Վաղուց են շատերը շոշափում գաղափարը, որ եթե ինչ-որ ձևով պայքար լինի, մոբիլիզացիա լինի, կարելի է օգտվել այն վիճակից, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգայանը հրաժարական է տալիս, իսկ վարչապետի ընտրությունը միայն ապրիլի 17-ին է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունը գցած է լինելու փողոցում, որը ժողովուրդը կարող է վերցնել:
Նրա խոսքերով՝ եթե կա պայքարող ժողովուրդ, ցանկացած պահ էլ կարելի է օգտագործել, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ իրավիճակ է դաշտում:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ընդդիմադիր ուժերը նորից չեն կարողանում միավորվել, թեև նույն գաղափարն են առաջ քաշում, քաղաքագետը նշեց, որ դրանում ոչ մի նորություն չկա. «Տասնամյակներ նույն վիճակն է․ իշխանափոխության պահանջ և տարբեր զանգվածային ակցիաներ: Դա կարևոր բան է, եթե հասարակության զգալի մասը համաձայն չէ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա իր «ոչ»-ը պետք է ասի, եթե անգամ չի կարող հաջողություն գրանցել: Դա շատ էական է, որովհետև երբ հետևում ենք, թե ինչպես է աշխատում իշխանական համակարգը, տեսնում ենք, որ իրենց համար շատ էական է ցույց տալ, թե համընդհանուր համաձայնություն կա այդ հարցում: Մեկ այլ բան է, որ ուզում են հասնել նրան, որ թույլ չտան, որ Սերժ Սարգսյանը չնշանակվի վարչապետ: Իհարկե, մինչև հիմա մեզ մոտ դա տարբեր պատճառներով չի ստացվել: Հիմա շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե այս ինտրիգային վիճակում քաղաքական ուժերը ոնց են անելու, որ դա թույլ չտան»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։