Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Խմբագրական

Հնարավո՞ր է արդյոք զսպել Հայաստանի «ազատ թռիչքը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Հայաստանի վարչապետի մասնակցությունը նորովի արդիականացրեց իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության թեման: Այդ թեման բանավեճի առարկա է դարձել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում եւ Ադրբեջանում: Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ «թավշյա» հեղափոխության արդյունքում Հայաստանը դարձել է, որոշ իմաստով, «շանսեր չունեցող աշխարհաքաղաքական ձի»: Հայաստանն իբրեւ Ռուսաստանի անկյուն քշված «ֆորպոստ» դիտարկելու սովոր այդ երկրները ոչ մի կերպ չեն ուզում նրա արտաքին քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեսնել: Ու, չնայած Հայաստանի նոր իշխանությունները միանշանակ հայտարարեցին, որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի կազմում, ինչպես նաեւ չի խզում Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունը, մեր հյուսիսային հարեւանի ու Ադրբեջանի ջղագարությունը դրանից չի թուլանում: Նրանց գլխավորապես մտահոգում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ուժեղացումը:

Սակայն հարց է ծագում. ի վիճակի՞ են արդյոք Ռուսաստանը եւ Ադրբեջանը խոչընդոտել տարբեր բնագավառներում՝ այդ թվում անվտանգության ոլորտում, Արեւմուտք-Հայաստան կապերի ընդլայնմանը: Հայաստանի նոր քաղաքականությունը զսպելու ինչպիսի՞ մեխանիզմներ կարող են լինել:

Ինչպես թվում է, Հայաստանի սուղ հնարավորությունների ու նրա բազմակողմանի կապերի արդյունավետ զսպման հնարավորությունների մասին եղած պատկերացումները խիստ չափազանցված են: Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առանձնապես տարաձայնություններ չկան Հայաստանի ռազմաքաղաքական դերի շուրջ: Այդ մասին քանիցս հայտարարել են ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում որեւէ խնդիր չեն տեսնում: Եվ դրանում ոչ մի անորոշություն չկա: Հայաստանի դերը՝ որպես Թուրքիայի եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները զսպող գործոն, լիովին պարզ է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի եւ Իրանի համար: Այստեղ բոլոր այդ ատյաններում լուրջ տարաձայնություններ չեն կարող լինել: Թուրքիան չափից մեծ խնդիր է դառնում տարածաշրջանային եւ արեւմտյան տերությունների համար:

Այլ բան է, որ համաշխարհային տերությունները եւ Իրանը ցանկանում են վճռորոշ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքականության վրա: Այստեղ, անշուշտ, կարող են լուրջ տարաձայնություններ լինել: Բայց այդ տարաձայնությունները եւս ուժերի հավասարակշռություն են ստեղծում Հայաստանի շուրջ, ինչը վերջինիս թույլ է տալիս վարել երկկողմ հարաբերությունների արդյունավետ քաղաքականություն: Այդ հնարավորությունները միշտ էլ եղել են, բայց նախորդ ոչ լեգիտիմ իշխանությունների՝ Ռուսաստանից մեծ կախվածությունը Հայաստանի մեկուսացման գլխավոր մեխանիզմն էր: Այդպիսի մեկուսացման այլ արդյունավետ մեխանիզմներ պարզապես գոյություն չունեն: Տվյալ հանգամանքն ակնբախորեն երեւան եկավ իշխանափոխության շրջանում՝ ժողովրդական շարժման կողմից: Մինչեւ հիմա շատերն այդպես էլ չեն հասկանում, թե ինչու ոչ ոք չխառնվեց այդ գործընթացին: Չեն հասկանում, որովհետեւ չեն գիտակցում, որ ոչ ոք ուղղակի չկարողացավ խառնվել:

Հայաստանի նոր իշխանությունները պետք է լավ գիտակցեն տվյալ հանգամանքը եւ չխուսափեն մեր երկրով հետաքրքրվող բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ ամենաբարձր մակարդակի երկխոսություններից: Հին քաղաքական միֆերը նախորդ իշխանության հետ մեկտեղ պետք է հեռանան: Դա կլիներ «թավշյա» հեղափոխության կարեւորագույն արդյունքը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: