Վերջին շրջանում կառավարության ընդունած մի շարք կարգավորումներ անհամարժեք են ընկալվում կամ դժգոհության ալիք են բարձրացնում այն մարդկանց շրջանում, որոնց աշխատանքի բարելավմանն ուղղված են տվյալ միջոցառումները: Օրինակ՝ անասունների մորթը պարտադիր կերպով միայն մասնագիտացված սպանդանոցներում իրականացնելու նոր կարգը, ծննդատների կրճատումները, Ոստիկանության կողմից ՀՀ ցանկացած քաղաքացու հեռախոսազանգերի գաղտնալսման թույլտվությունը, բանկային ավանդների գաղտնազերծումը, վարորդների համար մտցված տուգանքների բալային համակարգը եւ այլն: Կասկած չկա, որ նման օրենքների, իրավական ակտերի ընդունումը հետապնդում են լավ նպատակներ, սակայն մարդկանց ոչ միարժեք ընկալումը, բողոքի գործողությունների դիմելը վկայում են այն մասին, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ:
Ինչ խոսք, վաղուց է մեզանում հասունացել երթեւեկության կանոնների խստացման անհրաժեշտությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետեւանքով գրեթե ամեն օր մարդիկ են մահանում կամ դառնում հաշմանդամ: Բայց իրողությունը, որ օրենքը մինչեւ վերջ մանրակրկիտ մշակված չէ, փաստ է, եւ այդ բացը մատնանշում են համապատասխան օրենքի հակառակորդները: Ասենք, ինչպե՞ս վարվել եթե դժբախտ պատահար է տեղի ունեցել, եւ վթարված մեքենաները փակել են ճանապարհը, որի դեպքում ոչ ոք չի կարողանում առաջ շարժվել: Շրջանցել եւ անցնել հակառակ ուղղությամբ, եթե նույնիսկ դա հնարավոր է, իրավունք չունես, քանի որ հոծ գիծ ես հատում: Իրավունք չունես նաեւ շրջանցել կուտակումները, որովհետեւ դարձյալ հատում ես հոծ գիծը: Ի՞նչ անել, եթե փողոցը նեղ է, մեքենաները երկու շարքով են, եւ դրանք շրջանցելու համար հարկադրված ես անցնել հոծ գիծը:
Եվս մեկ թերամշակում: Հիմա շատերն են խոսում բալային միավոր վաճառելու մասին: Բայց ինչպես վարվեն նրանք, ովքեր ունեն ընտանիքում մեկ մեքենա, որն օգտագործվում է ընտանիքի մի քանի անդամների կողմից՝ կախված նրանից, թե տվյալ պահին ով այդ մեքենայի կարիքն ամենաշատը ունի: Բոլոր տուգանային միավորները պետք է հաշվարկվեն մեքենայի պաշտոնական տիրոջ վրա (ում անունով այն փաստաթղթով ամրագրված է): Բայց դա անարդար է: Պետք է պատասխան տա նա, ով կատարել է այդ խախտումը եւ ոչ թե մեքենայի պաշտոնական տերը, որը մեքենա չէր վարում կամ ընդհանրապես մեքենայի մեջ չէր: Օրենքի այս եւ շատ այլ բացեր հարկավոր էր նախապես ծանրութեթեւ անել, շտկել, եւ այս օրենսդրությունը մշակող հանձնաժողովը պետք է քննարկմանը մասնակից դարձներ ավտոմեքենաների երթեւեկության աշխատանքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Անասունների սպանդանոցային մորթը՝ սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ եւ անասնաբույժի ներկայությամբ իրականացնելը ճիշտ կարգ է է: Բայց այդպիսի օրենք ընդունելուց առաջ անհրաժեշտ է ապահովել, որ երկրում գործեն ոչ թե 39, այլ առնվազն 139 սպանդանոցներ: Պետք է հաշվի առնել, որ անասունները սպանդանոցներ տեղափոխելու տրանսպորտային եւ մյուս բոլոր ծախսերը զգալիորեն նվազեցնում են գյուղացիների շահույթը: «Հիմա, երբ մսագործը գալիս է, անասունները մորթում, մենք նրան չենք վճարում, նա ինքն է մորթում, միսը կշռում, մեզ վճարում եւ միսը տանում: Մեզ ձեռնտու չէ 10 հազար դրամ տալ սպանդանոցին եւ եւս 12 հազար դրամ՝ անասնաբույժի տեղեկանքի համար: Գումարած տեղափոխման վարձը՝ տակը բան չի մնում»,- ասում են ցուցարարները:
Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որով Ոստիկանությանը թույլ է տրվում գաղտնալսել քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները: Նախկինում գաղտնալսելու իրավունք ուներ միայն ԱԱԾ-ն, իսկ Ոստիկանությունը կարող էր միայն հատուկ ծառայությունների թույլտվությամբ իրականացնել այդպիսի գործողություններ: Բացի դրանից, գաղտնալսելու իրավունք էր տրված քրեակատարողական հիմնարկներին, բայց վերապահումով. ՔԿՀ հիմնարկի տնօրինությունը կարող է լսել միմիայն բանտարկյալների հեռախոսային խոսակցությունները, այն էլ՝ հիմնարկի տարածքում:
Ի դեպ, հունվարի 20-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանին կոչ արեց դեմ քվեարկել «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի ներկայացրած գաղտնալսման նախագծին, քանի որ, ըստ նրա, կառավարությունն ունի առաջարկություն գաղտնալսման իրավունքը տրամադրել մասնավոր կազմակերպության: Փաստորեն՝ խորհրդարանը որոշեց չսպասել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ ընդունեց պատգամավորների նախագիծը: Ինչ վերաբերում է օրենքին՝ այն խստորեն սահմանափակում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Պետական հատուկ ծառայությունների կողմից օգտագործված բազմաթիվ միջոցների շարքում գաղտնալսումը շատ յուրահատուկ է:
Մի կողմից՝ դա հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտ միջոց է, մյուս կողմից՝ մարդու իրավունքների այնպիսի ակնհայտ սահմանափակում, ինչպիսին օրինակ, գույքի բռնագրավումը: Վատագույն դեպքում՝ գաղտնալսումը նշանակում է, որ պետական հատուկ ծառայությունները, որոնք հաշվետու չեն հասարակությանը, գաղտնի մուտքի հասանելիություն են ստանում մասնավոր խոսակցություններին` ցանկացած կեղծ ապացույց գտնելու կամ պարզապես այլախոհներին հայտնաբերելու եւ ահաբեկելու նպատակով: Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ապրել են խորհրդային ամբողջատիրական համակարգում, լավ են հիշում լիակատար անպաշտպանվածության զգացողությունը եւ անվտանգության ծառայությունների ամեն ինչ տեսնող աչքից ու ամեն ինչ լսող ականջից իրենց գործողություններն ու մարդկանց հետ փոխհարաբերությունները թաքցնելու անհրաժեշտությունը: Պարտավորվելով իրագործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Հայաստանը պարտավոր է փոխել իր օրենսդրությունն ու պրակտիկան այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն եվրոպական իրավունքի նորմերին, այդ թվում՝ հատուկ ծառայությունների գործողությունների մասով:
Այժմ երկրում ոչ սովորական ներքաղաքական իրավիճակ է տիրում: Ակներեւ է այս կամ այն հարցի վերաբերյալ կայացվող որոշումների անհամարժեքությունը կամ մակերեսային մշակումը: Օրինակները շատ են: Եթե նախկինում մեծամասնությունը լիովին պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի գաղափարներն ու նախաձեռնությունները, ապա այժմ ժողովրդի կողմից ավելի ու ավելի հաճախ են բողոքներ լսվում: Ֆինանսական ահռելի հնարավորությունների տիրապետող նախկին համակարգը ճոճում է հայկական պետականության նավը՝ հույսով, որ այն կշրջվի, եւ իրենք կվերադառնան իշխանության: Նրանք արդյունավետորեն օգտագործում են պետական կառավարման բոլոր վրիպումները՝ ակտիվորեն կիրառելով «ֆեյքային» ապատեղեկատվության մեթոդներ:
Իշխանության ցանկացած սխալ կամ սայթաքում չափազանցվում են եւ նույնիսկ նախորդ վարչակարգի աջակիցների կողմից տասնապատկվում ու իրենց հեռուստաալիքներով ներկայացվում երկրի բնակչությանը: Տեղեկատվության այս ծովում ոչ բոլորն են կարող ցորենն առանձնացնել որոմից: Հետեւաբար՝ անհրաժեշտ է անհապաղ ու անհետաձգելի միջոցներ ձեռնարկել այդ վտանգավոր զարգացումների դեմն առնելու համար:
Կարապետ Կալենչյան