Հինգշաբթի, Հունվարի 16, 2025

Խմբագրական

Ում համար՝ աղետ, ում համար՝ հնարավորությունների պատուհան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ամեն երկիր ունի դիվանագիտության իր «ձեռագիրը», ինչպես՝ ամեն հացագործ, որքան էլ համեմատությունը կոպիտ հնչի: Բրիտանական դիվանագիտությունն, օրինակ, ուրիշի ձեռքով իր մրցակիցներին տապալելն է, ամերիկյանը՝ օգնություն տրամադրելով, ուզածին իր վերահսկողության տակ վերցնելը եւ այլն: Սրանք շատ գծապատկերային բնութագրեր են. բնականաբար յուրաքանչյուր դեպք, իրավիճակ ու ժամանակաշրջան իր ուղղումներն է մտցնում այդ «ձեռագրի» մեջ՝ սակայն պահպանելով գործելակերպի հիմնական սխեման:

Դիվանագիտության պատմություն իմանալը կարեւոր է, որովհետեւ այդտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում կիրառվում են եւ կիրառվելու են նաեւ ապագայում: Այնպես որ, ունենալով դիվանագիտական դպրոցներ, երկրները կարող են օգտագործել անցյալի ուսանելի փորձն ու հմտությունները:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ համեմատում ենք 1920թ.-ի հարաբերությունների հետ, ինչը գրեթե նույնական է, այսինքն՝ թուլության պահին մրցակիցների հետ համաձայնության գալ զիջումների միջոցով: Օրինակ՝ 1939 թվականին սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան եւս նույն էր եւ շատ նմանություններ ուներ ռուս-թուրքական այսօրվա հարաբերությունների հետ, մասնավորապես՝ մտածողության ու օգտագործվող հնարքների առումով:

Տեսեք՝ 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Խորհրդային Միությունը դիմեց Լեհաստանին՝ Չեխոսլովակիային ռազմական միջանցք տրամադրելու խնդրանքով, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չտվեց: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր, եւ լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ՝ Խորհրդային Միությունը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժն էր (համենայն դեպս՝ այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափեցին Գերմանիայի դեմ պատերազմելուց:

Արդյունքում Գերմանիան Լեհաստանին կաշառեց՝ չեխական տարածքներից մի կտոր զիջելով նրան, եւ սկսեց նախապատրաստվել նույն Լեհաստանի բռնազավթման գործընթացին: Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես թափարգել (բուֆեր) վերանա, եւ սովետա-գերմանական բախում լինի: Սակայն կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Խորհրդային Միությունը ժամանակ շահեց, եւ առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:

Գերմանիայի ու Խորհրդային Միության միջեւ պատերազմը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ եւ այլ դիպաշարով: Դա շատ նման էր ռուս-թուրքական այսօրվա հարաբերություններին՝ երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արեւմուտքին պետք է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ թափարգելի վերացումը, որը մենք ենք եւ Վրաստանը, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախյան պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա Լեհաստանի դերում մենք ենք կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաեւ Լավրով-Չավուշօղլու «գաղտնի պակտ», որի մասին, թերեւս, կիմանանք 100 տարուց հետո:

Թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել, բայց մի բան պարզ է՝ Ռուսաստանը փորձում է Արեւմուտքի հետ ռազմական հակամարտության պատճառով Թուրքիային զիջումներ անել, ինչպես 1920 թվականին էր արել, սակայն հիմնական իրադարձություններն առջեւում են: Մեր ռազմավարությունը պետք է լինի ժամանակ շահելը՝ մինչեւ իրավիճակի փոփոխություն, իսկ Ադրբեջանին հարկավոր է, որ հիմա առավելագույնը ստանա՝ օգտվելով իր համար բացված այս հնարավորությունների պատուհանից: Սա է այսօրվա իրադարձությունների հիմնական տրամաբանությունը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: