Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Ազատ ամբիոն

Արցախը՝ մեր սրտերում

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Հնարավոր չէր Արցախը մեզ հետ բերել, բայց սրտում, մեր հիշողության մեջ ամուր նստած՝ դարեդար, սերնդեսերունդ կտանենք, որտեղ էլ գնանք, ու կպահենք՝ որպես սրբագույն մասունք։ Չեն փոշիանա անունները նրանց, ովքեր հանձնեցին մեր սրբազնացած երկիրը: Չարն էլ է միշտ ապրում անմեռ… ուրացողի կամ դավաճանի պիտակով կմնան նրանք պատմության մեջ։

Ինչո՞ւ մեզ ինն ամսից ավելի աղետի մատնեցին, հայրենիքը կորցնելուց առաջ սովահարության տարան, պարտադրեցին, որ ապրենք ցրտահարված, առանց լույսի, առանց նորմալ կենցաղային պայմանների:

Տեսան՝ դիմացանք, պատերազմ բերեցին գլխներիս։ Այդ մեկն էլ հաջողեցին ու դատարկեցին Արցախը, բռնի տեղահանեցին արցախցիներին։

Չափեցին մեր համբերությունը, չափեցին մեր կշիռը, որ շատ քիչ էր քանակով, բայց ոգեղեն էր, իսկ զրկանքներն՝ ահռելի…

Ու զարմացան, որ հնարամիտ հայը ապրել գիտի, գոյատեւել գիտի, որքան էլ օղակը սեղմեն։ Ու սեղմեցին, որքան կարող են, սեղմեցին նոր զոհերի գնով, սեղմեցին հայրենիքը մեզանից դատարկելով, սեղմեցին մինչ հասան մեր ոսկորներին, ու երբ հասավ ջարդելու, մեզ բզկտելու պահը, դադար տվին, որ հեռանանք այն հողից, որում ծնվել, ստեղծել, արարել ենք հազարամյակներ շարունակ:

Կոտրված ենք, ջարդված, բզկտված հոգով եւ ամբողջ սրտով: Մեր ներսում ահռելի ավերածություն է, չասեմ՝ ինչպիսի արնածոր ավերածություն է նոր զոհերի, անհայտ կորածների հարազատների հոգում։

Ամեն րոպե, ամեն ժամ, ամեն վայրկյան մեր գրկում ամուր սեղմած պահենք Արցախը, որ գերության մեջ չմրսի, իր զավակներից զրկված մեր սրբավայրը ամուր պահենք մեր սրտերում, որ մենության մեջ աղեկտուր չհեծեծա:

Թշնամին կարող է մեզանից խլել հայրենիք, բայց մեր հիշողությունը չի կարող խլել, այն արթուն պիտի լինի յուրաքանչյուր արցախցու սրտում ոչ միայն երազելով, որ ետ վերադառնա:

Սերունդները՝ սփռվելով աշխարհով մեկ, չեն մոռանա իրենց արմատները, ազգայինը, զուտ հայկականն ու հայեցին, որտեղ մեծ տեղ ունի արցախցին՝ դարերի խորքից եկող արմատներով, իր քաղցրահունչ բարբառով, հարուստ մշակույթով, սովորություններով, ազգային խոհանոցով, նիստուկացով:

Արցախը չի կարող կուլ գնալ նենգադավ թշնամու քմահաճությանը: Հազարամյակների փառապանծ ճանապարհ կտրած հայոց բնօրրանը չի կարող անէանալ… յուրաքանչյուր պարկեշտ հայորդի սրտի մեջ պահած ունի իր փոքրիկ Արցախը: Մի օր այն անպայման իրականություն կվերադառնա:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: