Friday, 25 April 2025

A Analysis

Հայաստանին իրավազուրկի կարգավիճակ է սպառնում

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անկեղծորեն չէի ցանկանա, բայց պիտի հիասթափեցնեմ բոլոր այն մոլորյալներին, որոնց թվում է, թե Երեւանի ու Բաքվի միջեւ, այսպես կոչված, «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի»՝ ստորագրման պատրաստ նախագիծը փրկօղակ է ամբարիշտ հարեւանի հետ խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հասնելու հարցում: Իրականում դա Ադրբեջանի կողմից առաջադրված եւ ՀՀ ՔՊ-ական իշխանության կողմից կուրորեն ընդունված 17 կետանոց նվաստացուցիչ պահանջագիր է՝ ուղղված մեր անկախ պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու հայ ժողովրդի ազգային արժանապատվության դեմ:

Պատկերը կամբողջանա, եթե փաստաթղթում ամփոփված միակողմանի պահանջներին հավելենք Ալիեւի զինանոցում առկա եւս մեկ տասնյակի չափ այն նախապայմանները, որոնց կատարման դեպքում միայն նա խոստանում է ստորագրել կարճ «Խաղաղության պայմանագիր» անվանվող, բայց բովանդակությամբ անձնատրության (կապիտուլացման) վկայագիր հանդիսացող այդ «թուղթը»: Իշխանությունները խուսափում են ստորագրման ենթակա նախագծի ամբողջական տեքստը հրապարակելուց, սակայն ամիսներ չարչրկված եւ, ի վերջո, դարձյալ ադրբեջանական ճաշակով ընդունված երկու խնդրահարույց կետերը, որոնց հանրությունը փոքրիշատե ծանոթ է, որոշակի պատկերացում տալիս են մյուս 15 «անհայտների» մասին:

Արդեն հայտնի կետերից մեկը, օրինակ, կողմերի՝ միջազգային ատյաններ ներկայացրած դատական հայցերը փոխադարձության սկզբունքով ետ կանչելու մասին է, իսկ մյուսը՝ Ադրբեջանի հետ սահմանից երրորդ երկրի ուժերին, այն է՝ եվրոպացի դիտորդներին դուրս բերելու մասին: Անշուշտ, վերջիններիս «ուժեր» ասելը բոլորովին տեղին չէ, որովհետեւ հեռադիտակներով «զինված» այս մարդիկ հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում ընդամենը դիտորդական առաքելություն են իրականացնում՝ գրանցելով սահմանում տիրող իրադրությունը, միջադեպերը կամ դրանց բացակայությունը, ինչը, կարծես թե, Ալիեւի սրտով չէ: Ապշերոնի սուլթանն այլ ծրագրեր ու մտահղացումներ ունի, եւ նրան վկաներ պետք չեն:

Ի դեպ՝ սահմանին աշխատող դիտորդական խումբը վերջերս ադրբեջանական կողմին դիմել էր պարբերաբար ապատեղեկատվություններ տարածելու անթույլատրելիության առնչությամբ, թե իբր, հայ սահմանապահներն այսինչ օրն, այսինչ ժամին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի կամ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ եւ, իբր թե, կան տուժածներ: Այնինչ ստուգումները միշտ սխալ են դուրս գալիս: Ի՞նչ ասել կուզի՝ կամ Իլհամի վախերը պիտի չափել, կամ սանձերը հավաքել, քանի որ դրանով պատրվակ է փնտրում «հակագրոհ» ձեռնարկելու համար: Թիրախը, ինչպես խոստացել է, կարծես թե, Սյունիքն է: «Եթե Զանգեզուրի միջանցքը չստանամ, դա կանեմ ուժով»,- շաբաթներ առաջ հոխորտացել էր նա ու հիմա հող է նախապատրաստում:

Ահա թե ինչու է Բաքվի բռնապետը պահանջում եվրադիտորդների դուրսբերումը հայ-ադրբեջանական սահմանի՝ իրեն չպատկանող հայկական հատվածից եւ պարտադրում Փաշինյանին, որպեսզի դա տեղ գտնի խնդրո առարկա համաձայնագրի տեքստում, որի բոլոր 17 կետերը, համոզված եմ, նման պարտադրանքով են «լույս աշխարհ» եկել: Ի դեպ՝ «Հայացքի» այսօրվա թողարկման խմբագրականում ալիեւյան «թղթում» արտացոլված 17 կետերը համեմատվում են 17 յաթաղանակիր ենիչերիների հետ, որոնք սոսկ մահ ու ավեր կարող են սփռել հայոց աշխարհում: Եվ ամենաահավորը՝ միշտ կգտնվեն դավաճան հայեր, որ կկանգնեն աշխարհավերիչ թուրքի կողքին:

Չլինի՞ նախախնամության մատը խառն է հայակործան այս խարդավանքների առուծախում: Հասկացողները երանի են տալիս, որպեսզի «Խաղաղության պայմանագիր» կոչվող այս արհավիրքը չստորագրվի՝ ընդհանրապես: Նման «խաղաղությունը» մեզ կտանի ինքնաոչնչացման: Քաղաքագետ Մանվել Սարգսյանի մեկնությամբ՝ տվյալ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը իրավազուրկի կարգավիճակ է ստանալու, անկարող՝ որեւէ հարցի շուրջ ծպտուն հանել. «Եթե իրենք ասեն, որ բոլոր արցախցիներն անխտիր պետք է բանտ նստեն, դու հակաճառել չես կարող, քեզ ագրեսորի կամ ռեւանշիստի պիտակ կկպցնեն»,- «Մեդիալաբին» տված հարցազրույցում օրերս ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի բերանից թռցրածը Հայաստանը պարտավորված է լինելու անվերապահորեն կատարել՝ արդեն «դե յուրե». «Ադրբեջանի պայմանները ենթադրում են ուրիշ Սահմանադրություն, ուրիշ Սահմանադրությունը՝ ուրիշ պետություն, ուրիշ պետությունն էլ կարող է լինել ոչ հայկական… այս մասին իրենք վաղուց խոսում են ամենաբարձր մակարդակով»,- նման տխուր շեշտադրությամբ է զրույցը եզրափակում Սարգսյանը: Հավանաբար՝ քաղաքագետը նկատի ունի ամիսներ առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե «խաղաղության պայմանագիրը բանակցությունների հետագա շրջանակն է հստակեցնում՝ մասնավորապես այն պայմանները, որոնց հիման վրա պետք է բանակցենք Հայաստանի հետ»:

Ահա եւ հրապարակի վրա են Ջեյհուն Բայրամովի մատնանշած պայմանները՝ 17 կետերի տեսքով, որոնց բոլորիս անունից հլու-հնազանդ համաձայնություն են տվել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական ողջ «բոմոնդը» առանց բացառության: Ամենաթարմ որոշ տվյալների համաձայն՝ Ադրբեջանը հետզհետե բարձրացնում է իր պահանջների դրույքաչափերը: Արդեն խոսում են ՀՀ-ում ոչ թե 350 հազար ազերիների, այլ նույնքան ազերի ընտանիքների վերաբնակեցման մասին, որը կազմում է 1 մլն 200 հազար բնակիչ: Խոսում են 150 մլրդ դոլարի կարգի փոխհատուցման մասին՝ 30 տարի, իբր, ադրբեջանական տարածքների, բնական պաշարամիջոցների շահագործման դիմաց:

Մինչ Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի պահանջով չեղարկելու միջազգային դատական ատյաններ վերջինիս դեմ ներկայացրած հայցերը, Ադրբեջանն՝ ինքը նոր, ավելի ահռելի, Հայաստանն ուղղակի արնաքամ անող գանգատներ է մտմտում ներկայացնել: Գործող իշխանությունների հոգը չէ. նրանք շարունակելու են անմռունչ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ դա իրենց աթոռները պահպանելու միակ միջոցն է: Պատահական չէ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով երկար ժամանակ հավաստիացնում էր, թե չկա ու չի լինելու «միջանցքային տրամաբանություն», թե «Զանգեզուրի միջանցքը» մեր կարմիր գծերն են եւ այլն, օրերս հստակ հայտարարեց. «Կտանք Ադրբեջանին ճանապարհ»:

Պարզապես անունը դրեց «ճանապարհ», բայց էությունը մնաց Իլհամ Ալիեւի կողմից հեղինակված, միջազգային շրջանառության մեջ դրված եւ համառորեն հետապնդված «Զանգեզուրի միջանցք»:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.