Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

21-28 հոկտեմբերի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Երկուշաբթի օրը Թեհրանում «3+3» ձեւաչափով տեղի ունեցավ ԱԳ նախարարների մակարդակով երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի պետությունների ու նրանց երեք խոշոր հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։ Վրաստանն ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու տարածաշրջանային այդ խորհրդատվական հարթակի նախաձեռնությանը եւ, հետեւապես, «3+3»-ի հանդիպման սեղանի շուրջ նրա տեղը դատարկ էր: Թեհրանյան հանդիպման օրակարգում Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության եւ համագործակցության հարցերն էին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների թեման:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է 9 կետից բաղկացած հայտարարություն, որի առաջին կետում ընդգծված է տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման եւ Մարդու իրավունքների հարգման կարեւորությունը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների վրա: Տեքստը հրապարակված է: Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումը գումարել Թուրքիայում՝ 2024-ի այն ամսաթվին, որը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով:

Հարավկովկասյան տարածաշրջանում ծագած խնդիրների, մարտահրավերների ու հեռանկարների քննարկման համար «տեղական» հարթակ ստեղծելու գաղափարի մասին առաջինը խոսել էր Թուրքիան Արցախի 44-օրյա պատերազմից հետո: Եվ դա հասկանալի է՝ «3+3»-ը թուրք-ադրբեջանական զույգի համար հավելյալ լծակ է՝ ընդդեմ Հայաստանի: Ձեւաչափի մյուս երկու անդամի՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ «զույգը» կարող է սկզբունքային հարցերում հեշտությամբ պայմանավորվել, ինչի արդյունքում տուժողը, որպես կանոն, Հայաստանն է լինելու: Դրա օրինակները մենք ունենք: ՀՀ անհեռատես իշխանությունը՝ տարվելով Արեւմուտքի հովերով, իրեն սխալ պահեց թե՛ ՌԴ-ի եւ թե՛ Իրանի հետ հարաբերություններում:

Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ, ռազմավարական գործընկերոջը ոչ հարիր քայլերը, անխոհեմ հռետորաբանությունը արժանացան նրա համարժեք վերաբերմունքին, որի դառնագին հատուցումը դեռ հետեւելու է: Այդ ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան օգտվել բարեպատեհությունից եւ, ինչպես ասում են, «յուղ լցնել կրակին»՝ էլ ավելի պրկելով ռուս-հայկական հարաբերությունները: Ինչ վերաբերում է Իրանի դժգոհությանը՝ բավական է հիշել վերջինիս կամքին հակառակ տարածաշրջան եվրոպացի դիտորդներ հրավիրելը, որը Փաշինյանի մտահղացումն էր: Առհասարակ՝ Իրանը հակված է հարցերը տարածաշրջանի երկրների փոխգործակցության միջոցով լուծելուն՝ առանց արտաքին դերակատարների ներգրավման:

Ի՞նչ է մնում անել Հայաստանին՝ շարունակե՞լ մասնակցությունը տարածաշրջանային «3+3» պլատֆորմին, որտեղ բացառված չէ հայ-թուրքական զույգի կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու վտանգը, թե՞ հարեւան Վրաստանի օրինակով ապավինել Արեւմուտքին, որին Երեւանն այսօր հառել է իր հայացքը: Անշուշտ՝ տարածաշրջանային հարթակի հավելյալ հնարավորությունը ոչ մի խելամիտ ղեկավար ձեռքից չի տալ, այլ կերպ ասած՝ չի թողնի որ իր հարցերն ուրիշները լուծեն՝ առանց իրեն: Չնայած Փաշինյանի պես վարչապետ եւ Միրզոյանի պես դիվանագետ ունեցող պետության հարցերն ամեն դեպքում ուրիշներն են լուծում: Մեր արտաքին քաղաքականության ձախողումները հենց դրա հետեւանք են:

 

Բայց ձախողումները սոսկ արտաքին ճակատում չեն: Անհաջողակների պակաս չկա նաեւ ներհայաստանյան որոշումներ կայացնողների շարքերում, որոնցից մեկին՝ մի քանի շաբաթվա պաշտոնյա Տիգրան Ավինյանին, մամուլը ներկայացրել է հանրության դատին: Իր առաջին որոշումներից մեկով Ավինյանը Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգեւատրել է ՆԳՆ Ոստիկանության Երեւանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանին: Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության փոխգնդապետն այդ պարգեւին արժանացել է հասարակական կարգի պահպանության գործում ներդրած «նշանակալի ավանդի եւ բարեխիղճ գործունեության համար»:

Թվում է՝ հասարակական կարգի քաջարի պահապանների անունները պանծացնելու լավ առիթ կա, եւ երախտապարտ քաղաքացիներն ուր-որ է՝ շնորհավորական ուղերձների ու սրտագին խոսքերի տարափ կտեղան ի պատիվ ոստիկանության արժանավոր սպայի եւ ժողովրդասեր հրամանատարի: Բայց արի ու տես, որ ներբողներ չհնչեցին, փոխարենը սոցցանցերում տիրապետողը դժգոհություններն ու պարսավանքներն էին, անգամ՝ վիրավորանքները: Բանն այն է, որ Հայկազ Ջոմարդյանը փաստորեն վատահամբավ կարմիրբերատավորների շեֆն է, որոնց ժողովուրդը կնքել է «մարդ ծեծողներ» անունով:

Այն, ինչ անում են «կարմրաբերետներն» ու «սեւբերետները» հակաիշխանական խաղաղ ցույցերը ցրելիս կամ Նիկոլի աթոռը պաշտպանելիս՝ «նշանակալի ավանդ» կամ «բարեխիղճ գործունեություն» չես անվանի: Ուրեմն ո՞ր ծառայությունների համար էր Ավինյանը ոսկե մեդալ տալիս ՀՀ թիվ մեկ «մարդ ծեծողին»: Ամեն ինչ շատ պարզ է՝ դա այն ջանքերի եւ հավատարմության գինն է, որին արժանանում են ուժայինները Նիկոլի իշխանությունն անառիկ պահելու համար: Որքան ուժգին է բերետավոր ենիչերիների տված ծեծուջարդը, այնքան բարձր է վարձատրությունը: Ընդ որում՝ կապ չունի, թե ով է այդ պահին ընկել ռետինե մահակի բերանը՝ 15-ամյա պատանի՞, ճերմակազարդ պապի՞կ, թե զոհված զինծառայողի սեւազգեստ մայր:

Ի դեպ՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 2022թ. սեպտեմբերի 21-ին հենց Ջոմարդյանի հրամանով էին «Եռաբլուրից» բռնության գործադրմամբ բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Հանրային մեծ աղմուկից հետո նույնիսկ քրեական գործ էր հարուցվել, սակայն մինչ օրս քրեական վարույթով ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Փոխարենը միջադեպից 11 ամիս անց հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոս հայորդիների ծնողների նկատմամբ բռնություն կիրառելու հրաման տված անձը Երեւանի նորելուկ քաղաքապետի ձեռքից ոսկե մեդալ ստացավ:

Դե, իհարկե՝ իշխանությունն իր լավագույն կադրերին ըստ արժանվույն գնահատել գիտի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված է նաեւ ՀՀ-ի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Համաժողովին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը Թբիլիսի էր ժամանել նախօրեին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ֆրանսիացի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանն ու Փարիզը ստորագրելու են ռազմատեխնիկայի մատակարարման պայմանագիր, ինչի պատճառաբանությամբ էր նաեւ, որ Ալիեւը չեղարկեց Գրանադայի բանակցություններին իր մասնակցությունը: Եվ, չնայած Բաքվի խիստ քննադատությանը, փոխադարձ պայմանավորվածությունը ձեռք բերվեց, եւ գործարքը բարեհաջող կայացավ:

Եվրոպայի խորհրդի ՄԻ հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 23-ին Բաքվում հանդիպում է անցկացրել, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ըստ APA լրատվականի, համայնքի երիտասարդական կառույցի փոխնախագահը եւ այլ անդամներ նրան պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին: Վերջինս կարեւորել է բոլոր փախստականների՝ այդ թվում ՀՀ-ն լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Նախորդ շաբաթ ԵԽ ՄԻ հանձնակատարը Երեւանում էր, որտեղ վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ քննարկել էր ավելի քան 100 հազար արցախցիների տեղահանության հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը:

Երկուշաբթի օրը Ազգային ժողովի ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարանի նախագահին։ Չարչյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա այդ յոթ օրերի ընթացքում դիմումը հետ չվերցնի:

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» եռօրյա համատեղ մարտավարական զորավարժությունները՝ Ադրբեջանի բանակի եւ Թուրքիայի ԶՈՒ զինծառայողների մասնակցությամբ։ Դրանք, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, անցկացվում են երկրի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջեւանում եւ իրենց վերահսկողությանն անցած տարածքներում, ներառված են մինչեւ 3000 անձնակազմ եւ 130 միավոր զրահատեխնիկա: Տեսնես՝ հայտնի կենդանու ականջում քնած մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը գոնե գիտի՞, թե ում դեմ են ուղղված այդ զորավարժանքները…

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: