Վահե Քաչա, «Գիշատիչների խնջույքը», վեպ, 122 էջ, «Դավինչի» հրատարակչություն, 2026թ.:
Դեռևս 1960 թվականին ֆրանսահայ սիրված գրող Վահե Քաչայի՝ ֆրանսերենով հրատարակված այս փոքրածավալ, բայց տպավորիչ վեպը նկարագրում է մարդկային հարաբերությունների փոխակերպումը սահմանային իրավիճակում՝ վտանգի առջև հայտնվելիս։ Հետպատերազմյան Ֆրանսիայում գրված այս ստեղծագործությունն անդրադառնում է այն դաժան տարիներին, որ համակել էին աշխարհը 1940-ականներին։
1942 թ, հոկտեմբերի 4։ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Օկուպացված Փարիզում Բրիժիտ Մանսենը տոնում է իր 22 ամյակը։ Սեղանի շուրջ հավաքվել են Բրիժիտի և իր ամուսնու՝ Վիկտորի ամենամտերիմ բարեկամները։ Թվում է, թե բնակարանը մի փոքրիկ անձեռնմխելի տարածք է, ներկաները՝ շատ հեռու լարված և մռայլ միջավայրից։ Այնուամենայնիվ պատերազմի սառը շունչը երբեմն ակամա ներթափանցում է նրանց առօրյա երկխոսությունների մեջ։
Երեկոն դեռ չէր հասցրել թափ հավաքել, հյուրերը դեռ նոր էին նստել ընթրելու, երբ մի ակնթարթում ամեն ինչ վերածվում է քաոսի։ Հանկարծ դրսից հնչում է չորս կրակոցի ձայն։ Հյուրերը չեն հասցնում հասկանալ, թե ինչ կատարվեց, երբ բնակարան են ներխուժում երեք զինված զինվոր՝ սպայի ուղեկցությամբ։
Պահանջը շատ պարզ է, բայց և՝ անհավատալի։ Բնակարանի պատուհանի տակ սպանվել է երկու գերմանացի սպա, իսկ մարդասպանը հասցրել է փախչել։ Հրամայված է՝ որպես զոհված սպաների փոխհատուցում, տվյալ շենքից քսան պատանդ վերցնել։ Շենքում՝ տասը բնակարան։ Ըստ գերմանական արդարադատության՝ ճիշտ կլինի ամեն բնակարանից երկու մարդ տանել։ Ընտրությունը Բրիժիտինն է և իր հյուրերինը․ արդյո՞ք երկար տարիներ մտերմություն արած մարդիկ կփորձեն փրկել միմյանց, թե՞ ծննդյան ուրախ տարեդարձը կվերածվի «գիշատիչների խնջույքի»։

