Friday, 11 September 2026

F Free Platform

Ինչո՞ւ հաղթեց Նիկոլը…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Ինչո՞ւ հաղթեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչո՞ւ պարտվեց ընդդիմությունը». այս հարցերն ինձ հաճախ տալիս են ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի տարբեր համայնքներում։ Մարդկանց, ովքեր Նիկոլին անիծելու փոխարեն ուզում են իրականությունը լսել, ես պատասխանում եմ, որ իշխանության վերարտադրման պատճառներից ամենագլխավորը գաղափարի մեջ է։

Ի՞նչ էր մարդկանց ասում Նիկոլը՝ խաղաղություն, կուշտ փոր, անհոգ եւ թռի-վռի կյանք։ Ո՞վ չի ուզի ուրախ եւ խաղաղ ապրել, մանավանդ որ տասնամյակներ շարունակ մարդկանց վախեցրել են Ադրբեջանի ահաբեկչական կրակոցներով ու սահմանին հայ զինվորների սպանություններով։ Այդ խաղաղ եւ անհոգ, ուրախ կյանքի համար Նիկոլը զոհաբերում է առաջին հերթին հայրենիք, հող, պետականություն, ապագա, բայց ցանկացած երկրի բնակչության համար այս նշածները կարեւոր չեն։

Բնակչությանը պետք է անվտանգ բնակվելու տարածք։ Ազգն է, որ հայրենիքի ու պետականության գաղափարի կրող է, իսկ բնակչությունը, մեծ հաշվով, կապ չունի ազգի հետ։ Նիկոլի ուշադրության կենտրոնում ոչ թե ազգն էր, այլ՝ բնակչությունը։ Ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը «լավ ապրելու եւ խաղաղ լինելու» գաղափարն էր մատուցում իր ընտրազանգվածին։ Իսկ ի՞նչ գաղափար տվեց ընդդիմությունը. «հեսա 300 հազար ադրբեջանցիներ գալու են լցվեն մեր տները», «հեսա բոլորս սոված մեռնելու ենք», «հեսա թուրքը գրավելու է Հայաստանը» եւ այդպես շարունակ:

Սրանք մարդկանց մեջ տագնապ եւ անհանգստություն առաջացնող մտքեր են, բայց եթե չկան լուծման բանալիներ ու միաժամանակ ապագայի գաղափար, ապա մարդիկ կամ ուրիշների են փնտրում իրենց տագնապների հաղթահարման համար, կամ ընդհանրապես չեն գնում ընտրության։ Նիկոլի առաջ քաշած «թուրքական խաղաղության» գաղափարը վատն է, թշնամական է, կործանարար է, բայց գաղափար է, իսկ ո՞րն է ընդդիմության հիմնական ուժերի գաղափարը։ Դիմադրությունը կարեւոր է, բայց միայն դիմադրելով առաջ չես գնա, պետք է նախաձեռնել հաջողության գաղափար, քանի որ մարդիկ վստահում են գործ անողներին։

Եթե ես լինեի հիմնական ընդդիմադիր ուժերի շարքում եւ ազդեի որոշումների վրա, մարդկանց կներկայացնեի «հակաթուրքական դաշինքի» եւ «Քրիստոնեական աշխարհի կենտրոնի» գաղափարները, որոնց շնորհիվ Հայաստանի անվտանգությունը ապահովված կլինի թշնամու ագրեսիայից, իսկ հանրությունը «մի փոր հացի» սիրահար բնակչությունից կվերածվի հայրենիք ճանաչող ազգի։ Սա բավական ազդեցիկ ու արդյունավետ գաղափար է, որի պտուղները կերեւան նույնիսկ ամիսների ընթացքում։

Ես հասկանում եմ, որ այս հրապարակումը մեր քաղաքական դաշտի շատ անձանց, հատկապես նորելուկների մոտ հեգնական ժպիտ կառաջացնի, բայց սա նրանց համար չէ։ Այս հրապարակումը գաղափարի արժեքից հասկացող մարդկանց համար է։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.