ԱԺ-ում բարձրաձայնվող որոշ հայտարարությունների համատեքստում ես տեսա մի թաքնված միտք, որը պատերազմի հայտարարություն էր ՔՊ-ի կողմից։ Նոր գրվող Սահմանադրության մասին ընդդիմադիր պատգամավորների հարցերին ՔՊ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի պատասխանների մեջ մի քանի անգամ հնչեցին «մենք ձեզ կհամոզենք…», «մենք կտանք այնպիսի բացատրություններ, որ…» ձեւակերպումները:
Հաշվի առնելով, որ ՔՊ -ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն հանրաքվե կազմակերպելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ալիեւին, թե ադրբեջանական ոգով գրված նոր Սահմանադրությունը մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի, հավանականությունը մեծ է, որ մեզ սպասվում է 2018-ի հոկտեմբերի 2-ի սցենարը։
Հատկապես ՀՀԿ խմբակցության պատգամավորները լավ կհիշեն, երբ մարդիկ շրջափակել էին ԱԺ մուտքերն ու ելքերը եւ ստիպել պատգամավորներին՝ ստորագրել կոնկրետ փաստաթղթի տակ։
Ի՞նչ է հիմա սպասվում։ Քանի որ ՔՊ-ն այլեւս չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը դեռեւս շատ կոնկրետ ասում է, որ չի քվեարկելու հանրաքվեի ու նոր Սահմանադրության օգտին, ապա օրենքով ՔՊ-ն չի կարող կազմակերպել հանրաքվե եւ իրագործել Ադրբեջանի պահանջած նոր Սահմանադրության անցկացումը։ Ի՞նչ է անելու այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը։
Մի տարբերակում կարող է ուղղակի շրջանցել Սահմանադրության պահանջը եւ հենց այնպես կազմակերպել հանրաքվեն։ Այդպիսի հանցավոր արարքներ այսօրվա իշխանությունը հաճախ է արել, տապալել սահմանադրական կարգը, հիմա էլ դժվար չի լինի։ Բայց դա կարող է միջազգային խնդիրներ առաջացնել կամ կայծ լինել մեծ հրդեհի բռնկման համար։ Մյուս տարբերակը Փաշինյանի ու Ալիեւի հերթական պայմանավորված պատերազմն է։ Մի քանի անգամ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ԱԺ ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմն անխուսափելի է։
Այսպիսով՝ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Իլհամ Ալիեւը մի քանի օր կրակում է Հայաստանի ուղղությամբ, հարձակում է գործում հայկական դիրքերի վրա, երկրում կրկին արհեստածին խուճապ ու հիստերիա է առաջանում, հետո իշխանությունը թիրախավորում է ընդդիմությանը, որ «չի համաձայնում հանրաքվեի համար, ինչի հետեւանքով էլ Ադրբեջանը հարձակվում է: Նախկիններն են մեղավոր, ընդդիմությունը պատերազմ է հրահրում» եւ այլն։ Նման պայմաններում իշխանությունը մի քանի տասնյակ հազար մարդ է բերում ԱԺ-ի մոտ, որոնք շրջափակում են խորհրդարանը եւ ընդդիմադիր պատգամավորներին ստիպում են ստորագրել սահմանադրական հանրաքվեի որոշման տակ, որպեսզի «պատերազմ չլինի»:
Դե, պատերազմի նկատմամբ վախը իշխանությունները դարձրել են անասելի ու անտրամաբանական մեծ, որ մարդիկ պատրաստ են իրենց ծնողներից ու երեխաներից հրաժարվել, էլ չասեմ` հայրենիքն ուրանալ, միայն թե պատերազմ չլինի։ Այդկերպ Նիկոլ Փաշինյանը կփորձի պատերազմով վախեցնել Հայաստանի բնակչությանը եւ բնակչության միջոցով էլ ճնշել ընդդիմադիր պատգամավորներին, որ կատարեն Ադրբեջանի ու Փաշինյանի ցանկությունը։
Իսկ ի՞նչ կանեն ընդդիմադիր պատգամավորները։
Նաիրի Հոխիկյան

