Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Վերլուծական

Անտարբերության համախտանիշ. լաոն զարթնո՞ւմ է…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Վերջին շրջանում ով չի ալարում՝ քննադատում է հասարակության մեջ առկա ապատիկ վիճակը: Եվ այդ քննադատությունն անհիմն չէ. մարդկանց, արդարեւ, համակել է տեղի ունեցող դեպքերի, հակոտնյա երեւույթների, պետությանը եւ անձամբ իրենց ընտանիքներին սպառնացող վտանգների նկատմամբ խորն անտարբերության նիրհը: Երկրին եւ ժողովրդին հասցեագրված արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հանդեպ հայ հասարակության վերաբերմունքն անհասկանալիորեն համարժեք չէ, հետեւանք են մեկ անձի ապիկար կառավարման, եւ այդ անձը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է, ով, փաստորեն, անվտանգային առումով մսխեց հետպատերազմյան ավելի քան եռամյա ժամանակը:

Հանրությունն այդ ողջ ընթացքում, ասես հիպնոսացված, հետեւում էր դեպքերի խճճված, վտանգավոր շղթային՝ չկարողանալով կամ չցանկանալով կողմնորոշվել ու դիրքավորվել հարափոփոխ դիպաշարերի ծիրում, հաղթահարել անտարբերության թմբիրը եւ ոտքի կանգնել: Առավել եւս՝ հիմա, երբ իշխանությունների՝ այլեւս «բաց խաղի» բերումով, կարծես թե, բյուրեղանում է ներհայաստանյան բացասական զարգացումների եւ դրանց համահունչ արտաքին ազդակների համայնապատկերը: Հանրային խոսույթում, փորձագիտական-վերլուծական շրջանակներում գրեթե կասկած չկա, որ Հայաստանին, մեր պետությանն ու պետականությանը պատուհասած աղետի հիմքը դրվել է 2018-ին՝ Փաշինյանի եւ նրա խմբի բերած «թավշյա հեղափոխության» փաթեթով:

Իշխանական համակարգ Փաշինյանի մուտքը շռնդալից եղավ: Հասարակությունը հավատաց Փաշինյանի փքուն խոսքին ու խոստումներին, գնաց նրա հետեւից: Քիչ է ասել՝ գնաց… սիրահոժար ծափերով արձագանքեց անգամ նրա հավակնոտ մտադրությանը. «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: 2018-ի գարնան ռոմանտիկ օրերն էին: «Գաղջից» նոր-նոր դուրս եկած բազմությունը, որի թիվը հարյուր հազարով էր հաշվվում, էյֆորիկ վիճակում էր՝ խելահեղորեն «Նի-կո՛լ, վարչա-պե՛տ» էր գոչում՝ առանց սթափ դատելու եւ առանց իրեն հաշիվ տալու, թե ուր է մոլորված ժողովրդին առաջնորդելու այդ ինքնակոչ «վարչապետը», դեղին մամուլի երբեմնի լրագրողը:

Կյանքի կանոն է՝ որքան բուռն է չգիտակցված հիացմունքը անարժան մեկով, նույնքան ցավագին է լինում հիասթափությունը: Հասարակության անտարբերության պատճառներից մեկը ամոթի ու զղջման զգացումն է. մարդիկ հաճախ ամաչում են սխալ ընտրությունից եւ խաբված լինելուց: Նրանք չեն ուզում հանձն առնել սխալը, որովհետեւ հասկանում են՝ իրենց սխալից տուժողը միայն իրենք չեն, տուժել են նաեւ ծանոթ-անծանոթ, հարեւան-բարեկամ անձինք, ինչպես նաեւ այլ չկողմնորոշվածները, որոնց մի մասին իրենք են համոզել ձայն տալ Փաշինյանի օգտին: Տարիներ են անցել, բայց այդ մարդկանց երեսին դեռ ամաչում են նայել:

Հասարակության ապատիայի եւ կրավորական պահվածքի մյուս պատճառը վախն է: Վախը պատերազմից, անորոշությունից, սոցիալ-տնտեսական կոլապսից, անհեռանկար կյանքից, մշուշոտ ապագայից: Կան հուսահատ վիճակում գտնվող, գործազուրկ եւ կարիքավոր ընտանիքներ, մեծ թվով տնանկներ, 44-օրյա պատերազմում հարազատներ կորցրած, Արցախի 2023թ. սեպտեմբերյան ողբերգության հետեւանքները տակավին չհաղթահարած փախստականներ, որոնք բազում խնդիրներ ունեն՝ սոցիալ-տնտեսական, բնակարանային, աշխատանքի տեղավորման, անձնագրերի նույնականացման, վերաթոշակավորման եւ այլն: Քաղաքացիների դիմումներն ու օրինական պահանջները, որպես կանոն, մնում են անպատասխան:

Իշխանությունները չտեսնելու են տալիս մարդկանց հոգսերը՝ մասնավորապես իրենց մեղքով Արցախից բռնի տեղահանված, ունեզրկված եւ էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների մասով: Ավելին՝ տարբեր շինծու պատճառներով նրանց առջեւ փակում են դռները, ստեղծում արհեստական խոչընդոտներ՝ մի շարք կարիքավորների դուրս թողնելով սոցիալական աջակցության ծրագրերից: Անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ փոխանակ զբաղվելու կոնկրետ խնդիրների կարգավորմամբ, ժողովրդի ուշադրությունն ամենակարեւորից շեղելու նպատակով գրեթե ամեն օր վիճահարույց մի թեմա է նետում ասպարեզ՝ հանրային քննարկմամբ մարդկանց զբաղեցնելու համար:

Իրականում ՀՀ-ում հանրային քննարկման ամենահրատապ թեման վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրաժարականի պահանջը պետք է լիներ՝ այն անձի, որը տանուլ է տվել բոլոր «մարտերը»՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական ճակատներում, ձախողել բոլոր ոլորտները եւ միակ բանը, որում հաջողել է, հայ հասարակության պառակտումն է ըստ սեւեր-սպիտակներ, ղարաբաղցի-հայաստանցի, նախկիններ-ներկաներ, ռուսամետներ-արեւմտամետներ եւ այլ հատկանիշների: Այսինքն՝ կարողացել է ազգը բաժանել հակադիր խմբերի եւ ոտքի հանել բոլորին բոլորի դեմ: Կարճ ասած՝ բաժանել է, որ տիրի, ինչը եւ անում է: Առայժմ: Մինչեւ լաոյի զարթնելը:

Ահաեւ մասամբ այն հարցի պատասխանը, թե ինչու հասարակությունը երկար ժամանակ անտարբեր է եւ չի արձագանքում ներքին ու արտաքին անվտանգային ազդակներին: Մյուս, ամենաակնհայտ պատճառն էլ այն էր, որ մեզանում միաձույլ, միակամ եւ միատարր հասարակություն՝ որպես այդպիսին, չկա: Այն տրոհված է մասերի՝ հայրենակցական, աշխարհաքաղաքական կողմնորոշումների, անգամ սերնդակցական ու անձնական հավատարմության հիմքի վրա: Բերենք մեր օրերի ամենատարածված հարցադրումներից մեկը. «Նիկոլն էլ ի՞նչ դժբախտություններ բերի այս ազգի գլխին, որպեսզի ժողովուրդն արթնանա, ընդվզի եւ դուրս գա ու հեղեղի փողոցներն ու հրապարակները»:

Հարցը տեղին է: Իշխանավարման շուրջ հինգ տարում Փաշինյանն ու նրա ՔՊ-ական խմբակը շատ չարիքներ եւ տառապանքներ են պատճառել հայ ժողովրդին՝ պատերազմ են հրահրել Ադրբեջանի դեմ եւ կրել խայտառակ պարտություն, որի աղետալի հետեւանքները մինչ օրս հետապնդում են մեզ: Լուսաշող երիտասարդների մի ողջ սերնդի փթթուն կյանք խլվեց ու հաշմվեց այդ պատերազմի արդյունքում, հետո տարածքային կորուստներ եղան Հայաստանից՝ շուրջ 215 քառակուսի կիլոմետր: Այնուհետեւ կորցրինք բուն Արցախը՝ Հայաստանի միջնաբերդը՝ հարակից տարածքներով, եւ դարձյալ հարյուրավոր զոհերի, ավելի քան 100 հազար արցախցիների բռնի տեղահանման գնով:

Եվ ի՞նչ… Պետությանը եւ ժողովրդին մեծ արհավիրքներ բերած 44-օրյա պատերազմից հետո էլ Փաշինյանը չարագուշակ իր խմբի հետ շարունակում է պաշտոնավարել, որովհետեւ ՀՀ  «հպարտ» քաղաքացիները 2021թ. հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ական ուսապարկերին՝ իրենց ձախողակ առաջնորդով հանդերձ, ոչ միայն չուղարկեցին գրողի ծոցը, այլեւ «երկաթե մուրճ» ու «պողպատե մանդատ» նվիրեցին: Ըստ երեւույթին՝ քանդիչ գործունեությունը շարունակելու եւ 2018-ին «սկսածը» տրամաբանական ավարտին հասցնելու համար: Ուրիշ էլ ինչի՞…

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: