Երկուշաբթի, Ապրիլի 29, 2024

Շաբաթվա անցուդարձ

2-9 մարտի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մարտի 1-3-ն աշխատանքային այցով Թուրքիայում էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն Անկարայում ներկա է գտնվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը, ինչպեսեւ մասնակցել է տարբեր ձեւաչափերով մի շարք քննարկումների ու երկկողմ հանդիպումների: Անթալիա է մեկնել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բեռլինից, որտեղ նախորդ օրերին բանակցում էին երկու երկրների ԱԳ նախարարները: Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաեւ երկու տարի առաջ:

Ներկա համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը քննարկումներ է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի եւ Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հաղորդագրություններ է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ հանդիպումների ժամանակ մասնավորապես անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումներին: Միրզոյան-Ֆիդան հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները. ՀՀ-ի կողմից՝ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի կողմից՝ Սերդար Քըլըչը:

Անկարան Երեւանին առաջարկում է անցկացնել հատուկ բանագնացների հանդիպում Երեւանում՝ առաջիկա շաբաթ (թերեւս ճիշտ կլիներ ասել՝ վերականգնել ընդհատված հանդիպումների ձեւաչափը- Գ.Լ.): Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է Քըլըչը՝ իր առաջարկն ուղղելով հայաստանցի գործընկերոջը՝ Ռուբենին, որն Անթալիայում մասնակցում էր մարտի 1-3-ի միջոցառմանը: Հիշեցնենք, որ Ռուբինյան-Քըլըչ երկխոսությունը 2022-ի հունիսի 1-ից հանրությանն անհայտ պատճառով կասեցված է, բայց Անկարան, շատերի համար անսպասելի, իր բանագնացի շուրթերով առաջարկում է վերսկսել այն եւ, հատկապես, Երեւանում:

Թուրքական կողմն ի սկզբանե հակված էր բանագնացների հանդիպումներն անցկացնել ոչ թե երրորդ երկրներում, այլ Հայաստանում եւ Թուրքիայում: 2022թ. հունվարից սկսյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացները պաշտոնական չորս հանդիպում են ունեցել՝ մեկը Մոսկվայում, մյուս երեքը՝ Վիեննայում: Թուրքիան ուզում էր, որ հաջորդ հանդիպումն անցկացվի Երեւանում, սակայն հայկական կողմին միշտ հաջողվում է խուսանավել: Վերջինս հասկանում է, որ չարամիտ եւ ահարկու հարեւանի հետ դեմառդեմ՝ առանց ազդեցիկ միջնորդի, ինքն ի զորու չէ իր համար փոքրիշատե նպաստավոր որեւէ քննարկում անցկացնել:

Այսինքն՝ հայ-թուրքական օրակարգ թելադրողը Թուրքիան է, ընդ որում Ադրբեջանի հետ բոլոր հարցերը համաձայնեցնելու սկզբունքով: Վերջին՝ 4-րդ հանդիպմանը, որը նախանցյալ տարվա հունիսին էր, կողմերը երկու հստակ համաձայնություն էին ձեռք բերել ամենասեղմ ժամկետներում կատարելու համար՝ ա/ 3-րդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովում եւ բ/ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման մեկնարկում: Անցել է մոտավորապես երկու տարի, սակայն նախատեսված հարցերը մնացել են թղթի վրա, քանի որ դրանցում Թուրքիայի եւ իր «կրտսեր եղբոր» հետաքրքրություններն աննշան են՝ կարելի է եւ չշտապել:

Իսկ այ, ՀՀ Սահմանադրությունը, Հռչակագիրը հիմնավորապես սրբագրելու, Հայոց պատմության եւ մյուս հումանիտար առարկաների ուսումնական ձեռնարկներն իրենց ուզածով վերաշարադրելու, նշանավոր պատմական դեպքերի ու դեմքերի, հերոսների մասին հիշողությունները վերացնելու գործում Բաքուն եւ Անկարան շտապում են՝ շտապեցնելով Փաշինյանին, որը լուռումունջ հնազանդվում է: Այլապես մեր ճանապարհի երկու եզրերի երկայնքով շարված կատաղի ցուլերը ոտնատակ կտան հայ ազգին, եթե վրայի կարմիր շորերը չհանի…

 

Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող ցուցանակը՝ թեեւ «կարմիր» գույնի չէր, բայց, միեւնույն է, «ցուլերին» չկատաղեցնելու համար հանվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի 4-րդ հարկի բաժանմունքի պատից։ ՖԲ-ի իր էջում այս մասին մարտի 4-ին հայտնել է հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ դեռեւս 2021 թվականին բուժկենտրոնի «Պլաստիկ վերականգնողական եւ միկրովիրաբուժության» բաժանմունքն անվանակոչվել էր որդու՝ Ալբերտի անունով։ «Հերթական անգամ այցելել էինք տվյալ բաժանմունք եւ անակնկալի գալով՝ տեսանք, որ պատից բացակայում է որդուս նկարով վահանակը»,- գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ սոցցանցերը տեղեկություններ էին փոխանցել, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականներ է տարածել՝ հրահանգելով ուսումնական հաստատություններում եւ զորամասերում գործող «Մարտական փառքի» անկյունները, հերոսների՝ պատերին փակցված նկարները հեռացնելու մասին: Պարզվում է՝ «ցուլերի» ահից սարսափած ՔՊ-ական խմբակը՝ իր անկյալ առաջնորդով հանդերձ, պատրաստ է ի հաճույս Ալիեւի ու Էրդողանի, պղծել 44-օրյա պատերազմի մեր սուրբ նահատակների հիշատակը, «քայլել» նրանց ծնողների, մյուս հարազատների զգացմունքների վրայով: Թշնամին ուզում է գալիք հայ սերունդներին կտրել իրենց փառավոր անցյալից, դարձնել մանկուրտներ, եւ դա անում է թուլամորթ հայ բռնապետի ձեռքով:

«Մարտական փառքի» անկյունները միշտ կարեւոր դեր են խաղացել մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Բայց ակնհայտ է, որ օտարի շահեր սպասարկող ՀՀ գործող իշխանություններին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդ պետք չէ: Նրանք Էրդողան-Ալիեւ զույգի պատվերով փոխում են մեր դպրոցների հայագիտական առարկաների ուսումնական ծրագրերը, նույնիսկ «Հայոց պատմություն» դասագրքի անվանումն են փոխարինում ավելի նեղ իմաստ բովանդակող «Հայաստանի պատմություն» եզրով: Փոխում են նաեւ ՀՀ պետական խորհրդանիշները՝ օրհներգը եւ զինանշանը, որոնք թուրքերի սրտով չեն: Չլինի՞ կուզենային զինանշանի առյուծի տեղը ոչխար տեսնել, արծվի տեղն էլ՝ կաչաղակ:

Աշխատանքային շաբաթվա առաջին օրը՝ երկուշաբթին, նշանավորվեց ԱԱԾ-ի տարածած ցնցող լուրով՝ Երեւանը որոշել է ադրբեջանական կողմին հանձնել օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում սահմանը հատած եւ հայ պայմանագրայինների կողմից վնասազերծված ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փանահովին՝ որպես «բարի կամքի» արտահայտություն: Քննչական կոմիտեի պարզաբանմամբ՝ նա փետրվարի 28-ին  «հայկական զինված ուժերի դիրքերի մոտակայքում էր հայտնվել ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ ծագած միջադեպից հետո փախուստի դիմելու եւ մոլորվելու հետեւանքով»:

Այդ հիմքով էլ միջնորդություն էր ներկայացվել դատախազին՝ Փանահովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը վարչապետի նախկին խորհրդական տիկին դատախազը, բնականաբար, բավարարել էր։ «Որպես բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված եւ հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն»,- զինծառայողին վերադարձնելու որոշման մասին հաղորդագրության մեջ հավելել է ԱԱԾ-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «մոլորված» ադրբեջանցի զինծառայողները երկուսն էին, մյուսը անհայտ հանգամանքներում փախել էր: Ձերբակալված Փանահովը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով եւ 1 պահատուփով։ Ամենայն հավանականությամբ՝ փախուստի դիմած նրա ծառայակիցը՝ նույնպես: Ի դեպ՝ Քննչական կոմիտեի մատնանշած  «ադրբեջանական դիրքը» այնքան էլ ադրբեջանական չէ, դա, այսպես կոչված՝ «խաղաղ պայմաններում» Սյունիքից բռնակցված տարածքի տասնյակ հայկական դիրքերից մեկն է: Մոտավորապես ստացվում է հետեւյալ պատկերը. «հայկական դիրքերի մոտակայքում» վաղ առավոտվա կիսամութում հայտնվում են թշնամու՝ լավ զինված երկու տականք, եւ ձեր կարծիքով՝ մոլորվե՞լ էին…

«Մոլորվածը» դուք եք, տիկնայք եւ պարոնայք: «Մոլորվածը» մենք ենք ազգովի, որ սրանց նման դավաճաններին իշխանություն ենք կարգել մեր գլխներին: Բա այդ «բարի կամքը», այդ «բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը» ո՞ւր են, երբ Բաքվի բանտերում անասելի տառապանքներ են կրում հարյուրավոր հայորդիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին վերնախավի ներկայացուցիչները: Ո՞ւր էին, երբ տասնամսյա շրջափակման ու պաշարման մեջ մի ողջ ժողովուրդ էր տապակվում: Ո՞ւր են, երբ միջնադարյան վայրագությամբ հայկական Արցախի տարածքում ոչնչացվում են հայոց հոգեւոր-մշակութային գանձերը՝ հնամենի մի ամբողջ քաղաքակրթություն: Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել:

Այնպես որ, տիկնայք եւ պարոնայք, տեղի ունեցածը բնավ «բարի կամքի» դրսեւորում չէ: Այն տկարամտության, վախկոտության եւ անարժանապատվության դրսեւորում է: Մե՛ղմ ասած:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մարտի 6-7-ը ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի եւ նրա հայ պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին հետեւեց երկու երկրների նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում: Հավելենք, որ ավելի վաղ Երեւանում էր Հունաստանի Պնախարար Նիկոլաոս Դենդիասը, որը Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը խոսել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական գործակցության մասին: Հայաստանն ու Հունաստանը լիահույս են, որ ռազմատեխնիկական գործակցության համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք կստանա երկու երկրների համագործակցությունը։

Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին՝ մարտի 5-ին հայտարարել է Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաեւը։ ԱՊԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հանդիպում է ունեցել Ստեփանակերտի «Կրկժան» կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» եւ ասել, որ «նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում «Կրկժանում» ներքին տեղահանվածների վերադարձի համար»։ Թե երբ է մեկնարկում ադրբեջանցիների բնակեցումը, քանի հոգի են տեղափոխվում Ստեփանակերտ եւ այլն, չի հաղորդվում:

Միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը մարտի 5-ին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, թե չի պատկերացնում՝ ով կարող էր ՀՀ-ին «քարշ տալ» Միություն՝ առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության։ «Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ով կարող էր դարավոր պատմություն ունեցող, ինքնուրույն, անկախ Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն, եթե չլինի այդ պետության ղեկավարության կամքը»,- ասել է Մեզենցեւը։ Անցած շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել է, թե փորձ է արվում «Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիդերլանդներ այցի շրջանակում Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանին, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազն է։ Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարվա փետրվարի 1-ից դարձել է ՄՔԴ անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արեւելյան Եվրոպայի խմբից։ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Խանին՝ հանդիպման պատրաստակամության համար, եւ ընդգծել, որ հանդիպումը կնպաստի ՄՔԴ-ի հետ արդյունավետ համագործակցության ապահովմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԼՂ-ի՝ 2023թ. սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։ Ստեփանակերտում, ինչպես նաեւ Մարտակերտի եւ Խոջալուի շրջաններում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններում։ Ալիեւի հրամանագրում օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի նախկինում հայաբնակ շրջանների ադրբեջանական տեղանունները։

Հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է հրաժարվի «Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներից». մարտի 7-ին Բաքվում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած՝ Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում։ Պաշտոնական Երեւանն, ի տարբերություն Բաքվի, բազմիցս հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Եվ եթե կա մեկը, ով պետք է հրաժարվի հարեւանին տարածքային պահանջներ ներկայացնելուց, ապա դա Ադրբեջանի նախագահն է, որը Հայաստանի ողջ տարածքը համարում է, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան»: Անամոթությունն էլ ինչպես է լինում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: