Նրանք, ովքեր ուշադրությամբ ծանոթացել են Կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրին, անշուշտ, նկատած կլինեն, որ այն հիմնված է այսպես կոչված՝ «Իրական Հայաստանի» եւ Չորրորդ Հանրապետության տեսլականների վրա, իսկ երեքուկես տասնամյակ առաջ կազմավորված Երրորդ Հանրապետության նպատակը երկրի ղեկավարը կապում է «պատմական արդարության վերականգնման» հետ: Նա միաժամանակ պնդում է, թե 2021 թվականին հանրությունն իրեն պարտադրել է վերանայել Երրորդ Հանրապետության գաղափարաբանությունը:
Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ՀՀ-ում ինչ են հասկանում «պատմական արդարություն» ասելով: Միջազգային հարաբերություններում՝ որքան ինքս եմ ուսումնասիրել, խոսքն այնպիսի բանի մասին է, որից եթե նախկինում որեւէ սուբյեկտ ունեցել է, այսինքն՝ դրա տերն է եղել, չի նշանակում, որ այդ սուբյեկտը կարող է պահանջել դրա վերականգնումը: Այս բանաձեւը դեռ 17-րդ դարից է ընդունված մարդկության կողմից:
Հիմա թե ինչ են ՀՀ-ում հասկանում «պատմական արդարություն» բառակապակցության տակ, անհասկանալի է: Հասկանալի չէ նաեւ՝ երբ ասվում է, որ Հայաստանի նորագույն պատմությունը սկսվել է «պատմական արդարությունը» վերականգնելուց, բայց հիմա դրա փոխարեն եկել է «Իրական Հայաստան» կոչվող ինչ-որ գաղափար, ինչը կոնկրետ ինձ համար դարձյալ հասկանալի չէ: Բացատրելու համար այս ամենը հարգելի ընթերցողին մի քանի բանալի բառ կտամ: Ընդհանրապես՝ քաղաքականության մեջ գոյություն ունի երեք կատեգորիա՝ իրավունք, ուժ եւ պայմանագիր, ուրիշ բան չկա, եթե որեւէ մարդ այդ կատեգորիաներով չի խոսում, ապա դա ապաքաղաքական զրույց է:
Հայաստանում այժմ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը այս կատեգորիաներով չեն խոսում, փոխարենը խոսում են «պատմական արդարության» մասին, որի վերաբերյալ պատկերացում չունեն: Խորհրդային Միությունն ուներ իր կանոնները, որոնք վերաբերում էին այդ թվում մեզ եւ ամրագրված էին Սահմանադրության մեջ՝ հստակ բաժանված իրավունքների ու պարտականությունների տեսքով: Մենք պետք է հասկանանք, թե ի՛նչ է տեղի ունեցել, երբ Խորհրդային Միությունը քայքայվում էր՝ ոչ թե այն օրը, երբ քայքայվեց, այլ՝ երբ քայքայվում էր: Այսինքն՝ խորհրդային օրենքի հիման վրա ստեղծված հայկական զույգ միավորները որոշել էին ստեղծել մի պետություն՝ հետագա անկախություն ունենալու ակնկալիքով:
Ընդ որում՝ իրենց իրավունքը ձեւակերպել էին այդպես, որ երբ 1991 թվականին վերացավ խորհրդային Սահմանադրությունը, այդ ձեւակերպված հայկական իրավունքը դարձավ քաղաքական իրականություն, եւ երբ միջազգայնացում եղավ, ամենահզոր կառույցներից մեկը՝ ԵԱՀԿ-ն ճանաչեց այդ իրավունքն ու իրողությունը: ՀՀ-ն ճանաչվել է Անկախության հռչակագրի հիման վրա, ճանաչվել է նաեւ գոյություն ունեցող վեճ Արցախի հարցով: Միջազգային հանրությունը ճանաչել է այդ վիճակը: Իսկ երբ խոսում են կոնֆլիկտների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ ցանկացած պետության կազմավորում արդեն իսկ միջազգային կոնֆլիկտ է ստեղծում, չկա նման բան, որ որեւէ մեկը պետություն ստեղծի ու կոնֆլիկտ չառաջացնի:
Ենթադրենք՝ այն ժամանակ Փաշինյանի պես մտածող մարդիկ Խորհրդային Հայաստանի սահմաններով պետություն հայտարարեին, որտեղ 160 հազար ադրբեջանցի էր ապրում, այդ պետությունը կոնֆլիկտային չէ՞ր լինելու: Ցանկացած նոր սուբյեկտի ստեղծում կոնֆլիկտային է: Պետություն ստեղծելն ինքնին պատմական արդարությո՞ւն է, թե՝ չէ, նույնը վերաբերում է այդ «Իրական Հայաստանին», հիմա դա պատմական արդարությո՞ւն է, թե՞ չէ, շտապեմ հանգստացնել, որ ըստ Փաշինյանի՝ դա պատմական արդարության վերականգնում է: Ասածս այն է, որ եթե մենք խոսում ենք քաղաքական կատեգորիաներով, ապա լրիվ այլ ձեւով ենք տեսնում այն իրականությունը, որը եղել է եւ կա, այլ ոչ այնպես՝ ինչպես ներկայացնում են թե՛ ՀՀ գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:
Երկուսն էլ՝ չգիտեմ, թե ի՛նչ կատեգորիաներով են ներկայացնում իրականությունը, անհնար է հասկանալ, դրա համար էլ գործող իշխանությունն իրեն հաղթողի տեղ է դնում: Հետո՝ ի՞նչ է նշանակում ժողովուրդն է «պարտադրել» վերանայել 3-րդ Հանրապետության գաղափարաբանությունը, ի՞նչ է պարտադրել ժողովուրդը, շատ կարեւոր է ասել դա, ժողովուրդն ասել է՝ մենք չենք ուզում կոնֆլիկտի մեջ ապրե՞լ, եթե այդպես է, ապա դա ո՞վ է ժողովրդին սովորեցրել: Իսկ ո՞վ է ասել, որ այն Խորհրդային Հայաստանը, որ ինքն իրեն պետություն հայտարարեր, կոնֆլիկտային չէր լինելու, գուցե շատ ավելի դաժան լիներ: Այսինքն՝ ժողովուրդը պետք է հրաժարվե՞ր այդ պետությունից։
Այս հարցերին պետք է նայել այն կատեգորիաներով, որոնք ես նշեցի՝ ուժ, իրավունք, պայմանագիր: Այս ամենի համատեքստում կատարվել է այն, որ մի ինչ-որ պահից ՀՀ-ն հրաժարվել է այն միջազգային դասավորությունից, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Խորհրդային Միության քանդվելուց հետո՝ այն, ինչ ես նկարագրեցի վերը: Հրաժարվել են այդ ամենից ու, իրենց պնդմամբ, եկել են խաղաղության, իսկ իրականությունը ո՞րն է, արդեն կյանքը ցույց կտա: Չի կարելի ապաքաղաքական կատեգորիաներով փորձել բացատրել այսօրվա Հայաստանի վիճակը եւ, ընդհանրապես, նորագույն պատմությունը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը:
Տպավորություն է, որ նման ձեւակերպումներով Փաշինյանը փորձում է պարզապես արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում տեղ գտած հակոտնյա երեւույթները՝ ամոթալի պարտություններից ու Արցախի կորստից մինչեւ Հայաստանի ինքնիշխան տարածքների մասնատում եւ հատված առ հատված փոխանցում թշնամի պետությանը: Իրականում սա տպավորություն չէ, Փաշինյանը հենց այդպես էլ մտածում է եւ հանուն իր աթոռի պահպանման, գնում ցավալի զիջումների, ինչը շատ վտանգավոր է: Ցանկացած իշխանություն՝ առավել եւս այս վիճակում գտնվողը, նման կորուստներով կփորձի ինքն իրեն արդարացնել՝ մեղքը գցելով ում վրա ուզեք:
Բայց խնդիրը միայն ինքնարդարացումը չէ: Պակաս խնդրահարույց չէ, երբ ջանում են ապաքաղաքական, կենցաղային պատկերացումներով ներկայացնել Հայաստանի վիճակը: Բանը հասել է այնտեղ, որ կենցաղային կատեգորիաներով մտածող ժողովուրդն է երկրի ղեկավարին սովորեցնում, թե ինչ բովանդակությամբ ծրագիր է հարկավոր գրել առաջիկա հինգ տարիների համար: Այս փոքրիկ օրինակը վերահաստատում է վերը մեր նկարագրած պատկերը՝ ՀՀ-ում հիմա իշխանությունը եւ ընդդիմությունը գործում են ապաքաղաքական կատեգորիաներով: Նույնն էլ իրենց հորինած «պատմական արդարության» թեմայի շուրջ սնամեջ, մերկապարանոց վեճն է, որը եւս ապաքաղաքական կատեգորիաներով մտածելու եւ գործելու արգասիք է:
Մանվել Սարգսյան

