Ուրբաթ, Ապրիլի 17, 2026

Խմբագրական

Երբ դաշնակցիդ դաշնակիցը թշնամիդ է…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ռուս-ուկրաինական սրացումների խորապատկերին, կարծես թե, աննկատ մնաց փետրվարի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած բավական հետաքրքիր մի իրադարձություն՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին երկու երկրների միջեւ դաշնակցային գործակցության մասին հռչակագիր, որը, Ալիեւի գնահատմամբ, պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի փոխադարձ հարաբերությունները «կբարձրացնի դաշնակցային մակարդակի»: Ըստ նրա, հարաբերությունների այդ ձեւաչափը ամենաբարձրն է, «միջպետական հարաբերություններում դա այսբերգի գագաթն է, եթե կարելի է այդպես ասել»,- հպարտացել է Ալիեւը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատրաստվել է ավելի քան մեկ տարվա ընթացքում՝ սկսած 2021թ. հունվարից: Այս պահին, Ալիեւի խոսքով, մշակվում են հռչակագրի շրջանակում մի շարք այլ փաստաթղթեր եւս:

Եվ սա դեռ ամենը չէ: Մոսկովյան հանդիպմամբ, ինչպես երեւում է, Ադրբեջանի նախագահն իր ոգեւորության բարձրակետում է: Նա չի բացառում նաեւ առաջիկայում Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա «եռանկյունու» ստեղծման հնարավորությունը: «Այն, ինչ ստորագրվեց փետրվարի 22-ին, ըստ էության, եթե նայենք մեր տեսանկյունից, պատմական ձեռքբերում է, քանի որ երկու հզոր հարեւանների հետ Ադրբեջանն ունի դաշնակցային հարաբերություններ: Ալիեւի կարծիքով՝ ամեն երկիր չէ, որին կարող է նման «ճոխությամբ» պարծենալու բախտ վիճակվել: «Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, մյուսը՝ ՀԱՊԿ փաստացի ղեկավար երկիր: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն ձեւավորվում է նաեւ դե ֆակտո գործակցության եռակողմ ձեւաչափ»,- հավելել է նա՝ տղայաբար անկեղծանալով ռուսական ԶԼՄ-ների առջեւ:

Նորություն չէ, որ Ալիեւն ամեն առիթ օգտագործում է՝ ցուցադրելու տարածաշրջանում աճող գործոնի իր դերը, ընդգծելու հարավկովկասյան երկրների առաջնորդների ցանկում սեփական առավելությունները: Չնայած ինչ-որ տեղ դրա իրավունքն ունի: Օրինակ՝ ի տարբերություն ՀՀ ղեկավարի, նա գործնականապես լավ է հասկանում իր երկրի ընդհանուր շահերի, պրագմատիկ հաշվարկների, կառավարման արժեքների ու համակարգերի ընդհանրության վրա գործակցելու նշանակությունը: Պուտին-Ալիեւ մոսկովյան հանդիպումն ավելորդ անգամ վկայում է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ի տարբերություն ադրբեջանցի գործընկերոջ, ունակ չէ կայուն կապեր պահպանել ոչ միայն հեռու-մոտիկ բարեկամ պետությունների, այլեւ անմիջական ռազմավարական կարեւոր դաշնակցի հետ, որն այսօր, լավ կամ վատ, Հայաստանի եւ Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Անպատեհ է նման թեմայի անգամ քննարկումը, եթե ինքդ չունես անվտանգային համակարգի որեւէ փոքրիշատե բարվոք այլընտրանք:

Փետրվարի 21-ին Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալիեւի հետ հանդիպումից առաջ ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ ներառյալ տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնումը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ քայլերը, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին: Կրեմլի այս հաղորդագրությունները տարածվեցին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու՝ Պուտինի որոշմանը զուգահեռ։ Այդպիսով, Ալիեւի այցից առաջ Պուտինը բոլոր նախկին պայմանավորվածությունները եւս մեկ անգամ հիշեցրեց Փաշինյանին՝ ընդգծելով Մոսկվա-Բաքու տանդեմին նրա ենթակա կարգավիճակը։

Թեպետ, մեծ հաշվով, հիշեցնելու կարիք չկար, Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց են կամովին ստանձնել Մոսկվայի ու Բաքվի շահերի սպասարկուի դերը եւ ամենօրյա ռեժիմով հավաստիացումներ են հղում Բաքվին։ Հենց նույն՝ ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հռչակագրի ստորագրման օրը՝ փետրվարի 22-ին, ՔՊ-ն հրաժարվեց ԱԺ-ում դատապարտել օրեր առաջ Բաքվի ու Անկարայի վավերացրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»՝ դա բացատրելով Բաքվին չբարկացնելու եւ «խաղաղության դարաշրջան» բացելու ծրագիրը վտանգի տակ չդնելու մտավախությամբ։

Ամեն դեպքում Մոսկվան տարածաշրջանում, ի դեմս Ադրբեջանի, ձեռք բերեց ռազմավարական երկրորդ դաշնակցին: Ու թեեւ ՌԴ ԱԳՆ-ն շտապեց իր պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով հանգստացնել պաշտոնական Երեւանին, թե Մոսկվայի հռչակագիրը խնդիրներ չի ստեղծի Հայաստանի հետ ռուսական դաշնակցային հարաբերությունների համար, մի բան պարզ էր՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց ի վեր միմյանց հետ ունեն իրենց հատուկ «հաշիվները», որոնց աստիճանաբար լուծում են տալիս: Ընդ որում՝ ինչպես միշտ, Հայաստանի շահերի հաշվին: Ուկրաինական թնջուկի այս օրերին էլ Ռուսաստանին օդուջրի պես անհրաժեշտ է Ադրբեջանին պահել իր ազդեցության գոտում, իսկ Ադրբեջանը, բնականաբար, ՌԴ-ից շատ սպասելիքներ ունի նախեւառաջ ԼՂ-ի հարցի հետ կապված: Օրինակ՝ այդպիսի հարցերից մեկը Արցախից հայկական զորամիավորումների դուրսբերումն է, ինչի մասին Ալիեւը բացեիբաց խոսեց մոսկովյան բանակցությունների ժամանակ:

Այնպես որ, Զախարովայի հավաստիացումները, թե Մոսկվան կպահպանի «իր վաղեմի եւ մտերիմ դաշնակցի»՝ Երեւանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, սոսկ խոսքեր են: Իրականում ավելի խոսուն է ինքը՝ 43 կետանոց հռչակագիրը, որի բազմաթիվ դրույթներ լուրջ վտանգներ են պարունակում ընդդեմ ՀՀ-ի եւ Արցախի: Չհիշատակելով այն, որ կողմերը վերահաստատում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դիրքորոշումները, հռչակագրի 11-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը վճռականորեն ճնշում են սեփական տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որն ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իսկ 18-րդ կետում ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են ջանքերը՝ ծայրահեղականության, անջատողականության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

Կարծես թե՝ հեռու չեն այն ժամանակները, երբ ՌԴ պետական քարոզչամեքենան կունենա իրավական հիմքեր՝ հայերի ցանկացած ընդվզում «անջատողական» ու «ծայրահեղական» կոչելու՝ դրանից բխող հետեւանքներով, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղյան շարժման տարիներին: Ասել է թե՝ ծանր ժամանակներ են մեզ սպասվում, մանավանդ երբ դաշնակցիդ դաշնակիցը թշնամիդ է: Օրերս մամուլին տված հարցազրույցներից մեկում ԱԱԾ երբեմնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ «Էրդողան-Ալիեւ-Փաշինյան եռյակը մեկ թիմ է, բայց ուկրաինական պատերազմից հետո գործընթացները կարող են տարածաշրջանում էապես փոխել իրավիճակը եւ ի հայտ բերել նոր շանսեր: Սակայն ՀՀ-ում, ըստ Շահնազարյանի, չկա մի ուժ, որն ընդունակ է օգտվել բարենպաստ իրավիճակից, իսկ «Փաշինյանի առաջարկած խաղաղությունը երկրի համար շատ ավելի կործանարար է լինելու, քան նրա սանձազերծած պատերազմն էր»: Այս ամենը, ԱԱԾ նախկին ղեկավարի պնդմամբ, մեզ համար գոյաբանական սպառնալիք է, հետեւաբար պետք է այն կասեցվի բացառապես իշխանափոխությամբ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: