Չորեքշաբթի, Հունվարի 15, 2025

Խմբագրական

Ինչո՞ւ մարեց համաժողովրդական շարժումը

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Համաժողովրդական շարժումը եւ միջկուսակցական քաղաքական պայքարը տարբեր բաներ են, որոնք պետք չէ շփոթել: Խորհրդարանական երկրներում կուսակցությունների ստեղծման եւ գործունեության նպատակն ու կոչումը ընտրություններին մասնակցելն է: Այդ նպատակով նրանք ստեղծում են կուսակցական կառույցներ, որոնք հստակեցնում են իրենց սոցիալական ու գաղափարական ծրագրահենքը (պլատֆորմ), կադրային խարիսխ ստեղծում ապագա կառավարության համար:

Խորհրդարանական կուսակցությունների բնույթը պետք է լինի հանրային-քաղաքական, որտեղ որոշումների կայացման եղանակները թափանցիկ են ու հասանելի հանրությանը: Սա է կուսակցությունների գործունեության իմաստն ու բովանդակությունը: Հասկանալի է, որ խոսքն ազգային-ազատագրական պայքարի մասին չէ. վերջիններս ֆորմալ բնույթի կուսակցություններ են, որոնք, որպես կանոն, ունենում են իրենց ռազմական թեւերը:

Համաժողովրդական կամ համազգային շարժումների բնույթն այլ է: Երբ երկիրը բախվում է համակարգային փոփոխություններ պահանջող խնդիրների, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կուսակցություններն ի վիճակի չեն ազդել իրավիճակի վրա, իսկ ընտրությունների միջոցով հնարավոր չէ առանցքային փոփոխություններ կատարել, առաջ է գալիս համաժողովրդական պայքարի անհրաժեշտություն, որին կարող են մասնակցել արդեն անհատ քաղաքացիներ, հանրության տարբեր լայն շերտեր՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, համոզմունքներից եւ աշխարհայացքից:

Այժմ ՀՀ-ում նման իրավիճակ է: Հայտնվել ենք լրջագույն մարտահրավերների փակուղու առջեւ, որտեղից դուրս գալու համար հանրության տարբեր շերտեր պետք է միավորվեն փոխվստահության հիման վրա: Չկա վստահություն իշխանության հանդեպ, որն այս հինգ տարիների ընթացքում երկիրը հասցրել է տոտալ կապիտուլյացիայի: Չկա վստահություն նաեւ քաղաքական  կուսակցությունների նկատմամբ. մի մասը մեղադրվում է անցյալի սխալների համար, մյուսն էլ փակ, ոչ թափանցիկ խմբավորումներ են՝ անհասկանալի ֆինանսավորմամբ ու անհայտ կառավարմամբ:

Այս պայմաններում մեծագույն սխալ էր ստեղծել, այսպես կոչված, «Ազգային կոմիտե»՝ կուսակցությունների ներկայացվածությամբ: Կոմիտեի ստեղծումն առաջացրեց հանրահավաքի մասնակիցների անվստահությունը, եւ մասնակիցների թիվը գնալով՝ սկսեց նվազել, իսկ հանրային ընդվզման ալիքի բարձրակետում անորոշ ժամանակով հանրահավաքների անցկացման հետաձգումն ավելի խորացրեց այդ անվստահության վիհը:

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է 2022-ի ընդվզման՝ «Դիմադրության շարժման» օրինակը, որը տեւեց մի քանի ամիս, եւ պարզ չէր, թե ովքեր են այն ղեկավարում, ինչպես են կայացվում որոշումները, որոնք են այդ շարժման նպատակն ու որոշումների ընդունման մեխանիզմը, ինչպես եւ որտեղ կարող են դրանց մասնակցել այն անհատներն ու խմբերը, որոնք ցանկանում են ստանալ վերոհիշյալ հարցերի պատասխանները:

Այսպիսով՝ կարելի է մի քանի հետեւություններ անել: Առաջին՝ նման պայմաններում կուսակցական ձեւաչափով ղեկավար կազմ ընտրելը կոպիտ սխալ է: Երկրորդ՝ կազմի ընտրությունը նախընտրելի է անցկացնել հանրային ձեւաչափով, բոլորի համար թափանցիկ, իսկ նպատակներն ու դրանց հասնելու եղանակները հայտարարվեն հրապարակայնորեն: Երրորդ՝ որոշումների իրագործման համար որոշակի մարդիկ պետք է անձնապես պատասխանատվություն կրեն՝ լինի դա արդյունավետ, թե անարդյունավետ:

Եվ ամենակարեւորը՝ ցանկացած շարժման համակարգող մարմնի ձեւավորումը պետք է լինի հասկանալի, օրինակարգ սկզբունքների հիման վրա: Այս կանոնների հերթական անտեսումը, բնականորեն, հանգեցրեց համաժողովրդական շարժման մարմանը: Իսկ սկիզբն այնպե՛ս խոստումնալից էր:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: