Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

7-14 սեպտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած՝ 8-րդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանը սկսվեց հակաարցախյան տրամադրությամբ, որին տոն տվողը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էր: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ծրագրվո՞ւմ է առաջիկայում ՀՀ-ի եւ Արցախի միջխորհրդարանական փոխգործակցության հանձնաժողովի նիստ գումարել, Սիմոնյանը «չորով» պատասխանեց, որ այդ ձեւաչափը պետք է չեղարկվի։ «Կարծում եմ՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր»,- նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ խոսնակը:

Իզուր անցան վերջինիս համոզելու՝ ընդդիմադիր պատգամավորի ջանքերը, որի հիմնավորմամբ՝ Արցախի Ազգային ժողովը չեղյալ համարելու վերաբերյալ իրավական որեւէ ակտ չկա: ՀՀ ԱԺ նախագահը, սակայն, չընկրկեց՝ պնդելով, որ «Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլեւս գոյություն չունի, եւ նման կարգավիճակ եւս ոչ ոք չունի՝ ընդ որում ԼՂ իշխանությունների որոշմամբ»։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել էին, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունն ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։

Արցախի լուծարման հրամանագիր ստորագրելու մեջ ԱՀ վերջին նախագահին  մեղադրելը առնվազն անազնիվ է: Այն, որ տվյալ խնդրի հետ կապված ողջ գործընթացը գտնվել է Փաշինյանի վերահսկողության տակ, այն, որ չարաբաստիկ ստորագրությունը դրվել է Սամվել Շահրամանյանի՝ նախագահ ընտրվելուց (ավելի տեղին կլինի ասել՝ պատասխանատվությունն այդ մարդու «ջեբը» գցելուց) հաշվված օրեր անց, այն, որ ստորագրված փաստաթուղթը իրավական ուժ չունի, հայտնի փաստեր են: «Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»,- դեռ նախորդ տարեվերջին պաշտոնապես հայտարարել էր Շահրամանյանը:

Բայց Հայաստանում Արցախի ձայնը լսել անգամ չեն ուզում: Ալեն Սիմոնյանն ասում է, որ Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի իմաստն էլ պետք է վերանայվի։ Խնդրեմ՝ հիմա էլ շենքն են պատրաստվում վերցնել: Ադրբեջանը չեղած տեղը, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն է կազմավորել Բաքվում, իսկ մերոնք ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարության ստեղծումն արգելելուց հետո որոշել են ներկայացուցչության շենքն էլ իրենցով անել: Այդ շենքի վրա երեք ամիս առաջ մեկ գրոհ արդեն եղել է, երբ մի խումբ դիմակավորներ, հայտնի անձի հրահանգով, ջարդել էին շենքի դարպասներն ու առեւանգել Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան:

Ինչո՞ւ: Քննչական կոմիտեից ասում են՝ մեքենան առգրավել են էական նշանակության հանգամանքներ պարզելու համար։ Թող էլի պարզեն, բայց այդպես վայրագաբա՞ր… Չէ՞ր կարելի Ոստիկանության հատուկ ջոկատայիններից երկու հոգի ուղարկել տարածք՝ հանգիստ մթնոլորտում պարզելու՝ ինչն ինչոց է: Խանգարող կա՞ր: Դիմադրություն եղե՞լ է: Չի եղել: Ուրեմն՝ ինչո՞ւ ոչ քաղաքակիրթ եղանակով: Ակնհայտ է, որ իշխանությունը ճնշում է գործադրում արցախցիների վրա՝ «Սրբազան պայքարին» միանալու համար: Ուղղակի իշխանությանը տեսարան էր պետք սարքել, որպեսզի ցույց տար, որ այստեղ տերն ինքն է, եւ իր դեմ խաղ չկա:

Վերը հիշատակված նստաշրջանի ավարտին ճեպազրույց տրվեց, որտեղ հնչեց այսպիսի միտք. «Մեր զինծառայողները գնում, զոհվում էին Արցախի համար»: Ասողը շուկայում կանաչեղեն վաճառող անգրագետ մեկը չէր, թերի կրթությամբ տաքսու վարորդ չէր, ոչ էլ հայության կյանքում Արցախի արժեքը չգիտակցող անհայրենիք ինչ-որ անցորդ: Ասողը մեր երկրի երկրորդ դեմքն էր՝ նույն ինքը Ալեն Սիմոնյանը: Ճանաչեք ազգը չարամտորեն մասնատողներին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության լրատվականը՝ այլ մանրամասներ չփոխանցելով: Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն առայժմ չի հրապարակել: Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար: Փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը Հայաստանում։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին սեպտեմբերի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը՝ միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու եւ հարեւանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Հայաստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Իրանի դիրքորոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: «»Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, եւ որեւէ ուժ չի կարող խզել Իրանի եւ Հայաստանի տարածքային կապը»,- ասել է Գրիգորյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան. այդ մասին հայտնել են նախարարությունից։ Այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Ավելի վաղ Պապիկյանը Կորեայում էր, որտեղ մասնակցում էր «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթաժողովին, այլ քննարկումների: Ըստ ՊՆ-ի՝ քննարկվել են գագաթաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր:

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի, կուսակցությունների, Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ. այդ մասին տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։ Ըստ հաղորդման՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռեւս չի կայացել՝ Տեր-Պետրոսյանի «գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով»։ Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ մանրամասն չի խոսում:

Ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-ին դուրս եկավ «Նուբարաշեն»-ի բանտից։ Դատարանը նախօրեին փոխել էր Աշոտյանի կալանքի միջոցը՝ կիրառելով տնային կալանք եւ 25 միլոն դրամ գրավ։ Աշոտյանը մեղադրվում էր կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացում, հափշտակություն կազմակերպելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու համար։ Փողերի լվացման մասով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը դեռ 2023-ին հաստատել էր հիմնավոր կասկածի բացակայությունը: Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում Փաշինյանին քննադատելու համար:

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: