Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Մեզ հյուր էր եկել Հազարան բլբուլը…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտական 14-րդ միջազգային գիտաժողովին էինք մասնակցում։ Այն կրում էր «Հազարան բլբուլ» կամ «Ոսկեղեն մանուկներ» խորագիրը։ Ծրագիրը շատ տարողունակ էր, երկու օրվա համար նախատեսված, ընդգրկված թեմաները` բազմաբովանդակ, զեկուցումները՝ խորը վերլուծություններով, ասելիքով հարուստ, հետաքրքրական:

Պիտի խոստովանեմ, որ առիթից առիթ՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, հայտնվում եմ գիտական մի նոր միջավայրում, որը շատ ավելին է բացահայտում տվյալ գրողի ստեղծագործական աշխարհը, նրա հետ առնչությունները, քան ուսուցանում էինք դպրոցում։ Ասելիքիս հետեւությունը՝ ես սովորում եմ ամեն օր:

Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը, որի խոսքում նաեւ այն գոյութենական հարցադրումներն էին, որ առկա են Թումանյանի «Հազարան բլբուլ» պոեմում։ Բացման խոսքով հանդես եկան թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար Ալվարդ Ջիվանյանը, ինչպես ասում են, հեքիաթի կինը, եւ դաշնակահար, երգահան Տիգրան Համասյանը՝ նախագծի հեղինակը։

Լսեցինք հիմնական զեկուցողներին, որոնցից մեկը Նիքոլաս Ջաբերն էր՝ բրիտանացի ճանապարհորդ, գրող, ում խոսքը թարգմանչուհու միջոցով էր մեզ հասկանալի։ Եվ ինչպիսի՜ արտիստիկ շարժումներով, բարձր զգայունությամբ էր պատմում հեքիաթը, ունկնդրին հասցնում իր զգացողությունները։ Նրա «Պատահական հեքիաթասացը» վերլուծության հիմքում սիրիացի երիտասարդ Հաննա Դիաբի պատմություններն են՝ այն հեքիաթները, որոնք նա դիտում է որպես միջնորդ տեքստեր փորձառության եւ ավանդույթի միջեւ։ Դրանք առնչություն ունեն տարբեր հեքիաթների, նաեւ հայկական «Հազարան բլբուլի» հետ։

Հաջորդ զեկուցողը Մաքսիմ Ֆոմին էր՝ Օլսթերից (Հյուսիսային Իռլանդիա)։ Նրա խոսքում միջազգային տիպի հեքիաթներն են իռլանդական բանահյուսական ավանդույթում։ Առցանց էր նրա հետ կապը, որը մեկընդմեջ հայերենով եւ անգլերենով լրացնում էր տիկին  Ջիվանյանը։ Թերեւս՝ նրա կողմից զգոնություն կարելի է համարել ակադեմիական հայերենի պահպանման հարցը։ Իռլանդական հեքիաթները տարբեր են, հավաքվել են անգլերենով եւ միշտ չէ, որ դրանք դարից դար պահպանվել են, երբ հրատարակելու հնարավորություն չի եղել կամ ժամանակի ընթացքում մարել է հրաշապատում հեքիաթների հանդեպ հետաքրքրությունը:

Թամար Հայրապետյանն էր հաջորդը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից։ Զեկուցման առանցքում հայ ժողովրդագիտության երախտավոր Սերինեի «Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմն էր։ Նրա ապրած ժամանակաշրջանը Արեւմտյան Հայաստանում համընկել է համիդյան ջարդերի, բռնատեղահանության, Հայոց ցեղասպանության եւ Հայրենազրկման հետ։ Կենդանության օրոք հրատարակված միակ գործը «Հազարան բլբուլն» է, որը ժամանակի ընթացքում պատշաճ ուշադրության չի արժանացել ու նոր օրերում խորը վերլուծության պահանջը մեծացել է՝ նկատի ունենալով պոեմի հիմքում ընկած մարդկային ազնվագույն որակներն ընդգծող ուղերձները։

Գիտաժողովը հագեցած աշխատանք էր խոստանում եւ հուսախաբ չարեց նաեւ սուրճի ու թեյի հյուրասիրությունից հետո։ Ներկայացվեցին զեկույցներ՝ մեկը մյուսից հետաքրքիր, որոնց առանցքում Հազարան բլբուլը` այն հրաշք-թռչունը, դարձել էր գրական տարբեր ժանրային գործերի «հերոս», որն  իր շուրջը  բարություն, գեղեցկություն, խորիմաստություն էր սփռում։ Գիտաժողովին պետք է մասնակցեին Վրաստանից` Թբիլիսիի պետական համալսարանից Գարեջան Գարդվիաձեն, Էլենե Գոգիաշվիլին, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայից Նինո Ժվանիան։ Վերջին երկուսի համատեղ աշխատանքը ներկայացվեց, քանի որ իրենք տեխնիկական պատճառներով չէին կարողացել մասնակցել։

Հայաստանի ռուս-սլավոնական համալսարանից Արմինե Դանիելյանի թեման եւ կատարած աշխատանքը շատ հետաքրքիր էին՝ «Հեքիաթից նորաձեւություն»՝ բոլորիս  տեսանելի բազմաթիվ ցուցադրություններով, իր անկաշկանդ կեցվածքով, շատերիս համար զարմանալի նորարարությամբ։

Նույն համալսարանից ռուսերենով լսեցինք Լուսինե Թովմասյանին. նրա խոսքը Գրիմ եղբայրների «Անմահական ջուր» հեքիաթին էր առնչվում։ Եսթեր Խեմչյանի եւ Մարինե Խեմչյանի համատեղ գիտական աշխատանքը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից որոշ հայկական հրաշապատում հեքիաթների տիպերի շուրջն էր։ Հիացմունքս մեծ էր, երբ տարիքը երբեւէ չի խանգարում գիտական ուսումնասիրությունների համար։

 Հազարան բլբուլը, որ առասպելական թռչուն է համարվում, հրաշապատում հեքիաթների կերպար, եկել էր մեզ «այցելության»՝ որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Եվ որքա՜ն շատ մենք նրա կարիքն ունենք, որն իր կախարդիչ երգով կարող էր վերափոխել անարդար աշխարհը:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: