Երկուշաբթի, Ապրիլի 21, 2025

Խմբագրական

Ասա՝ ով է դեսպանդ, ասեմ՝ ինչ է սպասվում երկրիդ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, աշխարհաքաղաքական պայքարը գնալով թեժանում է, եւ դա փոխկապակցված է Արեւմուտք-Արեւելք պայքարի հետ: Միջազգային լրահոսին քիչ թե շատ հետեւողների համար սաստկացող պայքարն ակնհայտ է, դա տեսնելի է նաեւ ազդեցիկ պաշտոնյաների՝ տարածաշրջանի երկրներ կատարած այցերի հաճախականության համատեքստում:

Առավել հատկանշական է Հայաստանում դեսպանների նշանակումը, ինչից դատելով՝ կարելի է կռահել, թե ինչպիսի քաղաքականություն են վարում այդ երկրները, հետեւաբար ինչ ակնկալիքներ կարելի է նրանցից ունենալ: Այդ դիտանկյունից կենտրոնանանք ԱՄՆ եւ Իրանի նորանշանակ դեսպանների օրինակների վրա:

2008-2011 թթ.-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանը Մարի Յովանովիչն էր, որը 2016-2019 թվականներին Միացյալ Նահանգները ներկայացնում էր Ուկրաինայում: Մինչ այդ Ռուսաստանի դաշնությունում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր, իսկ 1998-2000 թթ.-ին ԱՄՆ պետքարտուղարությունում զբաղեցնում էր ՌԴ հարցերի գծով բաժնի փոխտնօրենի պաշտոնը:

Այս տարվա սկզբից ԱՄՆ Սենատը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Քրիստինա Քվինին: Վերջինս 2019-ից մինչեւ 2022թ. դեկտեմբերը ներառյալ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպանն էր եւ այդ ընթացքում՝ պայմանավորված դեսպանի բացակայության հանգամանքով, երկու անգամ եղել է ժամանակավոր հավատարմատար, այսինքն՝ կատարել է դեսպանի պարտականությունները:

2019-2023 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինա Թրեյսին արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով գործուղվել էր Ռուսաստանի դաշնություն:

Նշված նշանակումներից, թերեւս, ուրվագծվում է Ռուսաստան-Ուկրաինա-Հայաստան եռանկյունին, ինչը նշանակում է, որ այս երկրներում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը փոխկապակցված է՝ եթե շատ մեղմ կամ մակերեսորեն ձեւակերպենք այդ կապը:

Հիմա տեսնենք, թե ինչ նշանակում է կատարել Իրանը: ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանը՝ Մեհդի Սոբհանին, ավելի վաղ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Սիրիայում: Այդ երկրում Իրանը, անտարակույս, պատահական դիվանագետի դեսպան չէր նշանակի՝ հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հասկանալի է, որ ի դեմս Սոհբանիի, Իրանը Սիրիա էր գործուղել իր «ծանր հրետանիներից» մեկին, որն օժտված է հատուկ իրավասությունների ու լիազորությունների փորձով, այդ թվում՝ ռազմական եւ հետախուզական ոլորտում: Նման փորձ ունեցող դեսպանի նշանակումը Հայաստանում՝ պետք է որ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք տա: Դա, նախեւառաջ, նշանակում է, որ Իրանը փորձում է ամրապնդել Երեւանում իր դիվանագիտական ներուժը՝ ավելի լայն տարրապատկերով:

Մյուս կողմից՝ մեր անփորձ ու անհետեւողական կառավարության որակի հենքին ՀՀ-ում բազմափորձ, հմուտ դեսպանների նշանակումը մեզ պետք է սթափեցնի: Կան բոլոր նախանշանները, որ Հարավային Կովկասում ազդեցությունների ոլորտի համար հուժկու պայքար է սկսվում, եւ այդ պայքարի միջոցների հարցում երկրները չեն սահմանափակվի սոսկ դիվանագիտական գործիքակազմով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: