Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Վերլուծական

«Միջանցքային» թնջուկ, որից պատերազմի հոտ է գալիս

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցքի» թեմայով թուրք-ադրբեջանական խոսույթում որոշ հակասական տարրեր են ի հայտ եկել: Բավական երկար ժամանակ՝ կարելի է ասել հետպատերազմյան երեք տարվա ընթացքում, թեման «տաք» պահելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի սկզբներին փոքր-ինչ մեղմեցին անհիմն պահանջատիրության մարտավարությունը՝ «հույսի պատուհան» բացելով հայկական կողմի համար: Առաջինը խոսեց հատուկ հանձնարարությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ հոկտեմբերի 4-ին պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արեւելքի խաղաղության ու անվտանգության կենտրոնի տնօրենի հարցերին:

Նա ասաց. «ՀՀ-ն պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխափան երթեւեկության համար»: Ուշադրություն դարձրեք «միջանցքի երկայնքով» բառակապակցությանը: Սա Ադրբեջանն առաջին անգամ է դնում շրջանառության մեջ: Մինչ այդ, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան նախագահների մակարդակով (եւ ոչ միայն նախագահների) բազմաթիվ անգամներ հստակ հայտարարել են բուն «Զանգեզուրի միջանցքի», այլ ոչ թե՝ դրա երկայնքով ճանապարհի մասին: Ավելին՝ Էրդողանն ու Ալիեւը անընդհատ հոխորտում էին, որ չտալու դեպքում այն կվերցնեն ուժով:

Հիմա ադրբեջանցի պաշտոնյայի՝ Սյունիքի մասով հայտարարությունը, ակնհայտորեն, լավատեսություն է ներշնչում: Լսենք այն. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա հայերը, հավանաբար, մեզ սխալ են հասկացել, ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին եւ ճանաչում է դրանք՝ որպես ՀՀ-ի ինքնիշխան տարածք»։ Ամիրբեկովը միաժամանակ մտահոգություն է հայտնում առ այն, թե ինչպես են հայերն ապահովելու «միջանցքի» անվտանգությունը: «Սա առանձին խնդիր է,- նշել է նա,- քանզի ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ երթեւեկության անվտանգությունը պետք է ապահովեին ռուս սահմանապահները: Հիմա, կարծես թե, հայերը վերանայում են այդ պարտավորությունը»:

Հասկանալի է, որ Ադրբեջանին դուր է գալիս Երեւանում պաշտոնական մակարդակով գեներացվող հակառուսական կեցվածքը, ինչը այդ երկրին թույլ է տալիս շահել իրենց հանդեպ ռուսական կողմի բարեհաճությունը: Հիշեցնենք Իլհամ Ալիեւի այն գոռոզամիտ խոստովանությունը, թե «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը ինքն է առաջին անգամ միջազգային շրջանառության մեջ դրել: Իրականում Մեղրիով դեպի թյուրքական աշխարհ ճանապարհի բացումը Թուրքիայի 100-ամյա ռազմավարական ծրագրի առանցքային հիմնադրույթներից է, որին էլ միացել է Ալիեւը՝ կոնսպերատիվ նկատառումներով անունը դնելով «Զանգեզուրի միջանցք»: Այնպես որ, թուրք-ադրբեջանական զույգն այդ ծրագրից երբեք հրաժարվողը չէ՝ ինչ էլ պատահի:

Ուրեմն՝ ինչո՞ւ ադրբեջանցի դիվանագետի շուրթերով հրապարակ նետվեց հայության ականջին վաղուց անսովոր այդ խոսույթը: Պատճառները մի քանիսն են, առանձնացնենք դրանցից երկուսը. ա/ եվրոպական կառույցների որոշակի ճնշումներով պայմանավորված՝ Ալիեւը ստիպված է միառժամանակ զերծ մնալ նախահարձակ գործողություններից եւ սպասել իր համար ավելի նպաստավոր իրադրության՝ մինչեւ կանցնի արցախահայերի էթնիկ զտման մեջ մեղադրվելու վտանգը; բ/ նման «քնարական զեղումներն» ընդամենը միամիտների գլխի տակ «փափուկ բարձ» դնելու, նրանց պայքարի ոգին ջլատելու, իսկ միջազգային հանության կարծիքն իրենց մասին դրականորեն փոխելու համար են:

Մեծ հաշվով՝ կա նաեւ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող եւ անկշտում հարեւանների շահերը սպասարկող անձին «ծպտյալ» աջակցելու գործոնը, որը պատրաստվում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով հոկտեմբերի վերջին մեկնել Բրյուսել, որտեղ մեծ է հավանականությունը, որ Փաշինյան-Միշել-Ալիեւ բանակցությունների շրջանակում կարող է ստորագրվել «Զանգեզուրի միջանցքի» բացման պարտավորագիրը: Պատահական չէր, որ օրեր առաջ Հայաստանին սիրաշահելու կարճատեւ գործընթացին տոն տվեց անգամ Թուրքիայի նախագահը: Նա ասել է՝ եթե Հայաստանը չի ուզում միջանցք տալ Մեղրիով, հոգ չէ, իրենք դա կստանան Իրանից, որը համաձայն է իր տարածքով բացել այդ ճանապարհը:

Չնայած Հայաստանը միշտ բացառել է արտատարածքային ճանապարհի հանձնումը՝ վստահեցնելով, որ ցանկացած հաղորդակցության ապաշրջափակման դեպքում պետք է ապահովվի տվյալ պետության ինքնիշխանությունը, որոշ աղբյուրների պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրը» հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունեցել է, որին, սակայն, տեւական ժամանակ վախենում էր ընթացք տալ՝ զգուշանալով համազգային ընդվզումից: Բաքվից ու Անկարայից նրան արդեն մի քանի անգամ լրջորեն հանդիմանել են «զանգեզուրյան միջանցքի» եւ «մյուս խոստումների» կատարումը ձգձգելու համար: Ալիեւն անգամ սպառնացել է, որ կամովին չտալու դեպքում կվերցնի ուժով:

Այս համատեքստի շրջանակում է նաեւ Թուրքիայի կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստից հետո Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունը, եթե վերջինս բացի «Զանգեզուրի միջանցքը» եւ կատարի «մյուս խոստումները»: Թուրք-ադրբեջանական խոսույթի հակասականությունն ավելի ցցուն կդառնա, եթե հիշեցնենք Էրդողանի ավելի վաղ հնչեցրած մեկ այլ հայտարարություն, համաձայն որի՝ «միջանցքի» բացման հարցում գլխավոր խնդիրը Փաշինյանը չէ, այլ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին: Վերջինս, ինչպես հայտնի է, մի քանի անգամ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ հավաստիացնելով, որ թույլ չի տա հայ-իրանական սահմանին պատմականորեն ձեւավորված իրավիճակի որեւէ փոփոխություն, քանզի դա հակոտնյա է իր ազգային շահերին:

Անշուշտ՝ քաղաքական գործչի ցանկացած հրապարակային հայտարարություն գործի միայն կեսն է, մյուս կեսը խոստացածն իրական գետնի վրա կենսակոչելու կամքն է, որը շատ հաճախ բացակայում է, եւ խոսքը վերածվում է «ձայն բարբառոյ հանապատի»: Իրանի դեպքում շահագրգռվածությունն ակներեւ է՝ այդ երկիրն անգամ պատրաստ է սեփական տարածքով ապահովել Նախիջեւանի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի կապը: Ավելին՝ օրերս Ադրբեջանն ու Իրանը արեցին այն կամրջի ու ճանապարհի հիմնարկեքը, որոնցով պետք է տեղի ունենա այդ կապը, եւ որով էլ Իրանը վերահաստատեց իր հայտարարությունների անկեղծությունը: Վերահաստատեց, որ իր խոսքի տերն է:

Իսկ Հայաստա՞նը: Նրա ղեկավա՞րը… ի վիճակի՞ է հաղթահարելու հարավային իր սահմանին ստեղծված «միջանցքային» թնջուկը, որը գործող իշխանությունների վարած ապաշնորհ ու արկածախնդրական արտաքին քաղաքականության արդյունք է, թե՞ դարձյալ երկիրը տանելու է նոր աղետների ու չքմեղանա՝ ասելով. բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: