Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Ազգային ժողովի հոռի բարքերը, կարծս թե, հետզհետե ներթափանցում են Երեւանի ավագանու նիստերի դահլիճ՝ թեպետ այդտեղ էլ ի վերուստ «լուսաբացները» խաղաղ չեն եղել: Հունիսի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլին որոշ մանրամասներ է պատմել ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր–Եսայանը: Ծեծկռտուքի ժամանակ վերջինս նույնպես վնասվածք է ստացել դեմքին, աչքերի տակ՝ կապտուկներ: Տեր-Եսայանի խոսքով՝ իշխանությունները ծանր են տանում խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերի համատեղ մասնակցությունը:
«Իշխանություններն ընկճված են. նրանք հասկացան, որ պարտվել են հավաքական ընդդիմությանը, իրենց շատ վատ զգացին սահմանադրական մեծամասնություն կազմելու պլանը ձախողելու համար, ինչում մեղադրում են ընդդիմությունը ու նրան քաղաքական խանդով են վերաբերվում»,- նշել է ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը: Աշխատանքային մթնոլորտի թունավորումը, ըստ նրա, գալիս է քաղաքապետարանի ղեկավար կազմից՝ Տիգրան Ավինյանից, նրա տեղակալներից ու վարչության պետերից: Մեկը մեկին այն իրավիճակն է, ինչպես ԱԺ-ում, որտեղ բացասական էներգիայի աղբյուր են վարչապետը, խորհրդարանի խոսնակն ու նրանց մերձավորները:
ArmLur.am-ի տեսախցիկն արձանագրել է Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու նիստը վարող Արմեն Փամբուկչյանի անվայելուչ պահվածքը եւ ղեկավարին ոչ հարիր բառամթերքը՝ «Արա՛, լսի, ա՛յ տղա, դավայ ստուց», «եռագլուխ դեւեր», «պետական դավաճանի պաշտպանյալներ» եւ այլն: «Պետական դավաճան» ասելով՝ Փամբուկչյանը նկատի ունի «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թեւանյանին, որին ցայսօր չհաստատված մեղադրանքով կալանքի տակ են պահում: Տեսանյութերից մեկում պարզ երեւում է նաեւ ավագանու խորհրդի անդամ երկու կանանց՝ Աննա Խաչատրյանի եւ Աննա Ավետիսյանի միջեւ ծագած քաշքշոցը:
Այն բանից հետո, երբ իշխանական Աննա Խաչատրյանը, ջուր շփեց մյուսի դեմքին եւ ապտակ ստացավ նրանից, կանանց միջեւ տեղի ունեցավ գործողությունների «հուզական փոխանակում», որը հայտնի չէ, թե ինչով կավարտվեր, եթե բարեհամբույր մի տղամարդ չբաժաներ նրանց իրարից: Խաչատրյանը Երեւանի ավագանու խորհրդի անդամ է ընտրվել 2023 թ. ՏԻՄ ընտրություններում՝ «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակով: Իսկ Աննա Ավետիսյանը ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է, ճանաչված երգչուհի, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ձեռք բերելով բարձրագույն երաժշտական կրթություն եւ զբաղվելով երգչախմբային գործունեությամբ:
Կյանքում բավական հաջողած երկու տիկին, որ կարող էին լավ ընկերուհիներ լինել, բայց իրար մազեր են փետում: Կամ՝ քաղաքամայր Երեւանի խնդիրները համատեղ լուծելու համար կոչված տղամարդկանց պատկառելի խումբը. իրենց գործընկերներից մեկին՝ Գրիգոր Իսկանդարյանին, որի հետ ընդամենը տարբեր քաղաքական հայացքներ ունեն, հրմշտելով, քաշքշելով դահլիճից հանում են միջանցք՝ հեռու տեսանկարահանող սարքերից եւ սկսում են ծեծել՝ հետն էլ չարախնդալով, թե՝ «քեզ հիմա բոքսի «տանձիկ» կդարձնենք, արա»: Նույն կերպ են վարվում նաեւ կռիվը զսպելու եկած Տեր-Եսայանի հետ, որ Գրիգորի թիմակիցն է: Արդյունքում ավագանու ընդդիմադիր անդամը տեղափոխվում է հիվանդանոց:
Հայաստանում այսօր քաղաքակրթական ճգնաժամ է եւ հանդուրժողականության սով: Ատելության խոսքը, ըստ ղարաբաղցի-հայաստանցի, սեւեր-սպիտակներ, մերոնք-ձերոնք հատկանիշների մարդականց պիտակավորումը ազգը տրոհել եւ շարունակում են տրոհել միմյանց դեմ թշնամաբար տրամադրված տարամետ հատվածների՝ կազմալուծելով հասարակությունն ու սասանելով պետության հիմքերը: Այս արատավոր գործընթացը Հայաստան մտավ 2018 թվականի գարնանը՝ իբրեւ այսպես կոչված՝ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն, սակայն իրականում լինելով մեր արժեհամակարգին, ավանդույթներին ու ազգային բնույթին հակոտնյա «թավշյա չարիք», որից արդեն ավելի քան ութ տարի պրծում չկա: Ցավո՛ք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում հետագա անդամակցության հեռանկարը կազմակերպության բարձրագույն ղեկավարությունը մանրակրկիտ կքննարկի, ըստ ՏԱՍՍ-ի՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլեւը։ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա նշել էր, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երեւանը դա ի գիտություն կընդունի։ Իսկ հարցին՝ ՀՀ-ն շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր. «Չենք պատրաստվում որեւէ բան փոխել»:
Դատարանը հունիսի 24-ին բավարարեց Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը. «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողը երկու ամսով կալանավորվեց: Փաստաբանի պնդմամբ՝ որոշումն իրավաչափ չէ, եւ այն բողոքարկելու են: Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ «ՀայաՔվե»-ի համակարգողը, ըստ փաստաբանի, «ծայրից ծայր սուտ» է որակում մեղադրանքը: Չալաբյանի կինը համոզմունք էր հայտնել, որ քաղաքական նկատառումներով են մեկուսացնում ամուսնուն:
Այսպես կոչված՝ Արեւմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը, ըստ համանուն կեղծ համայնքի նախագահ Ազիզ Ալեքպերլիի, պետք է դառնա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը: «Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության մասին»,- չորեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան. պատմական արդարության եւ մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը պնդել է Ալեքպերլին:
Քննչական կոմիտեն հունիսի 23-ի առավոտյան խուզարկել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու ավտոմեքենան: Քննչական կոմիտեն առայժմ չի բացահայտում, թե ինչ գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը եւ ինչ կարգավիճակ ունի ընդդիմադիր պատգամավորը: Սաղաթելյանը խուզարկությունից հետո լրագրողներին հայտնեց, որ քննիչները գործողություն էին իրականացնում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահանջները չկատարելու հետ կապված վարույթի շրջանակներում: Քննիչները, ըստ Սաղաթելյանի, տնից զարդեր ու կանխիկ գումար են առգրավել:
Հունիսի 22-ին պարզ դարձավ, որ ուժը կորցրած է ճանաչվել Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան արտոնագիրը. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նախորդ շաբաթ էլ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր դադարեցնել Օղակաձեւ զբոսայգու տարածքում գտնվող «Մուլտի վելնես» կենտրոնի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը, ի վերջո, դուրս կգա քաղաքականությունից՝ հաշվի առնելով, որ ընտրություններից հետո նրան պատկանող մի շարք բիզնեսներում ստուգումներ են սկսվել: ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը համոզված է՝ «իշխանությունը ճնշումներով ոչնչի չի հասնելու»:

