Ուրբաթ, Հունիսի 14, 2024

Ազատ ամբիոն

Խոհեր պաշարման յոթ ամսվա շուրջ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Իմ «ես»-ով եմ գրում, բայց խոսքս ընդհանրական է այն առումով, որ Արցախում ինձ նման  շատերը կլինեն ընտրած այս կենսակերպը։

Ի՞նչ տվեց ինձ անցած 210 օրը՝ յոթ ամիսը։ Մի՞թե մենք կարող էինք երբեւէ պատկերացնել, որ այսքան երկար կձգվեր շրջափակումը, եւ որ հնարավոր կլիներ դիմանալ այդ ամենին անգամ կես եւ ավելի տարի։

Ես, որ երբեմն համարում էի, որ օր օրի հիվանդություններ ձեռք բերելով` դիմադրողականություն եմ կորցնում, սկսեցի դիմադարձ լինել նման մտածումներին` ո՛չ  մեծանալ կա, ո՛չ ծերանալ, ո՛չ հիվանդանալ, պիտի պայքարել` ապրելու, արարելու համար։

Այն բոլոր դեղերը, որ տարիներ շարունակ անդուր «կեր» էին դարձել ինձ համար,  «պահեստավորվեցին» ինձ անհասանելի հեռավոր դեղատներում, ու անհնար դարձավ դրանց ամենօրյա օգտագործումը։ Բայց չընկա, չթուլացա, չհուսահատվեցի, այլ սովորեցրի ինձ դրանց պակասը չզգալ ու մնալ ոտքի վրա։

Իմ ճաշացուցակում կերակրատեսակներ փոխվեցին սննդի որոշ տեսականի չլինելու պատճառով, երբեմն դրանք այլ անուններ ստացան՝ մայրս այսպես էր պատրաստում, տատս` այսպես, շատ թեթեւ են, դյուրամարս…

Իմ պատրաստած թեյը շատ ավելի բուրումնալից դարձավ` բնական, տարատեսակ բույսերով համեմված։

Հայրենիքի մեծագույն վշտին եւ մեր դժվար պայմաններին դիմանալու համար լավագույն միջոցը գրելն էր։

Երբ սիրտդ բնից ուզում է դուրս գալ, երբ զայրույթդ երկինք է հասնում, երբ զգում ես, որ այլեւս ի վիճակի չես դիմանալու, շարում ես տողեր, որ հանդարտվես, որ կարողանաս զսպել արցունքներդ, որ աղաղակդ երկինք չհասնի:

Շարված տողերից հետո վերեւից թափվող հեղեղին հանգիստ ես նայում, երբ զգում ես, որ  հորդառատ անձրեւից հետո շուրջդ մաքուր է` գոնե այդ պահին, ինչ-որ ժամանակ:

Երբեմն ուզում ես ապառաժ քարի ամրություն ունենալ, որ դիմանաս հայրենի երկրի շուրջ եղած բոլոր խժդժություններին, ներքին թե արտաքին թշնամիների խարդավանքներին, աշխարհի անարդարություններին:

Պատահում է` ցանկանում ես թեւեր առնել, հասնել այն «դու»-ի եւ «Դուք»-ի համար վայնասուն բարձրացնող ապիկարներին, որ սթափեցնես նրանց, թե «Դուք»-ի տեղն իմացողը պիտի Արցախի տեղն էլ իմանար:

Երանի՜ այնքան զորեղ լինեի՝ կարողանայի «գահընկեց անել» այն հողատուներին, որ  չհասցնեին երկիրը տանել վերջնական կործանման։

Ես մենակ չեմ, իմ կողքին է 210 ծանր օրերով անցած 120 հազար։ Մեզ հետ է գիտակից հայությունը` մեր դիմադրողականությամբ, մեր ամուր լինելու, թեւեր ունենալու, երկիրը կորստյան աղետից փրկելու մեծ ցանկությամբ:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: