Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Վերլուծական

Առցանց ասուլիսներ, ընտրովի հարցադրումներ, շահարկվող փաստեր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, որ իր նախորդ առցանց ասուլիսից ուղիղ մեկ ամիս անց՝ հունվարի 24-ին, Նիկոլ Փաշինյանն ամսվա նույն օրը, նույն ձեւաչափով ու նույնպիսի շեշտադրումներով անդրադարձավ նույն ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների գրեթե նույնաբովանդակ հարցերին, ոմանք կարող են պատահականություն համարել, մյուսները՝ օրինաչափություն: Մի բան, սակայն, միանշանակ է՝ հարցերի գերակշիռ մասը երկու դեպքում էլ թուրք-ադրբեջանական թեմայի տիրույթում էր, եւ ակնհայտ էր, որ դրանց պատասխաններին առցանց բանախոսը պատրաստվել էր հատուկ ժրաջանությամբ: Որո՞նք էին այդ հարցերը եւ ինչպե՞ս մեկնաբանվեցին Փաշինյանի կողմից: Կփորձենք մի քանի օրինակով ցույց տալ ադրբեջանական եւ թուրքական թեմաներին առնչվող նրա արձագանքները, որոնցում, ինչպես միշտ, արտահայտված են հակառակ կողմի թեզերն ու շահերը:

Բայց նախ՝ երկու խոսք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորության հաղորդակցման մշակույթի եւ արտահայտությունների բովանդակային ու ոճական որոշ առանձնահատկությունների մասին: Հարցերին ուղիղ պատասխանել նա չի սիրում՝ մանավանդ «անհարմար» հարցերին: Միշտ փորձում է խուսանավել, շրջանցել սուր անկյունները, հարցը «կտրել» դիմադարձ հակահարցով, խեղաթյուրել ամենապարզ համատեքստը, երբեմն սպառնալ, նույնիսկ դիմել շանտաժի: Իսկ զինանոցի «ծանր հրետանին», որին տիրապետում է կատարելապես, խոսքի մանիպուլացումն է եւ դրա շնորհիվ սուտը լայն զանգվածներին հասցնելու անգերազանցելի քանքարը: Սակայն այս ողջ գործիքակազմը նա կիրառում է բացառապես ներքին խոհանոցում, դրսերում՝ մասնավորապես ամբարիշտ հարեւանների նկատմամբ իր արտահայտություններում ծայրաստիճան զգուշավոր է, հաշվենկատ ու մեղմ: Դա տեսանելի էր նաեւ հունվարի 24-ի հեռավար ասուլիսում՝ նախապես ընտրված հարցերին պատասխանելիս:

Այսպես՝ Հանրային հեռուստատեսության ներկայացուցչի հարցը վերաբերում էր Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ Հայաստանին ուղղված սպառնալիքին, որտեղ ասվում էր. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում՝ այդպիսի պլաններ չունենք, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց եթե տեսնենք, որ մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»: Հեռուստալրագրողն ուզում է իմանալ՝ պաշտոնական Երեւանը մտադի՞ր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ, երկրորդ, հնարավո՞ր է արդյոք նման ագրեսիվ հռետորաբանության դեպքում հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատման: Պատասխանի մեջ Փաշինյանը դիմում է իր կողմից հազվադեպ գործածվող հնարքներից մեկին՝ սեփական դիտարկումը հրամցնում է երրորդ դեմքի՝ տվյալ պարագայում «մի վերլուծաբանի» անունից: Այդպես ավելի ապահով է՝ ընդդիմախոսի դժգոհությանը կամ անհամաձայնությանը բախվելիս կարող է ասել, որ ուրիշի կարծիքն է ներկայացրել, եւ որ ինքն անձամբ այլ կերպ է մտածում:

Եվ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին հարցին արձագանքում է՝ օգտագործելով «երրորդ դեմքի» հնարքը: Սկզբի համար արձանագրում է, որ, ընդհանուր առմամբ, վերջին մեկ-երկու տարում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս պետք է նկատի ունենալ որոշ նրբություններ, այդ հայտարարությունների մեջ տարբերակել «ռացիոնալ եւ էմոցիոնալ» կողմերը: «Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ կարեւոր դիտարկում հնչեցրեց. նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո»,- նշում է Փաշինյանը: «Վերլուծաբանը», ըստ նրա, փաստել է, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ ՀՀ-ից եւ Արցախից հնչում էին հայտարարություններ, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Բաքուն հայկական քաղաք է եւ այլն: Այժմ էլ Բաքվից են հաճախ հնչում հայտարարություններ Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին: «Այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա. էմոցիոնալ այս հանգամանքը պրոցեսների համար օգտակար չէ»,- ասում է առցանց բանախոսը:

Փաշինյանին պետք է հիասթափեցնենք՝ «մի վերլուծաբանի» բերած հայելային զուգադրություններն այստեղ բոլորովին տեղին չեն. Հայաստանից (առավել եւս՝ Արցախից) երբեք պաշտոնական մակարդակով չի հայտարարվել, որ Բաքուն հայկական քաղաք է: Անգամ չի հայտարարվել, որ Արցախի հարցը լուծված է: Հայկական կողմը երբեք բանակցությունների վրա գիծ չի քաշել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «թոշակի» չի ուղարկել: 1994 թվականից հետո Հայաստանից առանձին անհատներ կամ ոչ կառավարական կազմակերպություններ, հնարավոր է, նմանօրինակ հայտարարություններ արել են, բայց դրանք որեւէ արժեք չունեն, իսկ Ադրբեջանից այսօր հնչող սպառնալիքներն ու ռազմաշունչ կոչերը տարածվում են պետական ամենաբարձր մակարդակով՝ համեմատելու եզրեր ընդհանրապես չկան: Փաստ է, որ Իլհամ Ալիեւը չբավարարված հավակնություններ ունի Սյունիքի, Սեւանի եւ Հայաստանի Հանրապետության այլ տարածքների նկատմամբ, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում է, սակայն համարժեք պատասխանի երբեք չի արժանանում: Վերջին երեքուկես տարում չեք հիշի մի դեպք, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը արժանապատվորեն պատասխանած լինի մեր պետությանն ու ժողովրդին բռունցք ցույց տվող թուրք տականքի հոխորտանքներին:

Արցախցի հեռուստալրագրողի հարցն էլ վերաբերում էր նախկին ԼՂԻՄ-ի սահմանում եղած եւ այժմ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների՝ Հադրութի, Շուշիի ու Մարտակերտի որոշ բնակավայրերի նկատմամբ ՀՀ-ի դիրքորոշմանը: Արցախի բռնազավթված տարածքների վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշման մասին Փաշինյանը, բնականաբար, բառ անգամ չի արտաբերում: Փոխարենը կրկին մեջտեղ է բերում նախորդ հարցազրույցից հետո մեծ աղմուկ հանած իր հայտարարությունը, թե բանակցային ողջ գործընթացում ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել իբրեւ միայն հայկական տարածք: Վերահաստատելով մեկ ամիս առաջվա պնդումները, դարձյալ խոսում է կարգավորման Մադրիդյան փաստաթղթի այն դրույթի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ԼՂԻՄ-ում 1988 թվականի համամասնությամբ ապրած բոլոր ազգերի ներկայացուցիչները: «Սա թարգմանաբար նշանակում է, որ ե՛ւ հայերը պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, ե՛ւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»,- խանդաղատանքով հայտնում է Փաշինյանը:

Շատ լավ, թող մասնակցեն եւ բարով մասնակցեն ադրբեջանցիները: Հետո՞: Այս դրույթը հանրահայտ է, այն երբեք ոչ ոք չի էլ վիճարկել: Եվ ամենաէականն այս դրույթում ոչ թե նախկին ինքնավար մարզի ադրբեջանական համայնքի մասնակցությունն է, այլ հանրաքվեի ժամանակ՝ երբ էլ այն տեղի ունենա, ազգաբնակչության 1988 թվականի համամասնության պահպանումը: Իսկ համամասնությունն, ըստ 1989 թվականի համամիութենական մարդահամարի տվյալների, հետեւյալն է. հայերը կազմում էին բնակչության 76,9 տոկոսը կամ 145.450 մարդ, ադրբեջանցիները՝ 21,5 տոկոս կամ 40.688 մարդ: Այս համամասնությամբ էլ տեղի է ունենալու հանրաքվեն՝ թեկուզ 10, 20 կամ 50 տարի անց: Իրեն տրված հարցի շրջանակում Գերագույն գլխավոր հրամանատարը լավ կաներ՝ անդրադառնար Հադրութի եւ Շուշիի հանձնման հանգամանքներին, որոնց շուրջ խորհրդավորության մշուշը դեռ չի ցրվել: Օրինակ՝ կան հիմնավոր պնդումներ, որ դրանք հանձնելով՝ Փաշինյանը նպաստել է, որպեսզի Ադրբեջանը հանրաքվե անցկացնելու բավարար մարդկային ռեսուրս ունենա: «Համամասնության» պահը հաղթահարելու կամ մանիպուլացնելու ձեւը Ալիեւը, հավանաբար, գիտի:

Նման մի փորձ, կարծես թե, արդեն եղել է, որի մասին, կամա թե ակամա, պատմել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ պատմել է ե՛ւ նախորդ հեռավար ճեպազրույցում, ե՛ւ հունվարի 24-ին Մադրիդյան սկզբունքների շուրջ դատողություններ անելիս: Այդ փաստաթղթում նրա ուշադրությունից չի վրիպել, ինչպես ինքն է ասում, «մի տարօրինակ փաստ». հանրաքվեին հայերի եւ ադրբեջանցիների մասնակցության 1988թ. համամասնության պահպանման մասին դրույթը նշյալ փաստաթղթից դուրս էր մնացել: Եվ տարօրինակն, ըստ Փաշինյանի, այն է, որ համամասնության վերաբերյալ դրույթի անհետացման մասին «ոչ թե Ադրբեջանն էր բարձրաձայնել, այլ՝ Հայաստանը, որը Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմել էր համանախագահներին», պահանջելով վերականգնել կարգավորման սկզբունքներից դուրս մնացած դրույթը: Միայն Փաշինյանը կիմանա, թե որն է «տարօրինակությունն» այն փաստի, որ հայկական կողմին անհանգստացնում է մադրիդյան փաստաթղթից արցախանպաստ ձեւակերպման հանելուկային անհետացումը, ինչում միգուցե հենց Ադրբեջանի «մատն» է եղել խառը: Տարօրինակ կլիներ, եթե հայկական կողմն անտեսեր այդ փաստը:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցին ի պատասխան՝ Փաշինյանը վկայաբերում է ԱԺ-ի կողմից վավերացված մի համաձայնագիր, որով ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀայաստանն ու Ադրբեջանը դեռեւս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»։ Այնուհետեւ, չգիտես ինչու, կտրուկ անցում կատարելով՝ հիշեցնում է մադրիդյան փաստաթուղթը, մասնավորապես դրանում ամրագրված տարածքային ամբողջականության սկզբունքը, որը կողմերը ճանաչել են որպես բանակցությունների հիմք: Հետաքրքիր է, որ մադրիդյան երեք հանրահայտ սկզբունքներից նա կենտրոնանում է միայն մեկի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա եւ այն համարում նախկիններից ստացած ժառանգություն: Երեւում է՝ մյուս երկու սկզբունքները,- ուժի չկիրառում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք,- այնքան էլ նրա սրտով չեն, թեպետ այդ սկզբունքները պաշտոնական Երեւանը մինչեւ 2018-ը հետեւողականորեն առաջ է մղել եւ հասել որոշակի հաջողությունների:

Ակնարկելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում՝ Փաշինյանը, հավանաբար, հասկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման գործընթացն իրականացվելու է հենց այդ սահմանային քարտեզի հիման վրա: Մեծ հաշվով՝ ԱՊՀ-ի կամ նրա նախորդի՝ Խորհրդային Միության կողմից կամայականորեն գծվածը չի կարող Հայաստանի տարածքը լինել: Վերջինիս միակ օրինական եւ միջազգայնորեն ընդունված սահմանը, ըստ ոլորտի մասնագետների, որոշվել է 1920թ. Ազգերի լիգայի հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկով, եւ նրանում ընդգրկված են թե՛ Արցախը, թե՛ Գարդմանքը, թե՛ մյուս հայապատկան հողերը: Արդարորեն մեզ պատկանելիքն այսօր ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցի, քանի դեռ գործող իշխանության եւ նրա առաջնորդի մտածողությունը տակավին «ԼՂԻՄ-ականության» մակարդակում է: Հայաստանի օրինական տարածքի ճշգրտումը իրավաքաղաքական համարձակ մոտեցումների խնդիր է, որի լուծումը վեր է ներկա վարչախմբի ուժերից: Դրա վառ ապացույցներից մեկը Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցներն են:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: