Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Այն մասին, թե ովքեր են «Լաչինի միջանցքի» գլխավոր շահառուները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Լաչինի միջանցքի» շուրջ զարգացումները նոր, հետաքրքիր դրսեւորումներ են ի ցույց դնում: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակման համատեքստում Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերը հենց այնպես չեն հայտնվել այս էժանագին «բեմադրության» հեղինակների թիրախում: Օրվա մամուլն այդ մասին նոր բացահայտումներ է անում՝ հղում կատարելով մի շարք բաց աղբյուրների վրա:

Եվ այսպես՝ բացի նրանից, որ «բնապահպան» ազերիների կապիկություններն ուղղված են Մեղրիով արտատարածքային «միջանցքի» բացման, ռուս խաղաղապահների դուրսբերման եւ, վերջնարդյունքում, Արցախի հայաթափման սեւեռուն նպատակին, ինչին մենք անդրադարձել էինք «Հայացքի» նախորդ թողարկման հրապարակումներից մեկում, խնդիրը, ըստ էության, ունի նաեւ ուշագրավ այլ ածանցյալներ ու ավելի խորքային շերտեր: Հայաստանի իրանամերձ հարավը եւ փոքրիկ Արցախը իրականում դարձել են Ադրբեջանի ու աշխարհի մեծ տերությունների հանքարդյունաբերող հսկաների հետաքրքրությունների կիզակետը:

Ըստ «Ազատության» անցկացրած մի հետաքննության՝ Ադրբեջանի իշխանությունը դեռեւս 25 տարի առաջ էր Դրմբոնի «Ղզըլբուլաղի» ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը վաճառել ԱՄՆ Դելավերի նահանգում գրանցված մի ընկերության: Դա հայր Ալիեւի օրոք էր, որի պաշտոնական կայքն այն ժամանակ մեծ հանդիսավորությամբ հաղորդել էր. «1997թ. օգոստոսի 20-ին նախագահական պալատում պետական "Азергызыл" եւ ամերիկյան "R.V. Investment Group Services” ընկերությունները պայմանագիր ստորագրեցին՝ Ադրբեջանի 6 հանքավայրերում ոսկու, արծաթի ու պղնձի համատեղ արդյունահանում սկսելու մասին»:

Ուշագրավն այն է, որ նշյալ պայմանագրում ներառված 6 հանքավայրերից 3-ը՝ Քելբաջարի «Սոթք»-ը, Կովսականում (Զանգելան) գտնվող «Վեյնալի»-ն (այլ աղբյուրներով՝ «Վեջնալի») եւ Դրմբոնի «Ղըզըլբուլաղ»-ը այդ պահին հայկական ուժերի վերահսկողության տակ էին: Պայմանագրում, որի ստորագրմանը, ըստ «Ազատության» հետաքննության, ներկա է եղել նաեւ այն ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, նշվում էր. «օկուպացված այդ տարածքները կազատագրվեն»: Սակայն հստակեցված չէր, թե երբ կազատագրվեն եւ ինչպես: Ու այդպես՝ ավելի քան անորոշ հեռանկարն անգամ չէր խանգարել ամերիկյան ընկերությանը՝ գործարք կնքել եւ 500 միլիոն դոլարի ներդրումներ խոստանալ:

Հետաքննությամբ հաջողվել է վերհանել նման ռիսկի գնացած եւս մեկ ընկերություն, որի կառավարումը 2000-ականներից հանձնվել էր Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: Այն ղեկավարում էր 69-ամյա Մոհամադ Ռեզա Վազիրին՝ բաժնետոմսերի մոտ 30 տոկոսով ամենախոշոր սեփականատերը: Անձամբ նա էլ Հեյդար Ալիեւի հետ համաձայնեցրել էր գործարքի պայմանները: «Գործարքը կնքելիս՝ 1997-ին, ես պնդում էի, որ պայմանագրում ներառենք նաեւ այդ երեք հանքերը: Բոլորն ասում էին՝ դա օկուպացված տարածք է, ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի, մինչդեռ ես մշտապես հավատում էի ու բոլորին ասում էի՝ մեր պայմանագիրը 20-30 տարով է, մինչ այդ հողերը կազատագրվեն»,- հետագայում պատմում էր Վազիրին:

Հակիրճ այն մասին, թե ով է այդ հանդուգն գործարարը: Վազիրին ծնվել է Իրանում եւ եղել է Արտաքին կապերի գծով Շահի գլխավոր խորհրդականը: Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ եւ 90-ականների վերջին սկսել ներդրումներ անել նորանկախ Ադրբեջանում: Վազիրին ազդեցիկ կապեր ունի ամերիկյան քաղաքական ու գործարար էլիտայում: Բավական է նշել, որ նա նախագահում է Ադրբեջան-ԱՄՆ առեւտրի պալատի տնօրենների խորհուրդը, որի պատվավոր անդամներն են ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը, Ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին եւ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Վազիրին նաեւ Իլհամ Ալիեւի մերձավորներից է:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերագրավեց յոթ շրջաններն ու այնտեղ գտնվող հանքերը, Վազիրին ցնծության մեջ էր. «Մեր առջեւ նոր հորիզոններ են բացվել»,- ասում էր նա: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի կառավարությունը Anglo-Asian Mining-ին փոխանցեց նաեւ Զանգելանում գտնվող «Վեյնալի»-ի հանքավայրը: «Ես անձամբ եմ գնացել այնտեղ, տպավորությունս դրական է, եւ մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում արդեն կսկսենք այն շահագործել»,- հայտարարել է Վազիրին:

Խոսքը պատմական Կովսականի՝ օգտակար հանածոներով հարուստ ընդերքի մասին է: Սա այն շրջանն է, որ 28 տարի հայկական վերահսկողության տակ էր, եւ 44-օրյա պատերազմի ավարտից 1 ամիս անց, դեկտեմբերին, ի խախտումն նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ սահմանված պայմանի, անցավ թշնամուն, երբ ՀՀ զինված ուժերը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ 25 կմ ետ քաշվեցին Գորիսի Խնձորեսկ համայնքի եւ Կապանի հատվածներում: Գերագույն գլխավորի պատճառաբանմամբ՝ եթե հայկական ուժերը ետ չքաշվեին՝ Ադրբեջանը Սյունիքում դիմելու էր ռազմական գործողությունների: Ծանոթ մանիպուլյացիաների շարքից է, այդպես չէ՞:

Նկատենք, որ վերը բերված հանքերի շահառուները, որոնք հիմնականում բրիտանական ծագման ընկերություններ են, տասնամյակներ շարունակ իրենց հանքերի շահագործման աստեղային ժամին էին սպասում: Դրանց խոշոր բաժնետերերը շատ ազդեցիկ, լայն կապեր ունեցող անձինք են՝ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդպիսիներից էր, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունունուն, ով 2008-ից ի վեր շահագրգռվածություն է ցուցաբերում, մասնավորապես, Զանգելանի շրջանում ոսկու, պղնձի եւ մոլիբդենի կորզման հանքարդյունաբերական ծրագրերի նկատմամբ։

Ի դեպ՝ Սունունուի ընկերությունը հորատման աշխատանքները սկսել է Զանգելանի շրջանում ռազմական ակտիվ գործողությունները դադարելուց անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերին, ըստ երեւույթին՝ նախապես մշակված աշխատանքային ծրագրով։ Նրա որդին՝ Մայքլը, Anglo-Asian Mining ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, ընկերության խոշոր բաժնետերերից է նաեւ Բրիտանիայում գրանցված LIMELIGHT DEVELOPMENTS LIMITED-ը։ Տնօրենների շարքում եւս կան ու եղել են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Թիմ Էգգարը:

44-օրյա պատերազմից հետո ի հայտ եկան փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են այդ կապերը գործի դրվել: Անցած տարի ամռանը բրիտանական OpenDemocracy-ն գրեց` Լոնդոնը պատերազմից առաջ եւ ընթացքում պարբերական կապի մեջ է եղել Anglo-Asian Mining-ի հետ, որը ակնկալում էր «օգուտներ ստանալ ադրբեջանական հողերի ազատագրումից»: Պատերազմի օրերին Anglo-Asian Mining-ը Բրիտանիայի դեսպանին նամակ է ուղարկել՝ նկարագրելով, թե ոսկու ինչ պաշարներ կան Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում։ Այդ տարածքները բնորոշվել էին որպես «հնարավորությունների երկիր»: Իսկ 2021թ. հունվարին Anglo-Asian Mining-ը ողջունեց եռակողմ հրադադարի հայտարարությունը՝ տեղեկացնելով, որ «թարմացրել է օկուպացված տարածքներում ու Ղարաբաղում գտնվող երեք հանքերի շահագործման իրավունքը»:

Բրիտանական այդ ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, ի դեպ, նշվում է. «Հրադադարի համաձայնագրով առաջարկվում է, որ Հայաստանը Սյունիքի շրջանից տարածք տրամադրի Ադրբեջանին`ուղիղ ճանապարհի եւ երկաթգծի կառուցման համար, որը կկապի Նախիջեւանն Ադրբեջանի մյուս հատվածների հետ: Առաջարկվող տրանսպորտային միջանցքը մեծապես կհեշտացնի ընկերության կապը Օրդուբադում գտնվող հանքավայրի հետ»: Կարծես թե՝ ոչ մի տարակույս չի մնում եզրակացնելու, թե ինչ է թաքնված «Լաչինի միջանցքի» արգելափակման ծխածածկույթի տակ եւ ովքեր են ազերի «էկոակտիվիստների» ձեռնարկած մարդատյացության ակցիայի իրական շահառուները:

Anglo-Asian Mining-ի հայտարարությունից ամիսներ անց հաղորդվեց, որ Ադրբեջանի կառավարությունը նոր գործարք է կնքել վերջինիս հետ եւ «ոչ միայն երկարաձգել է ոսկու պաշարներով հարուստ հանքերից մեկի (անշուշտ՝ «Վեյնալի»-ի-Գ.Բ.) շահագործման ժամկետը, այլեւ նոր՝ Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործման իրավունք է տվել»: Կաշենի պղնձամոլիբդենայինը, որը ներկայումս շահագործվում է հայկական «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից, մեկն է այն 3 հանքավայրից, որոնց կառավարումը Ադրբեջանի՝ այս տարվա հուլիսին ստորագրած պայմանագրի համաձայն՝ փոխանցվել է բրիտանական ընկերությանը՝ 3 միլիարդ դոլարի դիմաց:

Հարց է ծագում՝ բայց ինչպե՞ս է Ալիեւը վաճառել մի բան, որն իրեն չի պատկանում: Իսկ միգուցե հայ պաշտոնյաներից որեւիցե մե՞կն է օգնել Ալիեւին՝ լուծելու այս հարցը: Բայց՝ ո՞վ… թող խոստովանի կամ հերքի, որ չկա նման բան: Մախաթը պարկում չես թաքցնի՝ օրերից մի օր այն կծակի մարմնիդ ամենափափուկ տեղը:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: