Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Ազատ ամբիոն

Մյուռոնօրհնեքը եւ մոռացվող Արցախը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Ո՞վ կմտածեր, որ մյուռոնի մեջ էլ Արցախ կփնտրեն։ Իմացա, որ այսօրվա Մյուռոնօրհնեքի արարողությանը մյուռոնի բաղադրության մեջ Արցախի ծաղիկներից, բույսերից չկան։ Որքան զարմանալի էր այն ինձ համար, նույնքան՝ ցավոտ, որ թիրախում են հայտնվել նաեւ մեր դրախտավայրի տարատեսակ բույսերն ու բուրավետ ծաղկունքը։

Ասում են` Սուրբ Հոգին գործում է մյուռոնի միջոցով: Ըստ Հին կտակարանի, տեղեկանում ենք, որ նախկինում մյուռոնն այնպիսին չի եղել, ինչպիսին մեզ է հայտնի, եղել է մի քանի համեմունքներից եւ բույսերից պատրաստված օծության յուղ, որի հիմքը, ինչպես այսօր, ձիթայուղն է:

Պարզվում է՝ Մյուռոնօրհնեքի արարողությանը, եթե սուրբ մյուռոնի բաղադրությունից որեւէ  նյութ բացակայի, կարիք չկա արգելել օրհնությունը, սակայն, եթե չկան բալասանի յուղն ու ձիթայուղը, մյուռոնօրհնությունը պետք է հետաձգել:

Որքան տեղեկացա, մյուռոնի բաղադրությունը ներառում էր 45 տեսակի նյութեր, որոնք բերվում էին արտերկրից: Մյուռոն պատրաստողները նախկինում սրբալույս հեղուկի բաղադրության մեջ նկատի չեն ունեցել հայկական բնաշխարհի մասնակցությունը: Հետագայում  հատուկ որոշումով, Հայաստանի եւ Արցախի բնաշխարհից անուշահոտ ու բուժիչ մի շարք բույսեր ավելացվել են մյուռոնի բաղադրության մեջ: Արդյունքում, որպես մյուռոնի բաղադրություն, 72 տեսակի նյութ կա, որոնց թիվը պայմանավորված է Քրիստոսի 72 աշակերտների թվով:

Տեղեկանում եմ, որ մյուռոնի պատրաստման համար Հայ առաքելական սուրբ եկեղեցին ընտրել է յոթ տարվա պարբերականությունը՝ իբրեւ ընթացք, որով օրհնված հեղուկը կբավարարի:

Ինձ հետաքրքրում է հետեւյալ իրողությունը. «Լուսավորիչ հայրապետից մեզ հասած՝ առաջին օրհնված մյուռոնն ամեն անգամ խառնվում է նոր օրհնվող մյուռոնին՝ ստեղծելով կապ անցյալի, ներկայի եւ գալիքի միջեւ»։

Նկատի ունենալով անցյալի, ներկայի եւ գալիքի միջեւ կապը, որ արտահայտվում է մյուռոնի բաղադրության մեջ եղած նյութերով, Արցախը ջնջված է այդ ժամանակային շղթայից։

Չեմ ուզում հարցնել, թե ում սեւ գործի արդյունքն է, որ անգամ մյուռոնի բաղադրությունից հանել են Արցախի բնաշխարհի ծաղկունքն ու տարատեսակ բույսերը, բայց հայրենազուրկ դարձած արցախցիների ավերված կյանքի համար ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու, որ առայսօր չեն տվել:

 

Նատաշա Պողոսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: