Շաբաթ, Մայիսի 11, 2024

Վերլուծական

Շահերի եւ ուժերի դասավորության ընկալումը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ֆեյսբուքյան իմ վերջին գրառումներից մեկի տակ քննարկումը ցույց է տալիս, որ իմաստ ունի եւս մեկ անգամ անդրադառնալ շահերի եւ ուժերի դասավորությանը, որը ձեւավորվել է Հայաստանի շուրջ։ Իմ կածիքով՝ հայ հանրության ներկայիս գնահատականները չափազանց սուբյեկտիվ են եւ չեն կարող ողջամիտ պատկերացում տալ այն ամենի մասին, ինչ կատարվում է մեզ հետ եւ մեր շուրջը։ Կփորձեմ համոզիչ փաստարկներ բերել։ Սկսենք Ռուսաստանից։

Շատ հայեր ավանդաբար նույնացնում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ՌԴ-ի շահերի հետ։ Ավելին՝ առաջնահերթությունը տրվում է հյուսիսային դաշնակցի ծավալապաշտական քաղաքականությանը։ Համարվում է, որ ռուսական ազդեցության ոլորտի ընդարձակումը կամ, այլ կերպ ասած, էքսպանսիան միշտ օգուտ է բերում հայերին։ Նույնքան մեծաթիվ հայեր կարծում են, որ Ռուսաստանը հայ ժողովրդի թշնամին է եւ իրենց տեսակետը հիմնավորելու համար վկայակոչում են փաստեր Թուրքիայի հետ այդ երկրի համագործակցությունից, որը հարձակողաբար է տրամադրված հայերի նկատմամբ։ Անգամ կարծիք կա, որ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանն է կազմակերպել՝ հեռուն գնացող նպատակներով։

Հասկանալի է, որ պատմության ներկայիս ծայրահեղ հակասական պահին, երբ ՌԴ-ն բացահայտ անտեսում է Հայաստանի շահերը, բավական դժվար է բացատրել այդ երկրի նման պահվածքի պատճառները։ Պարզ է, որ Ռուսաստանին թշնամի համարողները պարզապես կասեն. «այստեղ կա հստակ փաստարկ, որը հաստատում է մեր տեսակետը»։ Իսկ նրանք, ովքեր համոզված են, որ Ռուսաստանը մեր պաշտպանն է, անգամ՝ ավելին, մեր փրկիչը, ունեն եւ կարող են այդ երկրի դիրքորոշումն արդարացնելու իրենց հակափաստարկները ներկայացնել։

Կարելի է, օրինակ, կարծիքներ լսել, որ Հայաստանն արժանի է դրան, քանզի աջակցում է նրա՝ Արեւմուտքի թշնամիներին։ Կամ՝ կհիշեցնեն, որ մենք չլսեցինք Ռուսաստանին, երբ մեզ համար ձեռնտու ծրագիր էր առաջարկում՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման Լավրովի պլանը։ Հայաստանի անվտանգության հարցում ռուսական գործոնի նման գնահատականները մեզ զրկում են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ մեր դիրքորոշումը զարգացնելու հնարավորությունից։ Մարդկանց ողջ ակտիվությունը Հայաստանում հանգում է «բարեկամներ-թշնամիներ» երկընտրանքի շուրջ վեճերին, որոնց առանցքում կամ Ռուսաստանն է, կամ՝ հավաքական Արեւմուտքը։

Թերեւս եկել է ժամանակը, որ առանց Ռուսաստանի անունը հիշատակելու՝ անհնար է խոսել։ Դուք անմիջապես կբախվեք «իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին» հարցին։

Հայերի շրջանում տարածված այն միտքը, թե «գլխավորը Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն է, անվտանգության ոլորտում մնացածն ինքնաբերաբար կլուծվի», չափազանց միամիտ է։ Շատ լավ է, որ հայերը հասկացան՝ Ռուսաստանը, բացի դաշնակից լինելուց, կարող է ոչ միայն սպառնալիք լինել, այլեւ Հայաստանը կործանող։ Բայց միայն քչերը կարող են հավատալ, որ Ռուսաստանին կարելի է չեզոքացնել՝ պարզապես նրա զորքերը Հայաստանից դուրս բերելով։

Շատ ավելի իրատեսական է, որ Ռուսաստանն ինքը կարող է հայերին հեռացնել Հայաստանից եւ «իր տարածքը» բաժանել մահմեդական ընկերներին։ Նմանատիպ փորձի մասին ես արդեն գրել եմ բյուզանդական ժամանակներից, էլ չասած, որ Արցախի դառը փորձը բոլորիս աչքի առջեւ է։

Փաստորեն՝ Հայաստանի անվտանգության ապահովումը շատ ավելին է, քան Ռուսաստանին չեզոքացնելու առանձին խնդիրը։ Նրանից բխող սպառնալիքները կարող են չեզոքացվել միայն ավելի լայն ռազմավարության շրջանակներում։ Այստեղ թուրքերի հետ մասնավոր զրույցը չի օգնի՝ թուրքերն ինքնին գլխացավանք են Հայաստանի համար։ Թուրքերը գիտեն՝ ում հետ խոսել, ում հետ՝ ոչ. նրանք գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը եւ ինչպես աշխատել նրա հետ։ Բայց, ընդհանրապես, թուրքերը հայերին չեն ճանաչում որպես անկախ սուբյեկտ կամ որպես հարեւան երկիր, ճանաչում են սոսկ իբրեւ իրենց հողի քմահաճ վարձակալ:

Այնպես որ, Թուրքիայի սպառնալիքը մեզնից հեռացնելու խնդիրը նույնպես չի կարող լուծվել ուղիղ երկխոսության միջոցով։ Թուրք հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարը, որը երբեմն ներառվում է այս բանավեճում, ընկալվում է որպես անզորության ճիչ, քանի որ վեճի երկու կողմերն էլ թուրքերին կապում են կամ Ռուսաստանի, կամ Արեւմուտքի հետ։ Իսկ թուրքերն իրենք էլ իրենց պահվածքով պաշտպանում են այս կարծիքը։

Ի՞նչ անել այդ դեպքում: Սկզբի համար՝ վերանայենք սեփական տեսակետները մեր եւ աշխարհի, մասնավորապես Ռուսաստանի եւ մեր տարածաշրջանի վերաբերյալ: Այս դեպքում պարզ կդառնա, որ միջազգային հարաբերություններում չկան ընկեր, հարեւան, հովանավոր, փրկիչ եւ նման այլ հասկացություններ։ Պարզ կդառնա նաեւ, որ սուբյեկտների միջեւ չկան կայուն հարաբերություններ՝ այսօր կարող են դաշնակցել, վաղը՝ թշնամական լինել: Միջազգային հարաբերությունների սուբյեկտներն ունեն միմիայն իրենց շահերը պաշտպանելու ցանկություն՝ այն էլ ուրիշների հաշվին։

Ուրեմն՝ եթե ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները մեզ հետ չեն խոսում որպես գործընկերոջ, այլ ճանաչում են միայն վերջնագրի տեսքով խոսակցությունը, ապա ի՞նչ կարելի է անել։ Պատասխանը պարզ է՝ մենք պետք է հարաբերություններ ստեղծենք նրանց հետ, ովքեր հայերի հետ խոսում են հասկանալի լեզվով, այդ դեպքում ռուսներն ու թուրքերն իրենք ստիպված կլինեն հայերի հետ խոսել հավասար պայմաններով: Մինչ այդ, իհարկե, բավական լարված պահեր կլինեն։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: