Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Հունիսի 7-ից երկու շաբաթ անց ԱԺ ընտրությունները շարունակում են մնալ որպես հայ ազգի մխացող ցավ: Հիշեցնենք, որ հետընտրական իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագիր» կուսակցությունն ընտրություններում զոռբայությամբ, աննախադեպ ընտրախախտումներով պահպանեց իր տխրահռչակ իշխանությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված էր ժողովրդի մեծամասնության եւ ընդդիմության պահանջով քվեարկության վերահաշվարկ իրականացնել մի շարք ընտրատեղամասերում եւ հունիսի 14-ին հրապարակեց, իբր թե, ընտրությունների ճշգրտված վերջնարդյունքը:
Սակայն նոր տվյալները միայն նոր ցասման ու դժգոհությունների ալիք առաջացրին, երբ չարենցյան «ամբոխները» հեղեղեցին ԿԸՀ-ի չորսբոլորը, որտեղ ոստիկանական մեծ ուժեր էին կենտրոնացվել: Հազարավոր քաղաքացիներ գիշերով հավաքվել էին՝ տեր կանգնելու իշխանությունների կողմից հափշտակված իրենց ձայներին, օժանդակելու ընդդիմության պայքարին՝ ընդդեմ իշխանական կամայականությունների, ընտրական ամենաթողության ու խոշորածավալ ընտրակեղծիքների, ինչի առկայության հավաստիքը նույնիսկ ապաշնորհ կատարված շատ վերահաշվարկներում կարելի է գտնել: Բայց գանք աղմկահարույց վերահաշվարկների պաշտոնական համարվող արդյունքներին:
Ուրեմն, ըստ այդմ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «ստացել» է ընտրողների ձայների 49,7%-ը, ընդդիմադիր առաջատարներից «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23,2%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,9%-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 3,98%-ը: Ակնհայտ է, որ ընտրություններում հաղթող չունենք՝ թեկնածուներից ոչ ոք 50+1 չի ստացել, անգամ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի նման հավատարիմ ընկեր ու թիմակից ունեցող Փաշինյանը, ով, ի խախտումն ԸՕ պահանջի եւ թքած ունենալով հանրային կարծիքի վրա, ընտրարշավը մեկնարկել էր օրենքով նախատեսվածից 1-1,5 ամիս առաջ՝ օգտագործելով հսկայաքանակ վարչական պաշարամիջոցներ:
Անզեն աչքով էլ պարզ երեւում է, որ հրապարակված թվերն անգթորեն կեղծված են. «Քաղպայմանագրինը»՝ դեպի խոշորացում, ընդիմադիր եռյակինը՝ դեպի նվազեցում: Բուն քվեարկությունից առաջ կատարված տասնյակից ավելի արժանահավատ հարցումներում ՔՊ-ն եւ «Ուժեղ Հայաստանն» ունեցել են գրեթե հավասարաչափ թվեր՝ մոտավորապես 28-36 %-ի սահմաններում (պլյուս-մինուս 2-4%), «Հայաստան» դաշինքը՝ 12-18%-ի, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5-9%-ի միջակայքում: Նրանք, ովքեր ուշի-ուշով հետեւել են փոքրիշատե վստահություն ներշնչող սոցհարցումների արդյունքներին, կհաստատեն բերված թվերի մոտավոր իսկությունը:
Առկա իրավիճակի հենքին տեղին է շրջանառվող խոսույթն առ այն, որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթել, ուստիեւ տրամաբանական կլիներ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ կամ, ծայրահեղ դեպքում, անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ ամենաշատ միավորը ստացած 2 հավակնորդների միջեւ, ինչպես առաջարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը: Փաշինյանը, սակայն, խույս է տալիս արդար մրցակցությունից, հասկանում է, որ «մենամարտում» տանուլ կտա՝ քանի որ այդտեղ կեղծելու հնարավորությունը գրեթե զրոյական է: Եթե իմանա՝ կհաղթի, հաստատ կգնա 2-րդ փուլի, քանզի ժողովրդի մեծամասնության՝ 51%-ի կողմից մերժված է:
Լավ իմանալով, որ օրինակարգության խնդիր ունի, Փաշինյանը, չգիտես ինչու, ՔՊ-ին եւ անձամբ իրեն պատուհասած ձախողումների պատճառը, իր իսկ խոսքով, «Պատերազմի եռագլուխ կուսակցության» մեջ է տեսնում: Հունիսի 17-ին նա նորից դուրս էր եկել հունից. «Քանի դեռ ես վարչապետ եմ, ջախջախելու եմ դրանց հասցեական. այն քաղաքացիներին, որոնք այս գծի հետ համաձայն չեն՝ կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում եւ փոխել Կառավարությունը: Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում: Անհատապես ջախջախելու եմ… բոլոր հնարավոր միջոցներով»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մոլեգնել է Փաշինյանը՝ ըստ էության, հեղափոխության կոչ անելով հանրությանը:
Օրինակարգության խնդիր ունենալով հանդերձ՝ Փաշինյանն իրեն որպես հաղթած ուժ է երեւակայում, չնայած այս հաղթանակը խիստ թեական է: Դա այն հաղթանակը չէ, որին մենք սովոր ենք տեսնել պաստառների վրա ժպտացող առաջնորդի պատկերով ու խոշոր տառերով գրված հաղթանակի ազդարարմամբ: Փոխարենը տեսնում ենք ՔՊ-ականներ՝ խոժոռ ու մթամած, որոնց սրտից ասես արյուն է կաթում, ներքին տագնապները հազիվ զսպող աջակիցներ, ֆեյքերի ֆաբրիկաների համակարգողներ: Իշխող քաղաքական ուժի ճամբարում նողկանք հարուցող ամենահայտնի դեմքերին, ըստ երեւույթին, հրահանգված է միառժամանակ ուրախ-աշխույժ ձեւանալ, մինչեւ ամեն ինչ աստիճանաբար կհարթվի:
Ինքը՝ Փաշինյանը, այս օրերին «գող՝ սիրտը դող» վիճակում է, ուստի շարունակում է «ջախջախելու-սատկացնելու» թեմայով իր հոխորտանքներն՝ ուղղված ընդդիմադիր առաջնորդներին: Հետընտրական թոհուբոհի մեջ նա արդեն հասցրել է դատական երկու հայց ներկայացնել ընդդեմ Սամվել Կարապետյանի, որը, ըստ նրա, հայտարարել է, թե Նիկոլը Կանադայում առանձնատուն ունի, ինչը «զրպարտություն է, այլապես թող ապացուցի»: Երկրորդ հայցի մասին, սակայն, լռում է: Ենթադրվում է, որ այն առնչվում է Կարապետյանի այն պնդմանը, թե Փաշինյանը 300.000 ադրբեջանցի փախստական է բերում Հայաստան: Այդ հարցով Կարապետյանին դատի տալու մասին Փաշինյանը դեռ շաբաթներ առաջ էր ակնարկել:
Հիմա երկրորդ հայցի մասին եթե նախընտրում է չբարձրաձայնել՝ դա մի բան անշուշտ նշանակում է. ՀՀ-ում 300.000 ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման ծրագիրը, որի մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է, այդ թվում՝ միջազգային տարբեր հարթակներից, դատարկ կրակոց չէ: Դրա վառ ապացույցը հունիսի 18-20-ը Նախիջեւանի սահմանամերձ Օրդուբադ քաղաքում անցկացվող «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» խորագրով եռօրյա փառատոն-համաժողովն է, որտեղ ներկայացվում են ադրբեջանական պետական մակարդակով առաջ մղվող տարածքային ու մշակութային հավակնություններ: Փաշինյանը փոխանակ հակադարձելու Ալիեւի թշնամական գրոհներին, ընդդիմադիր առաջնորդներին է պահում թիրախի ներքո:
Փաշինյանի տեղեկատվական հարձակումներից անմասն չեն մնացել նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը: Հատկապես՝ վերջինս: Ընտրությունների հետ կապված ամենամեծ խարդավանքը Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին՝ ԲՀԿ-ին, նոր կազմավորվող խորհրդարանից ապօրինաբար դուրս թողնելն է: Հակիրճ պարզաբանենք, թե ինչպես դա տեղի ունեցավ: Քվեարկությունից մեկ շաբաթ անց ԿԸՀ-ն ամփոփել էր հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» 29 մանդատով եւ «Հայաստան» դաշինքը 12 մանդատով:
Ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո պարզվել էր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4-տոկոսի անցողիկ շեմը: Սակայն այս շաբաթ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղի ունեցած վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ձայները, ճիշտ է, 147-ով ավելացան, բայց դրան զուգահեռ 222-ով պակասեցին՝ 3 ընտրատեղամասերի՝ 35/ 65 -ի, 10/51 -ի եւ 12/13 -ի արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո: Սա ապօրինություն է. ըստ օրենքի, պետք է կրկնակի վերաքվեարկություն անցկացվեր: Վարչական դատարանն էլ ուշ գիշեր մերժել էր ԿԸՀ-ի դեմ ԲՀԿ-ի ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանն արձանագրել է խախտում եւ վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն, ինչն անտեսվել է:
ԿԸՀ-ն պարզաբանել է հարցը, թե ինչու է որոշել վերաքվեարկություն չնշանակել երեք ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել՝ ազդելով թեկնածուի քվեարկության արդյունքների վրա եւս: Որոշումը նաեւ քաղաքական ու իրավական վեճերի առիթ էր դարձել. ընդդիմադիր ուժերն այն համարում են ապօրինի, ԿԸՀ-ն պնդում է, որ վերաքվեարկությունն այս դեպքում կարող էր ավելի մեծ ազդեցություն ունենալ ընտրողների ազատ կամարտահայտության վրա, քան արձանագրված խախտում: Սրանից նիկոլական ձեռնածությունների հոտ է գալիս: Անվավեր ճանաչված ընտրական տեղամասերում ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ուներ:
«Բարգավաճ Հայաստանին» ընդամենը մի քանի տասնյակ ձայն չբավականացրեց 9-րդ գումարման ԱԺ-ում 5 պատգամավորական մանդատով ներկայություն ունենալու համար: Այդ ձայները նրանից խարդախորեն գողացան: Դրանք շատ փոքր քվեներ էին, բայց մեծ նշանակություն ունեին ոչ միայն բուն ԲՀԿ-ի, այլեւ ապագա խորհրդարանի ամբողջ թվաբանության համար: Եթե ԲՀԿ-ն չի անցնում, կուսակցության ձայները վերաբաշխվում են ԱԺ անցած ուժերի միջեւ: Այդ դեպքում ՔՊ-ն ոչ թե պարզ մեծամասնություն է ստանում, այլ խորհրդարանի 3/5-րդին շատ մոտ մեծամասնություն: Հասկանալի է, որ ուժերի նման դասավորվածությունը Փաշինյանին ավելի մեծ հնարավորություններ է տալիս կադրային քվեարկությունների ժամանակ՝ ներառյալ պետական առանցքային ինստիտուտների նշանակումները:
Բայց, միեւնույն է, դա 2/3-րդ սահմանադրական մեծամասնություն չէ, որն անհրաժեշտ է ինքնորեն Հիմնական օրենք փոխելու կամ առանց հավելյալ քաղաքական գործիքակազմի սահմանադրական առավել զգայուն որոշումներ կայացնելու համար: Այստեղից էլ բխում է առաջին կարեւոր հետեւությունը. Փաշինյանը պահպանեց իշխանությունը, բայց «քարտ-բլանշ» չստացավ: Նա կարող է կառավարություն կազմավորել եւ շարունակել իր ուղեգիծը: Բայց երբ խոսքը Սահմանադրության, Ադրբեջանի պահանջների, հանրաքվեի եւ խաղաղության վերջնական ձեւակերպման մասին է, նա, միեւնույն է, ստիպված է լինելու գործ ունենալ ե՛ւ հասարակության, ե՛ւ փողոցի, ե՛ւ ընդդիմության հետ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Ստրասբուրգի դատարանը հունիսի 18-ին հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը: Այն վերաբերվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից մայոր Հայկ Թորոյանի խոշտանգմանն ու սպանությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինվորական կյանքի իրավունքը, պարտավորեցրել Բաքվին հատուցում վճարել հարազատներին, պատասխանատվության կանչել խոշտանգման հրահանգ տվողին ու կատարողին։ Այս գործով փաստաբանական թիմի անդամ Սիրանուշ Սահակյանի տեղեկացմամբ՝ ապրիլյան պատերազմի գործերով ավելի քան 20 վճիռներ են սպասվում առաջիկայում՝ ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ:
«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը» կլինեն միավորվող ընդդիմության օրակարգային գլխավոր հարցերը. այս մասին «Ազատությանը» փոխանցել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ընդդիմադիր ուժերի համախմբման» գործընթացի մասին նախօրեին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է երկիրը, կարձագանքեն, եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 17-ին թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝գործը պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով է: Դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ինչ հոդվածով են ցանկանում մեղադրանք առաջադրել Աժ անցած ընդդիմադիր դաշինքի առաջնորդին: Նիստից առաջ գործից որոշ մանրամասներ ներկայացրեց փաստաբանը՝ նշելով, որ այն վերաբերում է 2004թ.-ին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանը ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որեւէ կրիմինալ չկա»,- վստահեցրեց փաստաբանը:
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թեւերը» եւս կդիմի ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Այս ուրբաթ նույն պահանջով ՍԴ կդիմեն նաեւ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բարձրագույն դատարանը դիմումներն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի: Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», եւ երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

