Երկար «լռությունից» հետո օրերս մայրաքաղաքում մասնակցում էի կանանց միամսյակին նվիրված մի միջոցառման՝ ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՈԳՈՒ ԵՎ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ նշանաբանով։ Նախաձեռնությունը՝ Նանար Պողոսյանի, տարբեր մասնագիտությունների գծով 50 տարեկանից բարձր 50 կանանց համար, ովքեր Արցախում արժանվույնս հետք են թողել իրենց գործունեությամբ։
Օրեր առաջ գեղեցիկ արցախուհու հետ հեռվից ծանոթանալն իսկ հաճելի զգացողության առիթ էր, իսկ երբ նույն հող ու ջրից ենք, կորուստներով անցած ու նորից վերածնվելու հույսին ապավինած, Նանարի կազմակերպած այս հանդիպումը ճիշտ ժամանակին էր, նաեւ՝ սպասված։ Մի քանի ժամեր համուհոտ ստացան, նորից մեզ տարան Արցախ, կարոտը թեւեր առավ, մտքերով մտանք հայրենի օջախներ, սրբեցինք մեր արցունքները, սեղմվեցինք մեր տան որմերին, համբուրեցինք պատերը՝ ապավինելով Աստծուն, որ հայրենին այլեւս չենք կորցնի:
Երախտապարտ եղանք բոլոր նրանց, ովքեր ընտրության նախաձեռնություն էին ստանձնել եւ հնարավորություն ստեղծել մեզ համար՝ մասնակցելու այս միջոցառմանը։ Առավել դժվարն այն 948 «անուններից» ընտրությունն էր, որ կատարվել էր: Առաջին հայացքից տպավորությունս բարձր էր, երբ մտա «Յանս» ռեստորանային համալիր։ Ամեն ինչ բարձր ճաշակով էր՝ արտաքին գեղեցկությամբ, բարեհամբույր ընդունելությամբ, արցախցիների հանդիպումներով, որ մի քանի ժամ մեզ կտրել էր իրականությունից ու հանձնել կարոտալից գրկախառնություններին, մտերմիկ զրույցներին:
Ամեն ինչ արցախոտ էր, երբ բարձր մշակույթն արվեստի գործիչներով մի յուրահատուկ միջավայր էր ստեղծել հաղորդավարներ Լուիզա Ներսիսյանի, Ռաֆայել Երանոսյանի հյութեղ խոսքով, ապա նրանց միացած Նազենի Հովհաննիսյանի հուզառատ ելույթով, երգիչ-երգչուհիներ Վարդան Բադալյանի, Շուշան Պետրոսյանի, Գայա Արզումանյանի` Արցախին, հայրենի հողին, մեր զոհված տղաներին նվիրված հոգեհմա, հուզաթաթավ երգերով, Ռուբեն Սյունեցու, Արսեն Գրիգորյանի (Մրո) ազգային երգ-պարերով։
Միամսյակի շնորհավորանքն արտահայտվեց նաեւ կանանց նվիրած ծաղիկներով, նվերներով, ջերմ խոսքերով: Ծաղկառատ էր մեր շուրջը, արցախահամ էին հյուրընկալ սեղանները, որքա՜ն շատ սրտի խոսքեր, ոգեշունչ ասմունք ու ելույթներ հնչեցրին, անգամ Արցախի կանանցից երգեցին, երախտագիտության խոսք ուղղվեց միջոցառման կազմակերպիչներին` հանձին Նանար Պողոսյանի, ով ներկայացրեց այն ճանապարհը, որն անցել էր այդ գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Շատ մեծ էր բոլորի երախտագիտությունը՝ հասցեագրված հովանավորներ տեր եւ տիկին Վանեցյաններին, տիկին Նարինեին՝ իրենց մարդկային բարի գործի առաքելությամբ։
Մեկընդմեջ մեզ հմայում էր տղաների եւ աղջիկների պարային «Հաճըն» համույթը։ Հյուրեր կային, որ հանդես եկան սրտառուչ ելույթներով, ոգեղեն ասմունքով, տարբեր մասնագետներ կային՝ պատերազմներով անցած, հարազատներ կորցրած կանայք, սգվոր մայրեր… Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու: Եվ Արցախն այնքա՜ն մոտ էր մեզ, մեր սրտերում, մեր շուրթերին, մեզնից հավերժ անբաժան:
Նատաշա Պողոսյան

