Հինգշաբթի, Փետրվարի 22, 2024

Ազատ ամբիոն

Արցախյան օրագիր

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

1. Առաքյալները

Հաճախ էի լսում՝ Արցախում դասեր լինելո՞ւ են… Մեր պատմությունն եմ հիշում, երբ ցեղասպանվող, Դեր-Զորի անապատ քշված հայ մայրը ավազի վրա էր հայերեն տառերը սովորեցնում իր զավակին, երբ հայրենիքի համար կյանքը նվիրաբերող հայը վերջին շնչում իր արյամբ է հայերեն տառեր գրել՝ հավերժ հայեցի ապրելու պատգամը հղելով եկող սերունդներին։

Դժվար է, որ կողքից լսում եմ վրդովված ծնողի խոսքը, թե իր երեք երեխային չի կարողանալու սոված ուղարկել դպրոց։ «Հաց չկա»-ն մեր երեխաների ականջներում զնգում է օրվա դատավճռի պես։ Ու մտածում ենք, թե ինչպես ենք նայելու նրանց աչքերին, երբ գիտենք, որ դարը մերը չէ, երբ գիտենք, որ շատ հարցերի պատասխաններ մնալու են օդում։

Ու մի պարտադիր, բայց անպատասխան հարց, թե ինչով են մեղավոր մեր երեխաները, որ պատերազմներով անցան, բախվեցին հայրենիք, հարազատներ կորցնելու վտանգին, դարձան այս աղետալի օրերի վկաները՝ իրենց վրա կրելով կյանքի դառնությունների կնիքը։

Թոշակառու ուսուցչուհիս նորից ժամանակավորապես կդասավանդի դպրոցում` փոխարինելով նորածին երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հիմնական ուսուցչուհուն։

Գոյաբանական խնդրի առջեւ լինելով հանդերձ՝ հայրենիք կորցնելու ահասարսուռ օրերի մղձավանջով անցնելով՝ պիտի կրթենք սերնդին, ինչպես էլ որ լինի, ուսուցանենք, որքան հնարավոր է, դաստիարակենք այնպես, որ ոչ ոք չզգա իր ծանրությունն այս հողի վրա ու դառնա մեկը այն առաքյալներից, ով շունչ է տալիս, ապրելու հույս, ոգի, որ հայեցի կյանքը շարունակվի։

Ասում են՝ տետր չկա, գրիչ չկա, որտե՞ղ են գրելու աշակերտները։ Ստույգ չգիտեմ, գուցե կավիճ էլ չլինի գրատախտակին գրելու համար, բայց մենք պատրաստ պիտի լինենք մեր ձեռքերի ափերը դարձնելու տետրեր, մատները՝ գրիչներ, մեր ուսացանելիքը՝ հասանելի, որ չտուժի կյանքի մաքառումների խառնարանում հայտնված սերունդը։

Այս դժվարին ժամանակներում խոցելի ենք բոլորս եւ, որքան հնարավոր է, պիտի կյանքի կոչենք  դպրոցական առօրյան, որ ապրեցնենք սերնդին՝ մեր հայացքը ուղղած լուսավոր գալիքին։

 

2. Ատամհատիկ

Ասում են` աշխարհին մանկան մաքրություն է պետք։  Այդ իսկ մաքրությամբ, փոքրիկ Էմիլիի եւ նրա ծնողների՝ Վարդան Բաղրյանի եւ Անի Հարությունյանի տեսանելիությամբ,  ցանկանում եմ խոսք գրել ավանդական դարձած ատամհատիկի մասին, որի ականատեսը դարձա օրեր առաջ՝ ազատ բնության գրկում։

Արցախի շրջափակման մեջ անգամ անմոռաց օրեր կան, որոնք մեզ սովորեցնում են հոգու մաքրության, մտածումի եւ գործելաոճի անբիծության, մեր վարքագծի եւ ապրելակերպի   անաղարտության մասին։

Ատամհատիկի մասին տեղեկացված էի, որ այն հայկական ծես է, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծիսակարգի՝ մանկանը նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, եւ կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու, եւ այլ հատիկներ։ Նախկինում արարողության ժամանակ մանկան առջեւ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի եւ դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու, հայելին՝ առատության ու պտղաբերության նշան էր, իսկ դանակը` ուժի։

Մեր օրերում մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, դրանցից որին մանուկն առաջինը ձեռք տա՝ խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Մենք տեսանք, որ նոր օրերում ատամհատիկի սիրուն արարը եւս ստեղծագործություն է. նայած ով ինչպես է ձեւավորում շուրջբոլորը, որի զարդը փոքրիկ հրաշքն է՝ անափ սիրով շրջապատված, հարազատների գրկում, նրանց փայփայանքով ջերմացած։ Ու այս հրաշքին ուղղված բազմաթիվ հայացքներ, թե առարկաներիվ որին կմեկնի ձեռքը, ըստ որի՝ կիմանան, թե հետագայում բալիկն ինչ մասնագիտություն կընտրի, ինչ աշխատանք կունենա:

Համապատասխան առարկայի շոշափելիությամբ տեսանելի դարձավ բժշկուհու մասնագիտության ընտրությունը, որն աշխույժ տրամադրություն փոխանցեց բոլորիս։

Ապագայի տեսլականում մեզ պատկերացավ մարդկային կյանքեր փրկող մի գեղեցիկ ու խելացի բժշկուհի, որի հանրային գործունեությունը հիմա ամենահարիրն է մեր օրերում եւ լավագույնս է համատեղվում արցախյան իրականությանը՝ առավել եւս, որ ընտանիքում արդեն երիտասարդ մի բժշկուհի արդեն կա՝ Էմիլիի սիրելի մորաքույրը, ով մեր դպրոցի շրջանավարտն է։

Օրհնանքների, լավագույն ցանկությունների շղթան ձգվում է ջերմագին խոսքերով, խաղաղ օրերի, երկրի բարեկեցիկ կյանքի ու մեր բոլոր երեխաների անհոգ մանկության բարեմաղթանքներով:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: