Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Իլհամի ոսկե ձկնիկը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, վերջիվերջո, հասկացավ, որ Ալիեւը խաղաղության գնալու մտադրություն չունի: Նրա մտադրությունն ավելի պրագմատիկ է, քան կարելի է երեւակայել՝ աշխարհի երեսից ջնջել Հայաստանի անունը, ինչպես այժմ՝ Արցախինը: Ապշերոնյան սուլթանը խաղաղության չի գնա՝ թեկուզ Նիկոլն իր մատները տասը մոմ դարձրած՝ վառի նրա հաջողության ճանապարհին: Բոլորս հո տեսնո՞ւմ ենք, թե ինչպես է Փաշինյանը պարում նրա մուղամի տակ՝ ուզածը տալիս է, ասածն՝ անխոս ի կատար ածում: Բայց այդ ագահ արարածի աչքը չի կշտանում՝ ինչպես Ոսկե ձկնիկի մասին Պուշկինի հայտնի հեքիաթում:

Ազերի ցեղասպանի ինչի՞ն է պետք խաղաղությունը, երբ բոլոր իր ցանկությունները «ոսկե ձկնիկը» կատարում է: Էլ ինչո՞ւ պիտի պայմանագրով ինչ-ինչ պարտավորվածությունների բեռ վերցնի ուսերին, եթե կարող է նպատակին հասնել պատերազմով: Փաշինյանը խոստովանում է, որ դիվանագիտական լուծումներ գտնելու եւ այդ ուղիով խաղաղության հասնելու՝ Երեւանի ջանքերը ջուրն են թափվել. չնայած բանակցություններին, սուլթանը շարունակում է հակված մնալ պատերազմի ուժին. «Մենք առաջարկել ենք բազմաբնույթ խաղաղ լուծումներ, բանակցությունների շատ տարբերակներ, բայց Ալիեւը չի զիջում։ Նա վճռական է՝ պատերազմի միջոցով հասնել իր նպատակին»,- գանգատվում է Փաշինյանը։

Հոկտեմբերի 7-ի նրա այս հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել հանրության մեջ, սոցցանցերում եւ միջազգային շրջանակներում։ Տեքստին զուգահեռ՝ նա հրապարակել է նաեւ մի տեսանյութ, որտեղ հանգամանորեն ներկայացվում է, թե ինչպես են խաղաղ բանակցությունների շուրջ հայկական կողմի բոլոր հույսերն ի դերեւ ելնում՝ բախվելով ադրբեջանական կողմի նախահարձակ դիրքորոշումներին։ Տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ունեցել եւ քննարկման թեմա դարձել տարբեր մեդիահարթակներում։ Շատ օգտատերեր աջակցություն են հայտնել Երեւանին եւ, միաժամանակ, դատապարտել Բաքվի միապետի ռազմատենչ էությունը:

Այս զարգացումները նորություն չեն, պատերազմի հավանականության մասին շատերն են խոսում, եւ ակնհայտ է, որ տարածաշրջանը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ: Հայաստանին ուղղված՝ ալիեւյան վարչախմբի եւ անձամբ Հեյդարօղլու հաճախադեպ սպառնալիքները, պարբերաբար տարածվող կեղծ հաղորդագրությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի այսինչ կամ այնինչ հատվածում հայկական զինուժը խախտել է հրադադարի պայմանակարգը, հրետակոծվում են ադրբեջանական դիրքերը եւ այլն, պերճախոս վկայությունն են այն բանի, որ հակառակորդը տեղեկատվական-քարոզչական նախադրյալներ ու օրինակարգ հիմքեր է ստեղծում նոր պատերազմի համար՝ հենց որ հարմար պահը գա:

Նույն տրամաբանության ծիրում է Ադրբեջանի նորընտիր Միլի մեջլիսում Ալիեւի ելույթը: Նա հայտարարեց, որ իրենց թիվ մեկ խնդիրը երկրի ռազմական հզորության ավելացումն է։ Նրա խոսքով՝ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հակամարտությունները, պատերազմների նոր օջախների ի հայտ գալը եւ Ադրբեջանի շուրջ լարվածության աճը, ինչպես նաեւ Հայաստանում, նրա բնորոշմամբ, ռեւանշիստական միտումները ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Ուստիեւ Ադրբեջանն ամրանում է «պայմանական սահմանին»՝ քանի որ Հայաստանից, իբր, «ցանկացած պահի կարելի է ակնկալել ցանկացած սադրանք»։ Կարելի է նաեւ չկասկածել, որ սադրանք չլինելու դեպքում էլ՝ Ադրբեջանն ինքը այն «կսարքի»:

Հետաքրքիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրեթե ամեն տարի ավելացրել է իր ռազմական բյուջեն, որը Հայաստանի համեմատ կրկնակի բարձր է, թշնամին ինտենսիվորեն զինվում է, իսկ հետպատերազմյան շրջանում, ի տարբերություն Հայաստանի, մի քանի տասնյակ զորավարժանքներ է անցկացրել, ընդ որում՝ մեծ մասը Թուրքիայի, Պակիստանի եւ մի շարք այլ պետությունների զինված ուժերի հետ համատեղ: Այդ երկիրն իր ռազմական գործարաններում արդիականացման խոշոր աշխատանքների է իրականացնում, արտադրում է սեփական ռազմատեխնիկան, զինամթերքը, օտարերկրյա գործընկերների օժանդակությամբ ստեղծում ռազմարդյունաբերական արտադրամասեր ու համալիրներ:

Բայց արի ու տես, որ Իլհամը համաշխարհային աղմուկ է դնում, երբ ՀՀ-ն մի քանի միավոր պաշտպանական զինտեխնիկա կամ զինամթերք է ձեռք բերում: Չգիտես՝ խա՞նդն է նրա մեջ խոսում, թե՞ վախը. «Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ է անցկացնում արտասահմանյան խոշոր պետությունների հետ։ Արեւմտյան երկրները զենք-զինամթերք են մատակարարում։ Ակներեւ են արեւմտյան որոշ պետությունների՝ Հայաստանին մեր դեմ տրամադրելու ծրագրերը»,- ասել է Ալիեւը եւ մատ թափ տվել, թե Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի, վերջնագրի լեզվով. «Մենք միշտ պատրաստ ենք ու կարող ենք տալ ցանկացած պատասխան»,- շեշտել է նա:

Ալիեւը վաղուց հատել-անցել է լկտիության բոլոր սահմանները: Նրան քիչ են թվում Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի անվերապահ կապիտուլացումը, հայկական տարածքների բռնազավթումը՝ գումարած իր «ոսկե ձկնիկի» առատաձեռն նվիրատվությունները: Նա կողոպտել է Հայաստանի ներկան, հիմա էլ ուզում է կողոպտել նաեւ անցյալը, նույնիսկ՝ ապագան: Ուզում է կլանել, առոչինչ դարձնել հայկական բացառիկությունն ընդհանրապես՝ հայկական ֆենոմենը հավասարեցնել զրոյի: Դրան հասնելու համար «ոսկե ձկնիկին» հանձնարարությունների հերթական փաթեթն է պատվիրակել, ինչը վերջինս անտրտունջ կատարում է՝ խթանելով սեփական երկրի կործանարար ընթացքը:

Պուշկինի հեքիաթը լավ ավարտ է ունենում՝ անկուշտ ու ագահ պառավի վայելքներն ի չիք են դառնում. նա կորցնում է ոսկե ձկնիկի ընծայած ապարանքներն ու բոլոր արքայավայել բարիքները եւ դարձյալ հայտնվում ծովափնյա իր նախկին խարխուլ խրճիթում՝ իր կոտրած տաշտակի առջեւ: Տարոսը՝ Իլհամին…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: