

