Չորեքշաբթի, Մարտի 25, 2026

Շաբաթվա անցուդարձ

15-22 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված էր մայիսի 20-ին նախ՝ Կառավարության, ապաեւ ԱԺ արտահերթ նիստում հայտարարել, որ պատրաստվում է ստորագրել Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ նախօրեին համացանցում զետեղած աղմկահարույց փաստաթուղթը։ Փաշինյանի խոսքով` այն 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին։ «Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99,9, այլ՝ հենց 100։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն այն չի հրապարակել, քանի որ կոռեկտ չէ քննարկման փուլում աշխատանքային փաստաթղթի հրապարակումը։

Մինասյանի հրապարակած հակահայկական փաստաթուղթը, որն, ըստ նախկին դեսպանի, ունի նաեւ գաղտնի հավելված, մեծ աղմուկ էր հանել լրատվամիջոցներում եւ սոցցացերում: Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունները գնալով թափ էին ստանում: Ձեւավորվել էր համընդհանուր տեսակետ, թե Փաշինյանը շարունակում է Իլհամ Ալիեւի հետ նախնական բանավոր պայմանավորվածությունների շրջանակում տարածքներ զիջել Ադրբեջանին: Մինասյանի պարզաբանմամբ՝ մայիսի 18-ին ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կնքվելիք այդ փաստաթղթի ձեւակերպման աշխատանքը: «Փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ շարադրանքով, ըստ էության, ձեւակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետանքներով»,- գրում է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը։ 

Սահմանազատումը, ըստ նրա, խարսխված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության եւ այդ պահին եղած իրական պատկերի։ Մինասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս չափումների հիմքով քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 6 գյուղերի ու Արարատի մարզի մեկ գյուղի՝ Տիգրանակերտի (Քյարքի) հանձնումը Ադրբեջանին։ Ամեն հարցում, ինչպես գրում է Մինասյանը, նա իր համաձայնությունը տվել է՝ միաժամանակ Ալիեւին ներկայացնելով երեք նախապայման ստորագրելու համար. ա/ նախքան ընտրությունները Հայաստանից դուրս բերել ադրբեջանական զորքերը; բ/ վերադարձնել գոնե մի քանի ռազմագերի եւ գ/ 6 գյուղերը հանձնելու մասին ձեւակերպումները գրել հնարավորինս լղոզված, որպեսզի դա չխանգարի իր վերընտրվելուն: Արա Այվազյանը հրաժարվել է որեւէ առնչություն ունենալ այդ փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է ստորագրմանը: 

Հարց է ծագում՝ ի՞նչ օրինակարգությամբ է վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում ժողովրդի անունից եւ դարձյալ նրա թիկունքում ստորագրել երկրի համար բախտորոշ փաստաթղթեր, ո՞վ է նրան լիազորել այդպիսի հանձնառություն: Երկրի վարչապետի պաշտոնից հրաժարված, դե յուրե լիազորությունները կորցրած Փաշինյանը, «Հայաստան» դաշինքի գնահատմամբ, իրավազոր չէ Կառավարության անունից ստորագրել որեւէ փաստաթուղթ, հետեւաբար նրա ստորագրությամբ ձեռք բերված ամեն մի համաձայնություն առոչինչ է: «Սեփական իշխանությունն ամեն գնով պահպանել փորձող Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծել է քաոս եւ պատրաստ է պետության ու հայրենիքի հաշվին կատարել ցանկացած ազգադավ գործողություն։ Վիճակը հետագայում շտկելը գերմարդկային ջանքեր է պահանջելու»,- ասված է դաշինքի մայիսի 20-ին տարածած հայտարարության մեջ: 

Ելնելով վերոնշյալից, «Հայաստան» դաշինքը գտնում է, որ Կառավարությունը՝ ապարտավոր է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի  լիազորությունների ապօրինի կատարումը; բ/ հայ ժողովրդի կենսական շահերը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարող են ապահովել միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններով ձեւավորվելիք նոր իշխանությունները; գ/ Կառավարության պարտքն է՝ հնարավոր բոլոր միջոցներով կազմակերպել ՀՀ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումը: 

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ գաղտնի փաստաթղթին անդրադարձել են նաեւ հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ՝ մտահոգություն հայտնելով ազգային շահերի հնարավոր ոտնահարման առնչությամբ: «Ես հույս ունեմ, որ կլինեն վճռական գործողություններ, քանի որ այս իշխանությունների ամեն օրն ու ամեն ժամը հղի են վտանգավոր գործողություններով»,- Tert.am–ի հետ զրույցում ասել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: Ոմանք անընդունելի են համարում հայկական կողմի համար ոչ նպաստավոր այս պահին սահմանազատման աշխատանքների իրականացումը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ «ոչ մի սահմանագծում չի կարող լինել, քանի դեռ Արցախի կարգավիճակը հստակեցված չէ, քանի դեռ հայանպաստ լուծում չի ստացել Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի կորցրած այլ հատվածների ճակատագրի հարցը»: 

Մարդիկ այլեւս չեն վստահում այս «ստի իշխանությանը», շատերն ուղղակի կոչ են անում «ազգադավ իշխանություններից» ազատվել օր առաջ՝ չսպասելով հունիսյան արտահերթ ընտրություններին: «Եթե ուզում ենք ազգ լինել, պետություն լինել, պետք է րոպե առաջ այս կապիտուլյանտների իշխանությունը հեռացվի, այլ տարբերակ չկա»,- երկու օր առաջ Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողության մասնակիցներին կոչ էր անում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը: 

Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Փաշինյանը հավաստիացնում էր, թե առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ որեւէ որոշում չի կարող կայացվել, բայց վերջում նա գաղտնագողի, նույնիսկ իր թիմակիցներից ծածուկ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց։ Իսկ ի՞նչ է կատարվում այժմ։ Ոչ ոք չգիտի։ Պատերազմից դասեր չքաղած իշխանությունը վերստին ստվերային բանակցությունների մեջ է եւ նորից ժողովրդին չի տեղեկացնում իրեն սպասող ճակատագրի մասին։ Բայց մինչեւ ե՞րբ:

 

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու եւս մեկ անձնավորություն մայիսի 17-ին ոստիկանություն բերման են ենթարկվել ծեծի կասկածանքով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ոստիկանության լրատվության վարչությունից։ Նախկին վարչապետն այդ օրը երեկոյան Ազատության հրապարակում ներկա է գտնվել Հրանտ Բագրատյանի նախաձեռնած հավաքին, որտեղ աշխարհազոր կազմավորելու նպատակով մարդիկ էին ցուցակագրվում։ Այդ հավաքի ընթացքում, ըստ փաստաբանի, մեկ անձ սադրել է, իրեն անպարկեշտ է պահել ու հնչեցրել հայհոյանքներ։ Երբ Խոսրով Հարությունյանը փորձել է հանդարտեցնել, սադրիչը հրել է նրան, եւ ոստիկանությունը կոշտ ուժ կիրառելով՝ բերման է ենթարկել ՀՀ երրորդ վարչապետին:

Ոստիկանության բաժնում մի քանի ժամ մնալուց հետո Հարությունյանն ազատ է արձակվել:

Համացանցում մի քանի օր շրջանառվում էր պետական նախկին բարձրաստիճան պաշտոնյային բերման ենթարկելու գործողությունը պատկերող տեսանյութը: Անշուշտ, օրենքի առջեւ բոլորը հավասար են՝ շարքային քաղաքացուց մինչեւ պետության առաջին դեմքը: Տեսանյութում պատկերվածն այլ առանձնահատկություն ուներ, որը հանրորեն դատապարտելի է դարձնում ոստիկանության գործողությունը: Մեկ տասնյակի չափ ոստիկաններ՝ երիտասարդ, ամրակազմ մարդիկ, կոպտորեն քաշքշելով, անհամաչափ ուժի գործադրմամբ ու հատուկ ստորացմամբ, բերման են ենթարկում տարիքն առած քաղաքացուն: Չենք ասում՝ պետականակերտման ակունքներում կանգնած, երկրին մեծ ծառայություններ մատուցած եւ այլն, տվյալ դեպքում էականը նույնիսկ դա չէ: 

Շատ ավելի օգտաշահ է տվյալ միջադեպի համատեքստում փորձել ներկայացնել քաղաքացի-ոստիկանություն փոխառնչությունների վերանայման, հետզհետե խորացող փոխադարձ անվստահության, ատելության մթնոլորտի հաղթահարման խնդիրը՝ բացառելու համար մեր կարեւոր ուժային կառույցներից մեկի կողմից վերջին շրջանում դրսեւորվող անվայել վարքագիծը, որը կազմակերպված սադրանք է հիշեցնում: Ըստ էության, երկուստեք հարաբերություններում ոստիկանը չպետք է իջնի իր մասնագիտական արժանապատվության պատվանդանից, իսկ քաղաքացին՝ ճաշակի ստորացման դառնությունը, ինչպես վերը բերված օրինակում: 

Ստորացմամբ մարդկանց բերման ենթարկելու գործելակերպը ոչ հեռու անցյալից եկող՝ «ասֆալտին փռելու», «պատերով տալու», «թաթիկները կտրելու» հանրահայտ կոչերի ուղղակի ծնունդ է: Այդ կոչերը՝ որպես վերադասից իջեցված հրահանգ, ուղղված էին ոստիկանությանը, որն այն անվերապահորեն կիրառում է քաղաքական անհնազանդների, իշխանության «թանին» թթու ասողների նկատմամբ: Երրորդ վարչապետը գործող իշխանության ներքին ու արտաքին քաղաքականությունը մերկացնողներից է, եւ ոստիկանության գործողությունները միանգամայն հասկանալի են: Առավել եւս, որ այդ հարցում համակարգի ծառայողներն այժմ մոտիվացված են շատ ավելի, քան երբեւէ: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի դասընկերն է եւ նրան իշխանության ղեկին պահելու երդվյալ պաշտպանը: Բացի դրանից, ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը գրեթե կրկնապատկել է ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, ինչը ոստիկաններին պարտավորեցնում է ծառայել բացառապես նրա իշխանության երկարաձգման անշնորհակալ գործին: 

Օրեր առաջ Սյունիքի մարզ վարչապետի պաշտոնակատարի այցի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերի կապակցությամբ, երբ սյունեցիները «ողջունում» էին նրան, հասարակությունը դարձյալ ականատես եղավ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման գործողություններին: Հատկանշական է թիվ մեկ աներձագի արձագանքը, թե մարդկանց բերման ենթարկելու գործընթացը, առհասարակ, պետք է ուղեկցվի նրանց հրապարակավ ստորացնելու գործողություններով, «որպեսզի հասկանան՝ ինչպես պետք է վերաբերվել երկրի վարչապետին»: Բայց ոչի՞նչ, որ վարչապետը չի հասկանում, թե ինչպես պետք է վերաբերվել երկրի ժողովրդին: Թե՞ ժողովուրդը նրա համար միայն շահարկումների «մատերիալ» է: 

Խոսրով Հարությունյանի հանդեպ ցուցաբերված ակնհայտորեն նախահարձակ ու անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ հայտարարություն են տարածել ՀՀ նախկին վարչապետներից Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Նրանք զորակցություն են հայտնել Հարությունյանին՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով տեղի ունեցածը։ «Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսեւորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

Հ.Գ. Երբ այս հրապարակումն արդեն պատրաստ էր, հայտնի դարձավ, որ մայիսի 20-ին Բաղրամյան պողոտայում ծավալված բողոքի ցույցը ցրելիս՝ ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել 9 քաղաքացու, այդ թվում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, հայտնի ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ադրբեջանում մայիսի 16-ին զորավարժություններ են սկսվել, որին մասնակցել են տարբեր նշանակության զորքերի ստորաբաժանումներ ու միավորումներ։ Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված են մինչեւ 15 հազար զինվորականներ, մինչեւ 300 տանկեր ու զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 50 միավոր ռազմական ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 20-ը։

Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին հայտնել է կուսակցության վարչությունը, որն մայիսի 18-ին իր առաջին նիստն է անցկացրել: Ընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Անցած կիրակի կուսակցությունը համագումար էր անցկացրել, որտեղ Տեր-Պետրոսյանը վարչությանը թողեց ընտրություններին մասնակցելու որոշման կայացումը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են ՀՀ ինքնիշխան տարածքը»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդման մեջ: Իսկ ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանը եւ կշարունակի գործել նույն ոգով:

Նույն օրն ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետդեպարտամենտը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելելուց։ Այս մասին նշված է մայիսի 18-ին ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ։ Դրա համաձայն՝ Հայաստան այցելություններից հարկավոր է զերծ մնալ «որոշ շրջաններում COVID-19-ով վարակվելու մեծ ռիսկայնության պատճառով»։ Պետդեպարտամենտը բացի դրանից, կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին չայցելել ԼՂՀ եւ զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանին սահմանակից շրջաններ այցելությունների ընթացքում։ «Հաշվի առեք, որ այդ ճանապարհների կարող են վերահսկվել անցակետերի կողմից կամ էլ առանց նախազգուշացման փակվել ճանապարհորդողների համար»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: