22.02.2024

Еженедельный Обзор

10-17 դեկտեմբերի

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ՝ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այդ մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: «Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի նախահարձակ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»,- ասված է միջադեպի առնչությամբ տարածված հայտարարությունում: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիան անցկացնում են բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Ակցիայի մասնակիցները տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

 

Մեկնաբանությունը

Ադրբեջանցի «բնապահպանները» Ստեփանակերտ-Գորիս մայրուղին (այլ կերպ՝ Լաչինի միջանցք) առաջին անգամ փակել էին դեկտեմբերի 3-ին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, ապա երեք ժամ անց, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, բացել էին: Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունից շատ չանցած՝ Բաքուն հայտնել էր, որ բնապահպան մասնագետների խումբ է գործուղել ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու եւ վերահսկելու օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու դրա բնապահպանական հետեւանքները»։ Այսինքն՝ ուզում էր հասկացնել, որ տեր-տիրականն այստեղ ինքն է:

Հետաքրքիր է՝ իսկ «բնապահպանական հետեւանքների» մասին այդքան մտահոգվող Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտակա անտառային տարածքներում, որտեղ հրետակոծությունից հայ ընտանիքներ էին պատսպարվել, միջազգայնորեն արգելված «սպիտակ ֆոսֆոր» քիմիական զինատեսակ կիրառելիս՝ բնապահպանական եւ հումանիտար հետեւանքների մասին չէ՞ր մտածում: Թե՞ Ալիեւին թվում էր՝ հայ խաղաղ բնակչության դեմ կարելի է միջազգային կոնվենցիաներով չթույլատրվող մահաբեր զենք կիրառել ու անպատիժ մնալ: Սրանով պետք է պատկան մարմինները լրջորեն զբաղվեն, ընդ որում՝ միջազգային փորձագետների մակարդակով:

Հիմա գանք դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի արգելափակման միջադեպին, որն, ըստ էության, առաջինի շարունակությունն էր, բայց ավելի պատրաստված եւ Հայաստանի ու մնացյալ աշխարհի հետ Արցախի միակ ճանապարհը, որը կարելի է «կյանքի ճանապարհ» անվանել, ավելի տեւական ժամանակով փակի տակ պահելու մտադրությամբ: Դա երեւում էր «բնապահպանների» հագուկապից, գիշերակացի հանդերձանքից, վրանների, դաշտային վառարանների եւ այլ պիտույքների առկայությունից: «Բնապահպանների» խումբն այս անգամ շատ ավելի ներկայացուցչական էր՝ հեռուստալրագրողներով, օպերատորներով, միգուցեւ՝ համապատասխան հրահանգիչներով ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներով:

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարություն էր տարածել, թե ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ից բնապահպանության նախարարության մասնագետները ստուգումներ են սկսելու Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում: Սակայն ակներեւ էր, որ հիշատակյալ հանքավայրերը միայն պատրվակ էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կաթվածահար անելու եւ Արցախի 120 հազար բնակչությանը մարդասիրական աղետի մատնելու համար: Եվ որպեսզի այդ աղետի պատկերն ամբողջանա՝ դեկտեմբերի 13-ից «բնապահպաններն» անջատեցին նաեւ Ստեփանակերտ մտնող գազատարը:

Լավ, եթե ադրբեջանական առաքելության նպատակն իրոք բնապահպանական խնդիրների կարգավորումն է, այդ դեպքում ո՞րն է գազատարը փակելու եւ ձմռան այս ցրտին մարդկանց գազամատակարարումն ընդհատելու իմաստը: ԼՂՀ-ի պաշտոնական շրջանակները համոզված են, որ Բաքվի այս անմարդկային արարքը Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելու մասին պարզ վկայություն է: Այս «ահաբեկչական քայլը», ըստ Արցախի ԱԳՆ-ի, խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունն ու «նենգ հարված է հասցնում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող ՌԴ-ի խաղաղապահ առաքելության հեղինակությանը»:

Պետք է նկատել, որ հետպատերազմյան ողջ շրջանում՝ հատկապես վերջին 1-2 ամսում, Ադրբեջանը կեղծ տեղեկատվական հիմքեր ու առիթներ է ստեղծում Լաչինի միջանցքի նկատմամբ իր օրինակարգությունը վերահաստատելու եւ մայրուղու վերահսկողությունն իր ձեռքը վերցնելու համար: Այդպիսով՝ Ադրբեջանը կկարողանա. ա/ սահմանափակել արցախցիների ազատ տեղաշարժը՝ դրա բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, եւ բ/ ի հակակշիռ Լաչինի միջանցքի՝ նույն կարգավիճակով ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ չնայած սկզբունքորեն տարբեր այս երկու իրավիճակների անհամեմատելիության հանգամանքին:

Ուրեմն՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, ինչպես փորձեցինք պարզել, այնքան էլ «բնապահպանական ակցիա» չէ, այլ ուղղված է Սյունիքով «միջանցք» բացելուն, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս բերելուն: Ադրբեջանը լավ է հասկանում, որ արցախաադրբեջանական շփման գծից ռուս խաղաղապահների դուրս գալը Արցախի հայաթափման ամենակարճ ճանապարհն է: Փույթ չէ, թե հայաստանյան որոշ շրջանակներ անգիտակցորեն, թե դիտավորությամբ «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»՝ ժամանակ առ ժամանակ հնչեցնելով հակառուսական կոչեր, ինչն ինքնին ռուսական զինվորական անձնակազմի դուրսբերման պահանջ է նաեւ ենթադրում:

…Այժմ համայն հայությունից, ավելի քան երբեւէ, սթափություն է պահանջվում: Թշնամին շրջափակման օղակի մեջ է առել 120 հազար մեր հայրենակիցներին, ազգակիցներին: Նույն օրը, նույն ժամին Հայոց առաջնորդությունը ստանձնած անձը բաց տեքստով հայտարարում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում: Սա կատակ բան չէ: Անտարբերության թմբիր է դարձյալ իջել ազգի արժանապատվության, ինքնասիրության, պատվախնդրության զգայարանների վրա: Մեզ ուզում են թեւաթափ անել, բթացնել մեր կամքը, թասիբը, ազգային ինքնության զգացողությունը: Հիմի է՞լ լռենք, եղբա՛րք…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Դեկտեմբերի 12-ին ունեցած հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետեւողական քայլերի իրականացումը: ՌԴ նախագահն ընդգծել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ եւ հարակից փաստաթղթերով նախատեսված պահանջների կատարման անհրաժեշտությունը: «Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ տրանսպորտային-լոգիստիկ եւ առեւտրատնտեսական կապերի վերականգնմանը:

Երեւանում դեկտեմբերի 11-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում, որին մասնակցում էր 16 երկիր, հաղթող ճանաչվեց Ֆրանսիան ներկայացնող Լիսանդրոն՝ իր «Oh Maman» երգով: Մրցույթում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը Dance ստեղծագործությամբ ներկայացնում էր Նարեն, ով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին ավելացվում են ժյուրիի ձայները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնից: Դումանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020թ. նոյեմբերի 23-ին: ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել է Ժաննա Անդրեասյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ազատվել է փոխվարչապետի պաշտոնից: Մաթեւոսյանը փոխվարչապետ էր նշանակվել 2021թ. նոյեմբերին: Մինչ այդ նա երեք տարի զբաղեցրել է Արմավիրի մարզպետի պաշտոնը:

Երկուշաբթի օրը Հայաստանի ԱԳ Արարատ Միրզոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնեւի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին է ներկայացրել «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը եւ դրանից բխող վտանգները»: Նախարարը նշել է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության եւ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Արցախի եւ Հայաստանի ՄԻ պաշտպանները դեկտեմբերի 14-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ միջազգային դերակատարներին կոչ անելով գործադրել հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը: Հայտարարությունում նաեւ ասված է. «Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը»։ Օմբուդսմենների փոխանցմամբ՝ վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության եւ այլ կենսական ու անքակտելի իրավունքները:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.