Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Մեզ նետեցին շան բերանը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Քանի դեռ հայրենիք հանձնողներն են հայրենիքի սիրո մասին խոսում, մենք անընդհատ կորցնելու ենք։

Մեր նախկին աշակերտուհիներից մեկը ինձ գրեց, որ նոր դպրոցում շարադրություն պիտի գրեն «Հայրենիքը պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» վերնագրով։

Հիշեցի, որ օրեր առաջ Հայաստանի կառավարության նիստը բացվեց առաջին դեմքի այդ խոսքով, որը շարադրության վերնագիր է դարձել որոշ դպրոցներում։

Ուշադրությունս սեւեռեցի այն հանգամանքին, թե հայրենիք կորցրած Արցախի երեխաներն ինչպե՞ս կգրեն այդ շարադրությունը։

Հինավուրց հայրենիք կորցրինք, որի անկախությունը չճանաչեցին անգամ Հայաստանի  նախագահները երեք տասնյակ տարիների ընթացքում։ Եթե հները հրաժարվեցին ճանաչել, այս վերջինն իր հաղթանակը տոնեց՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Արցախը պետություն էր մեզ համար, որ ներսից թե դրսից քամեցին, սեղմեցին պատին` իրենց կեղտոտ ճանկերը խրելով մեր սիրտը… Մեզ ճզմեցին, ոտքի կոխան դարձրին ու նետեցին շան բերանը, մեզ սպանեցին այնքան խորամանկորեն, որ սեր-հայրենիքը թողեցինք հեռվում ու ընկանք դռնեդուռ։

Մենք սիրում էինք մեր հայրենիքը ու սիրում ենք այսօր էլ շատ ավելի գորովալից, քան կարելի է պատկերացնել, բայց արցախատյացներն իրենց սեւ գործն իրագործեցին՝ թղթեր մրոտելով, հայտարարություններով, կոչերով, ստորագրություններով՝ քանդելով մի երկիր, որ անկախության էր ձգտում, որ ազատ եւ խաղաղ ապրել ու արարել էր ուզում։

Երբ մենք պետություն էինք, թե հանրապետություն, ո՞վ հարցրեց մեզանից հայրենիքի հանդեպ մեր սիրո չափը, երբ այն առավելագույնն էր, բայց առանց մեր կամքը հարցնելու՝ հանձնեցին մեր սրբավայրը, որ փախստականի դրոշմով թափառական դառնանք ու  հայրենազուրկ։

Իմ նախկին աշակերտուհուն ես չկարողացա ուղղորդել, թե ինչպես գրի այդ շարադրությունը, երբ նա գիտի, որ հայրենիքը սիրելու եւ պետությունն ուժեղացնելու կոչ անող իշխանականներն են Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք, որ փրկեն Հայաստանը։ Այնինչ մայր Հայրենիքի փրկությունը Արցախը պահելն էր։

Եվ երբ հաջորդ օրը նա ինձ ուղարկեց իր շարադրանքը, տեսա, որ խուսափել է պետության մասին խոսք գրելուց, նրա շարադրությունը թաթախված էր Արցախի հանդեպ մեծ սիրով, մեր զոհվածների եւ հայրենիքի կորստյան դառնակսկիծ վշտով։

Զարմանալի չէր, որ այդ շարադրությանը դպրոցում տեղ էին տվել ու ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ չնայած մասամբ էր համապատասխանում վերնագրին:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: